Արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հրապարակ»-ին ասում է՝ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը, թուրք-ադրբեջանական վերահսկողության ներքո, թուրքական հարյուրամյա երազանքի եւ պանթուրքական հեռահար ծրագրերի իրականացման համար որոշիչ հանգամանք է, պետք չէ զարմանալ, որ Թուրքիան ամեն քայլի կգնա եւ գնում է՝ դրան հասնելու համար:
«Ադրբեջանի միջոցով այն դարձել է չարաբաստիկ խաղաղության պայմանագրի հանգրվանային քայլերից մեկը: Դրան են կապակցվում նաեւ հնարածին «ադրբեջանցի փախստականների» վերադարձի եւ նրանց անվտանգության ապահովման հարցերը: Դրանք թուրք-ադրբեջանական տանդեմն առաջ է բերել եւ բանակցային գործընթացի շրջանակներում քննարկման առարկա դարձրել մի հստակ նպատակով՝ ամենակարճ ժամկետներում Հայաստանի տարածքը վերածել թուրք-ադրբեջանական էթնոսի գերակայությամբ տարածքի՝ դրանով իսկ վերջ դնելով Հայաստանի՝ որպես հայի հայրենիքի հարցին: Այդպես են տեսնում նրանք «հայկական հարցի» փակումը: Դա վերջակետ կդնի ոչ միայն Արցախ հայերի վերադարձի խնդրին, այլեւ Արեւմտյան Հայաստանի ու Հայոց ցեղասպանության հարցի արծարծմանը՝ ընդհանրապես: Հիշենք Էրդողանի խոսքերը 44-օրյա պատերազմի ավարտի կապակցությամբ կայացած շքերթի ժամանակ՝ օսմանյան մարդասպաններին փառաբանելիս։ Այլ խնդիր է, թե ինչու է Արեւմուտքը, ի դեմս ԱՄՆ-ի, շտապում եւ փորձում ի վերջո այդ միջանցքը բացել: Բազմիցս նշել եմ, որ արեւմտյան հեռահար ծրագրերի համար կրիտիկական է Հարավային Կովկասը Միջին Ասիային կապող լոգիստիկ օղակների ստեղծումը, ինչի մասին արդեն բացեիբաց խոսում են ամերիկյան քաղաքական շրջանակներից: Այդ ծրագրի համար կարեւոր է, որ կապուղիները շրջանցեն թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը: Այսպես կոչված, «միջանցքի» տրամադրումը նախապայման է Թուրքիայի հետ Հայաստանի սահմանի բացման համար, առանց որի անհնարին է լինելու, մի կողմից, պահանջել ռուսական զինուժի դուրսբերումը Հայաստանից՝ «Թուրքիայից այլեւս սպառնալիք չկա» թեզի ներքո, մյուս կողմից, այն կարեւորագույն դեր է կատարելու ծանր սպառազինությունների տեղափոխման համար դեպի Արցախի օկուպացված տարածքներ՝ Իրանի դեմ հյուսիսում ռազմական գործողություններ իրականացնելիս»,- բացատրում է դիվանագետը:
Աղաջանյանի խոսքով՝ Ադրբեջանը հանձնառություն ունի, որի համար էլ Արցախը զոհաբերվեց եւ որպես նվեր մատուցվեց Ադրբեջանին: Սակայն Ալիեւն ամենեւին ցանկություն չունի ի կատար ածելու իր հանձնառությունները, այսինքն՝ Իրանի դեմ ճակատ բացել, որը, ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների պարագայում, որեւէ դրական ելք չի կարող երաշխավորել: Այդ է պատճառը, ըստ մեր զրուցակցի, որ Ադրբեջանը փորձում է հնարավորինս խուսափել այդ չարաբաստիկ խաղաղության պայմանագրի ստորագրումից եւ առաջադրում է հարցեր, որոնք, մի կողմից, խիստ ցավոտ են թե՛ Հայաստան պետության, թե՛ հայ ժողովրդի համար, մյուս կողմից՝ իրականացման համար տեւական ժամանակ են պահանջում:
«Նա հույս ունի, որ կկարողանա, ի վերջո, խուսափել այդ հանձնառություններից, սակայն Արեւմուտքը շտապում է: Դրա վկայությունն են նաեւ Լոնդոնում հանդիպման փորձը, Լուի Բոնոյի այցը եւ ակտիվ ջանքերը՝ ինչ-որ թուղթ ստորագրելու, որը հնարավոր կլինի ներկայացնել խաղաղության պայմանագրի կամ համաձայնագրի ներքո: Հընթացս նաեւ հերթական զիջումներ են պարտադրվում հայկական կողմին: Ցավոք, մեր երկրի կառավարման ղեկին նստած անձը եւ նրան շրջապատող խմբակը թե՛ իրենք են հայտնվել թակարդում, որից ելք չեն տեսնում, բացի պարտադրանքները բավարարելը, թե՛ մեր ժողովրդին են խցկում այդ թակարդի մեջ: Արեւմուտքը շտապում է, որովհետեւ բոլոր ճակատներում կորցնում է»:
Կարդացեք նաև
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում