ՆԳ նախարար Վահե Ղազարյանին «ձոնած» երգը (ավելի շուտ՝ չաստուշկան) հիշեցնում է մեզ իրականում գոյություն ունեցող խնդիրների մասին: Ամենուր «պասպորտ-սեղանները» դարձել են մարդկանց չարչարանքների վայր: Եվ փոխանակ դրանք շատացնեն եւ ընդլայնեն, մի բան էլ կրճատում են՝ քաղաքացիների համար հավելյալ անհարմարություններ ստեղծելու նպատակով:
Մտեք թեկուզ Երեւանում որեւէ անձնագրային ծառայություն, եւ կհամոզվեք, որ վիճակը չափազանց տխուր է: (Գուցե նաեւ այն պատճառով, որ ՀՀ քաղաքացիներին միացել են նաեւ «ռելոկանտները», որոնց մեր պետությունը, բնականաբար, նույնպես պարտավոր է սպասարկել): Մարդիկ առավոտյան ժամը 6-ին կենդանի հերթ են կանգնում, որպեսզի ժամը 9.00-ին կտրոն վերցնեն, բայց սպասարկվելու են միայն առաջին 50 կտրոնները: Եթե դուք 51-րդն եք, ապա վաղը նորից պետք է ժամը 6-ին գաք: Իհարկե, կարող եք նաեւ հերթագրվել օն-լայն, բայց եթե հիմա հերթագրվեք, ձեր հերթը կհասնի հոկտեմբերին:
Անշուշտ, նման տառապանքների ենթարկվող մարդկանց ճակատագիրը նախանձելի չէ: Բայց նույնպիսի կարեկցանքի են արժանի այն կանայք, որոնք ստիպված են ամեն օր սպասարկել մի քանի տասնյակ չարացած մարդկանց: Ի դեպ, նույն վիճակն է նաեւ ՔԿԱԳ-ներում (ԶԱԳՍ-երում)՝ դրանցից մեկում 5 աշխատակիցներից 3-ին կրճատել են, մեկը գնում է արձակուրդ, մնում է մեկը, նույն ինքը՝ վարիչը, որը պետք է «ճանապարհի» ոչ միայն ամուսնացող երիտասարդ զույգերին, այլեւ զանազան փաստաթղթերի հետեւից եկած քաղաքացիներին: Բայց կարեւորն, իհարկե, երիտասարդներն են, որոնց տոնական օրը, մեղմ ասած, զրկվում է հանդիսավորությունից:
Լուծումներն, իհարկե, մակերեսի վրա են: Եթե անձնագրային ծառայությունների ծանրաբեռնվածությունն այս աստիճանի մեծացել է, ապա 3 օպերատորի փոխարեն պետք է լինի 10 օպերատոր: Տարածքն էլ պետք է համապատասխանաբար մեծանա: Ծառայություններն անհրաժեշտ է տարբերակել՝ օրինակ, «նոտարի թուղթ հանձնողներին» առանձնացնել անձնագիր կամ ID ստացողներից:
Կարդացեք նաև
Այո, պետության հնարավորությունները սուղ են: Բայց եթե հնարավորություն կա Արգիշտի Քյարամյանի համար 125 հազար դոլարանոց «պադավատ» գնելու, ուրեմն, այնքան էլ սուղ չեն: Ի դեպ, արդյո՞ք այսօր «պադավատապետություն» չէ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ես միանշանակ ժողովրդավարության կողմնակիցներից մեկն եմ, երբ ժողովուրդը իր մտավորական ՈՒսուցիչների շնորհիվ Պետություն վարելու վարորդական իրավունք է ստանում՝ վարորդական քննությունները հաջող եւ առանց կաշառքի հանձնելուց հետո: Ծնված օրվանից հայ երեխան պետք է ոչ միայն սպառել իմանա, այլեւ կառավարել սովորի, թե չէ սպառող շակալն ու սպառող շիմպանզեն սպառող մարդուց ոչ մի բանով պակաս չեն, այսինքն՝ անասունից ոչ մի բանով չեն տարբերվում: Խաղաղություն մուրացող չտես անասունը միայն սպառելու մասին է երազում: Ես մի թեթեւ ռեպետիտորություն եմ արել ճշգրիտ գիտությունների բնագավառում եւ հայերի մեջ եւ այլ ազգերի մեջ ՝՝ամենաանմխիթար՝՝ դիմորդների հետ՝ նրանց ծնողներն էին այդպես գնահատում իրենց երեխաներին, պարզվեց այդ երեխաները հանճարներ էին եւ հաջողությամբ ընդունվեցին բարձրագույն ինստիտուտներ եւ ամենագլխավորը, պարզվեց, որ այդ երեխաների ծնողներն են դեբիլ, որ իրենց երեխաներին դեբիլ էին համարում: Կեցցե մեր հայ ժողովուրդը եւ բոլոր մնացած ժողովուրդները: