«Մեզ համար առանցքային արժեք է հաշտության օրակարգը, որովհետև ատելությունն ամենուր է»,-Վայքում հայտարարեց Բագրատ սրբազանը՝ Վայոց ձորի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
Սրբազանը նշեց՝ կհաշտվենք միայն այն ժամանակ, երբ իրենք կգտնվեն համապատասխան վայրերում ու հավաստիացրեց․ «Առանց արդարության և արդարադատության հաշտություն լինել չի կարող»։
Բագրատ սրբազանն ասաց՝ այն, ինչ ատելության գործիքներով մտցնում են մեր կյանք, դա սատանային չարիքի, ստով նաև պայմանավորված գործիքն է, որը դարձել է պետական քաղաքականություն․ «Մենք պետք է դավանենք այդ գաղափարներին, քանի որ փոփոխությունից հետո էլ մենք մեծ խնդիրներ ենք ունենալու։ Ամենակարևորը համաժողովրդային հաշտության գաղափարն է։ Երկիրը պետք է բերվի ներքին խաղաղության մեծ աստիճանի։ Մեծ մաքրագործման գործընթաց պետք է տեղի ունենա, որը մենք հոգևոր լեզվով կոչում ենք զղջում, մինչև այդ փուլը չանցնենք, երկիր վերականգնելը դժվար է լինելու։ Մեր շարժումը ոչ միայն իշխանափոխության, այլև արժեքների փոփոխության, քաղաքակրթական փոփոխության մասին է»։
Բագրատ սրբազանն ահազանգեց՝ իրենց ակտիվիստներից 10 հոգուց լսել է, որ ամենածանր ճնշումների տակ են պահել․ «Մարդկանց վախեցրել են։ Իրավապահ համակարգ կոչվածը վերից վար կոչված է քաղաքացիների իրավունքները պաշտպանելու, բայց հակառակն են անում»։ Դիմելով նրանց՝ Բագրատ սրբազանն ասաց․ «Մտածեք՝ որտեղ եք գտնվում, ինչ վիճակում եք գտնվում, ձեր հացը ոնց եք վաստակում։ 40 հոգով մարդ են ծեծում, մեր երիտասարդներից մեկին ազդանշանի համար էին կոշիկներով գլխին հարվածել։
Կարդացեք նաև
Սրբազանն ասաց՝ իր դիրքորոշումն այն է, որ այս ամենը փողի համար են անում․ «Պարգևավճարները երկար ժամանակ փող չէին ստանում, հունիսի 11-ի գիշերը ստացել են՝ պատրաստվելով հունիսի 12-ին։ Այդ ընթացքում գիտենք, որ դժգոհություններ կային, որ պարգևավճարները չէին ստանում, հունիսի 11-ի գիշերը գումարները տվել էին։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ, որ հանկարծ որևէ մեկը տեղից չշարժվի, չմտածի ինչ-որ բանի մասին։ Արյունը գնել են, իրենք էլ սիրով համաձայնել են։ Դա իմ դիրքորոշումն է։ Նեղանում են, թե՝ ոչ։ Իրար ինչ ուզում եք ասել, դուք այդ համակարգի մեջ եք, այն համակարգի, որն առաջինը ձեզ է ստորացրել»։
Բագրատ սրբազանն ասաց՝ օգոստոսի 15-ից սեպտեմբերի 15-ը ակտիվ, հայրենիք ունեցող մարդկանց զինվորական վարժանքների են հրավիրել․ «Տեսեք՝ ինչ ժամկետ են ընտրել։ Ձեզ ինչ-որ բան չի՞ հուշել։ Սրանց մտքի մեջ սահմանում գտնվելը պատիժ է, դրա համար էլ հանձնում են, որ իրենց ընտանիքներն այդ պատժի տակ չընկնեն։ Մեր մտքում սահմանը պահելը պատիվ է, սրանք մի տառը փոխել են, դարձրել պատիժ, որ մարդիկ այլևս հակակրանքով վերաբերվեն։ Բոլոր նրանք, որոնք ակտիվ պայքարում են հանուն ճշմարտության, նպատակն է չեզոքացնելը։ Ձևը գտել են, զինվորական վարժանքների են տանում»։
Ամփոփելով Բագրատ սրբազանն ասաց․ «Սրանց հեռացումը մեր ու մեր պետականության գոյության համար անհրաժեշտություն է։ Մեր շարժումն ամրանալու նպատակ ունի»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Սրբազան պայքար էջի
Չծառայածները ծառայածներին հրամայողներ են դարձել
և նրանց վարժանքների են ուղարկում։ Իրենք ծառայությունից շան պես վախեցել են և կարծում են, որ ակտիվիստներին վարժանքների ուղարկելով նրանց վախեցնում են։ Ինչպես Ջիվանին կասեր – խելքներին աշեցեք։