Վերջին օրերին Ստեփանակերտի, Մարտակերտի, Ասկերանի համայնքապետերի խափանման միջոցը մեկը մյուսի հետեւից փոխվեց, տնային կալանքը փոխարինեցին վարչական հսկողությամբ։ Հիշեցնենք, որ համայնքապետերն անազատության մեջ հայտնվեցին վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից եւ շարժմանն աջակցելուց հետո:
Զրուցել ենք Ստեփանակերտի համայնքապետ Դավիթ Սարգսյանի հետ, ում նկատմամբ վարչական հսկողություն է սահմանվել, որով, ի թիվս այլ սահմանափակումների, արգելվում է երեկոյան 7-ից հետո դուրս գալը, մարդկանց հետ, այդ թվում` իր նախկին աշխատակազմի հետ շփվելը, զվարճանքի ու սպասարկման օբյեկտներ այցելելը, նաեւ զանգով որեւէ մեկի հետ շփվելը։
– Ինչպե՞ս կգնահատեք Ձեր նկատմամբ հարուցված քրեական վարույթը։
– Ի՞նչ գնահատեմ, բոլորդ էլ ինձնից լավ գիտեք՝ ինչը ոնց եղավ։ Ես դատարանում էլ քանի անգամ ասել եմ՝ կներեք, ո՞ր երկրին եմ ես վնաս պատճառել․ Հայաստանի Հանրապետությա՞նը, Արցախի Հանրապետությա՞նը։ Ես պատասխան չեմ ստացել: Ասել եմ․ ես՝ ինքս, ինձ եմ վնաս տվել, դա իմ կառույցի մեքենաներն են, ովքեր պատերազմի օրերին դուրս են եկել, էդ մեքենան տվել եմ իրենց։
Կարդացեք նաև
– Ձեր եւ մյուս համայնքապետերի խափանման միջոցը փոխվեց, երբ ներքաղաքական կրքերը մեղմվեցին, սրբազանի շարժումն ավելի պասիվացավ։
– Դե, դրա համար եմ ասում՝ ինձնից լավ գիտեք։ Բայց սա անելու բան չի, որ չեն թողնում անձնակազմիս հետ, երկու հազարից ավելի անձնակազմ կա, ո՞նց է լինելու։
– Նկատի ունեք, որ իրենց միջոցո՞վ եք ստեփանակերտցիների հետ կապ պահում, փորձում լուծել խնդիրները։
– Հա, հիմա ասում են` թող իրենք լուծեն․ ո՞նց լուծեն, չգիտենք, էնքան խնդիր ունեն՝ աշխատանքի հետ կապված, թղթաբանության։ 50 հազար դրամներն ուշ են նստում, մարդիկ չեն կարողանում տան վարձերը տալ, զանգում են ինձ, ես էլ ծանոթներին եմ խնդրում, որ ձեռք մեկնեն, մինչեւ գումարը փոխանցեն, կամ տանտերերին ենք խնդրում` սպասեն, որ վարձերը մի քանի օր ուշ տան։ Մեր ժողովուրդն է, հո մենակ չե՞նք թողնելու։
– Արցախցիները Հայաստան տեղափոխվելուց հետո ի՞նչ խնդիրներ ունեն, որո՞նք են դրանցից, ըստ Ձեզ, հրատապ։
– Ամեն ինչը խնդիր ա, սկսած աշխատանքի տեղավորվելը, քաղաքացիության հարցը, բնակարանների խնդիրը։
– Բնակարանային ծրագրից ստեփանակերտցիներից քանի՞սն են օգտվել, ու հաջողվե՞լ է բնակարան, տուն գնել` պետության հատկացրած միջոցներով։
– Տեղյակ չեմ, ես երկու ամիս է՝ անազատության մեջ եմ, կապ չեմ ունեցել բնակիչների հետ, կարող ա մարդիկ դիմած լինեն, բայց համոզված եմ՝ դրանք էն մարդիկ են, ովքեր Ստեփանակերտում ոչ մի բան չեն ունեցել, սեփականություն չեն ունեցել, կորցնելու բան չունեն ու դրա համար էլ կարող են հրաժարվել իրենց քաղաքացիությունից ու ՀՀ քաղաքացիություն ստանալ, դիմել բնակարանի սերտիֆիկատի համար: Ամեն շնչին 3 մլն դրամ է հասնում, սահմանամերձ գոտիներում էլ՝ 5 մլն։
– Իսկ մյուսներն ինչո՞ւ չեն ուզում ՀՀ քաղաքացիություն ստանալ, աշխատանքի տեղավորվել, բնակարանային ծրագրից օգտվել։
– Մեկը` ես, ինձ դատարանում հարցրին՝ որտեղի՞ քաղաքացի ես, ասեցի՝ Արցախի, ասել են` բա պասպորտումդ ի՞նչ ա գրված, ասել եմ՝ Հայաստանի Հանրապետություն, հարցրել են՝ բա ո՞նց ես Արցախի քաղաքացի, ասել եմ՝ ես էդ հարցին կարում չեմ պատասխանել։ Իսկ չեն ուզում, որովհետեւ Արցախի քաղաքացի են, եթե լոխ հրաժարվեն մեր քաղաքացիությունից, Հայաստանի քաղաքացի դառնան, հենա Արցախի հարցը կփակվի-կգնա, եթե չկա քաղաքացի, է՜, Արցախն էլ չի լինի։ Ես ու շատերը պատրաստ ենք զրկանքների դիմանալ՝ հույս ունենալով, որ մի օր Արցախ կվերադառնանք։ Պետությունն առանց էդ հարցի պիտի մարդկանց աշխատանքով ապահովի, դա ամենակարեւորն է, մենք ահագին մասնագետներ ունենք՝ մանկապարտեզի, դպրոցների աշխատակիցներ, այլ մասնագետներ, իրենց պիտի ապահովեն, որ կարողանան իրենց ընտանիքները պահեն, չարտագաղթեն, չգնան ուրիշ երկրներ։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում