Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ինքներս պետք է լինենք այն փոփոխությունների հեղինակը, որ ուզում ենք մեր միջավայրում տեսնել. Անահիտ Մանասյան

Հուլիս 27,2024 11:50

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 26-ին «Կանանց մասնակցության խթանումը քաղաքական և քաղաքացիական կյանքում» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը հանդես է եկել հիմնական ելույթով:

Միջոցառման նպատակն էր բարելավել երիտասարդ կանանց և աղջիկների ակտիվ ներգրավվածությունը ժողովրդավարական գործընթացներում։ Մասնակցել է Շիրակի մարզից 25 կին:

Իր ելույթում Անահիտ Մանասյանն անդրադարձել է առաջնորդության գաղափարին, կին առաջնորդների համար առկա մարտահրավերներին, կանանց իրավունքների պաշտպանության և խթանման բնագավառում առկա խնդիրներին։

«Առաջնորդության գաղափարը տիտղոսներ ունենալու ու հերոսի կերպար ձևավորելու մեջ չէ, այն կենսակերպ է, որի առանցքը մարդկանց կյանքում որևէ դրական փոփոխություն կատարելն է: Այսօր կանանց առաջնորդությունը շատ ավելի մարտահրավերային է, քան՝ տղամարդկանցը։ Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի։ Միևնույն ժամանակ, եթե ընտրել եք ինչ-որ ճանապարհ թե՛ ձեր, թե՛ մարդկանց կյանքում փոփոխություններ կատարելու համար՝ երբեք չընկճվեք այս բոլոր մարտահրավերներից: Մենք ինքներս պետք է լինենք այն փոփոխությունների հեղինակը, որ ուզում ենք մեր միջավայրում տեսնել, իսկ մեր կյանքի որակը պետք է որոշենք` մեր իսկ կատարած ընտրությունների և ընդունած որոշումների արդյունքում: Ավելին, կենսափորձիս հետևանքով համոզվել եմ, որ անախորժությունների դեմ պայքարելու փոխարեն դրանք պարզապես պետք է ընդունել որպես հնարավորություն, և «փոքր» գործերի միջոցով փորձել մարդկանց կյանքում իրական փոփոխություններ մտցնել: Ամենակարևոր գաղափարներից մեկը, որ սովորել եմ կյանքում, այն է, որ պետք չէ կառչել արդյունքներից, այլ անհրաժեշտ է վայելել կյանքի յուրաքանչյուր ակնթարթը: Վստահ եմ նաև, որ յուրաքանչյուրն իր համար պետք է գտնի կյանքի այնպիսի բանաձև, որն իրեն իրապես ներդաշնակ կդարձնի», – ասել է Անահիտ Մանասյանը:

Այս համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծել է, որ կանանց ներգրավվածությունը կարևոր է կառավարման ոչ միայն միջին, այլ նաև որոշումների կայացման մակարդակում:

Քննարկումը կազմակերպել է «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպությունը՝ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) աջակցությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031