«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս տարվա մայիսի 31-ին հրապարակել է տարեկան ֆինանսական հաշվետվությունը, որի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կուսակցության նվիրատուների ցանկում կան 80 հայտարարատու անձինք՝ պաշտոնյաներ և նրանց ընտանիքի անդամներ։
Համադրելով այս անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերում և կուսակցության հաշվետվությունում առկա տվյալները՝ ստացել ենք մի շարք գլուխկոտրուկներ, որոնք առաջարկում ենք լուծել միասին։
Մինչ գլուխկոտրուկներին անցնելը՝ առաջարկում ենք դիտել տեսանյութը՝ իմանալու, թե ինչպես ծախսել և միաժամանակ «չծախսել» ունեցած փողը։
Կարդացեք նաև
Գլուխկոտրուկ 1. Ո՞րն է ԱԳ նախարարի ծախսած 3.8 միլիոն դրամի աղբյուրը
2023 թվականի տարեսկզբին նախարար Արարատ Միրզոյանը հայտարարագրել է 25 մլն 254 հազար դրամ կանխիկ և բանկային հաշիվների վրա առկա գումար։ Տարվա ընթացքում Միրզոյանը ստացել է 22 մլն 956 հազար դրամ եկամուտ՝ աշխատավարձից, եկամտահարկի վերադարձից և փոխառությունից ստացած տոկոսներից։
Տարեվերջին Միրզոյանի հայտարարագրած դրամական միջոցները դարձել են 36 մլն 352 հազար դրամ։
Եթե տարեսկզբին առկա դրամական միջոցներին գումարենք տարվա ընթացքում ստացած եկամուտները և դրանից հանենք տարվա վերջին առկա դրամական միջոցները, ապա կստանանք 11 միլիոն 858 հազար դրամ․ սա այն գումարն է, որը նախարարը պետք է ծախսած լիներ 2023 թվականի ընթացքում։
Եվ իսկապես, ինչպես բոլոր մարդիկ, ԱԳ նախարարը նույնպես ծախսեր է կատարել, սակայն ոչ թե 11 միլիոն 858 հազար դրամի, այլ 14 մլն 190 հազար դրամի․ նա մարել է վարկը, վերանորոգել անշարժ գույքը։
Այսպիսով, Միրզոյանի ծախսած 2 միլիոն 332 հազար դրամի ծագումն անհայտ է։
Ավելին, նա 2023 թվականի ընթացքում շուրջ 1.5 մլն դրամ է փոխանցել ՔՊ կուսակցությանը՝ անհայտ ծագման գումարի չափը դարձնելով շուրջ 3.8 մլն դրամ։ Այս հաշվարկում չենք ներառել անգամ նախարարի հնարավոր ընթացիկ ծախսերը։
Արարատ Միրզոյանին արձագանքելու հնարավորություն էինք տվել՝ խնդրելով պարզաբանել, թե որն է այս ծախսերի՝ ներառյալ ՔՊ-ին փոխանցած 1.5 մլն դրամի աղբյուրը։ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ նախարարը պատրաստվում է մեկնել արձակուրդ, երբ վերադառնա, կպատասխանի։
Գլուխկոտրուկ 3. Զրո դրամ ունեցող ավագանու անդամը որտեղի՞ց է ՔՊ-ին 1 մլն դրամ նվիրաբերել
Սյունիքի Սիսիան համայնքի ավագանու 2 անդամներ 1-ական մլն դրամ են նվիրաբերել ՔՊ կուսակցությանը, իսկ նույն համայնքի ավագանու մեկ այլ անդամ՝ 2 մլն։
Սիսիանի ավագանու անդամներից Արմենակ Միրզախանյանը 2023 թվականին դրամական միջոցներ ու եկամուտներ չի հայտարարագրել։ Մեր հարցմանը, թե ինչ միջոցներով է կատարել նվիրատվություն, Միրզախանյանը չի արձագանքել։
Նույն համայնքի ավագանու մեկ այլ անդամ Աշոտ Աղաջանյանի բանկային հաշիվների մնացորդները 2023-ի ընթացքում աճել են։ Նա որպես եկամուտ հայտարարագրել է աշխատավարձ, իսկ որպես ծախս՝ մեքենայի գնում։ Աղաջանյանը ՔՊ կուսակցությանը 2 մլն նվիրատվություն է կատարել։ Նրա ստացած եկամուտները 1.9 մլն դրամով պակաս են 2023-ի ընթացքում կատարած ծախսերից ու դրամական միջոցների աճից։
Երբ խնդրեցինք մեկնաբանել, թե ինչ միջոցներով է Աղաջանյանը կատարել նվիրատվությունը, մեզ հարցրեց՝ համոզվա՞ծ ենք, որ ինքը նվիրատվություն է կատարել ՔՊ կուսակցությանը։ Իմանալով, որ կուսակցության հրապարակած հաշվետվության մեջ նշված է նաև իր անձը հաստատող փաստաթղթի համարը, նա նվիրատվություն կատարելու փաստը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց։ Փոխարենը մեզ հորդորեց զբաղվել այլ պաշտոնյաների հայտարարագրերով։
Լյուսի ՄԱՆՎԵԼՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում