Փարիզում մեկնարկած 33-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականից առաջինը պայքարի մեջ մտավ լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանը:
Հանդես գալով 100 մետր բատերֆլյայ ոճում՝ մեր մարզուհին իր լողահերթում եզրագիծը հատեց երրորդը՝ 1.01,24 արդյունքով: Սակայն ընդհանուր պայքարում նա զբաղեցրեց 26-րդ տեղը եւ չընդգրկվեց կիսաեզրափակիչ մտած 16 լավագույնների մեջ:
Մրցելույթից հետո Վարսենիկը օլիմպիական խաղերում հավատարմագրված Հայաստանի լրագրողներին ասել է, որ սա իր երկրորդ օլիմպիական խաղերն է եւ ի տարբերություն Տոկիոյի, որտեղ պայքարն ընթանում էր առանց հանդիսականների, լսելով հայ մարզասերների երկրպագության ձայները՝ շատ է ոգեւորվել: Նաեւ ասել է, որ ցույց է տվել այն ամենը, ինչը մարզումների ժամանակ անդադար փորձել է եւ կարողացել է իր լավագույն արդյունքը 20 միլիվայրկյանով բարելավել, ինչը մեծ առաջընթաց է համարում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ