Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դիահերձումների գործով» երկրորդ անգամ են դիմում Սահմանադրական դատարան

Հուլիս 27,2024 12:30

2022 թվականին, երբ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը ներկայացրեց պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Լուսինե Բադալյանի հեղինակած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, մի փաստարակ բերվեց, Հայաստանում ախտաբանաանատոմիական բժշկական օգնության եւ սպասարկման տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեն քառասունինը գործող կազմակերպություններ, որից քառասունը հիվանդանոցներ են, իսկ մյուս ինն ԱՆ-ի կողմից ստացել են լիցենզիա՝ ախտաբանաանատոմիական գործունեության համար: 2016 թվականին Հայաստանում դիահերձումները 70 տոկոս էին կազմում, 2019-ին հասել էր 90 տոկոսի: Ն.Զեյնալյանը հայտարարեց, որ «անհարկի դիահերձումներ» չեն արվի…

2023 թվականի մայիսի 3-ին անդրադարձա Մարդու իրավունքների պաշտպանի Սահմանադրական դատարանում առկա դիմումին («Դիահերձումներ իրականացնելու համար լիցենզիա ստացած անձանց գործունեության ազատությունը համապատասխանո՞ւմ է հիմնական իրավունքին»), գրավոր ընթացակարգով քննությանը, ՍԴ ապրիլյան որոշմանը: ՄԻՊ-ի դիմումի համաձայն՝ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» 2022 թվականի մարտի 4-ի թիվ ՀՕ-45-Ն օրենքով ոչ իրավաչափ միջամտություն է տեղի ունեցել համապատասխան իրավահարաբերությունների մասնակիցների տնտեսական գործունեության եւ սեփականության իրավունքներին. վիճարկվող կարգավորումը զուրկ է իրավական որոշակիությունից, եւ դրա կիրառումը գործնականում հանգեցրել է համապատասխան իրավահարաբերությունների մասնակիցների իրավական վիճակը վատթարացնող իրավական ակտի հետադարձ ուժով կիրառման արգելքի, ինչպես նաեւ պատշաճ վարչարարության իրավունքի խախտման: Կատարված փոփոխությունների արդյունքում որոշակի գործունեության իրականացման համար լիցենզիա ստացած տնտեսվարող սուբյեկտները փաստացի զրկվում են այդ գործունեությամբ զբաղվելու իրավունքից, ինչի արդյունքում սահմանափակվում է վերջիններիս տնտեսական գործունեությամբ զբաղվելու եւ սեփականության իրավունքը»:

Եվ ահա, նույն օրենքի սահմանադրականության հարցը երկրորդ անգամ հայտնվեց Սահմանադրական դատարանում, այս անգամ կոնկրետ ընկերությունից: Մնում ես զարմացած, թե արդյոք, դիմողը մինչեւ ՍԴ դիմելը տեղյակ չէ՞ր, որ Բարձր դատարանը մեկ տարի առաջ նույն օրենքի հետ կապված կայացրել է որոշում…

«Ա.Զ.Դ. Ստուդիո» ՍՊԸ դիմումը Սահմանադրական դատարանում մուտքագրվել է 2024 թվականի հուլիսի 3-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումով խնդրել է պարզել, թե արդյո՞ք «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Ըստ դիմողի՝ օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում սահմանափակվել է իր՝ տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքը՝ ընդ որում՝ առանց որեւէ կերպ անդրադառնալու նման սահմանափակման նախատեսման իրավաչափության պայմանների հիմնավորմանը:

Հուլիսի 23-ին ՍԴ դատական կազմը կայացրեց որոշում:

Դիմողի պնդմամբ՝ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում, դրանում կատարված փոփոխությունների արդյունքում սահմանափակվում է անձանց՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը, ինչն իր հերթին հանգեցնում է սեփականության իրավունքի խախտման, խախտվում է նաեւ պատշաճ վարչարարության իրավունքը, այդպիսով վատթարացնելով ախտաբանաանատոմիական դիահերձումների իրականացման համար անհրաժեշտ համապատասխան լիցենզիա ստացած սուբյեկտների որոշակի խմբի իրավական կարգավիճակը»:

Դիմողը նշել էր, որ օրենքի ընդունմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների ընթացքում չի հաստատվել սահմանափակման նախատեսման իրավաչափության պայմանների ապահովված լինելու հանգամանքն օրենսդիր մարմնում, եւ համապատասխան իրավասու հանձնաժողովներում ծավալված քննարկումների արդյունքում եւս անդրադարձ կատարված չէ:

Անդրադառնալով անձի սեփականության իրավունքի միջամտությանը, նա նշել էր, որ. «ցանկացած պարագայում, երբ պետության կողմից տեղի է ունենում տվյալ իրավունքի միջամտություն, պետությունը պարտավոր է գույքի սեփականատիրոջը տրամադրել ողջամտորեն համարժեք փոխհատուցում»:

Մինչդեռ, ըստ դիմումատուի, որեւէ վարչարարական գործընթաց տեղի չի ունեցել. անձանց իրավունքների սահմանափակումը, բարենպաստ վարչական ակտի գործողության փաստացի դադարեցումը կատարվել է օրենսդրական փոփոխության արդյունքում, ինչն ուղղակիորեն հակասում է պատշաճ վարչարարության սահմանադրական սկզբունքն արտացոլող իրավական ակտերին այն պարագայում, երբ փոփոխություն նախատեսող իրավական ակտում անդրադարձ կատարված չէ դրա ընդունման արդյունքում վարչական ակտերի ուժը կորցրած ճանաչելուն: Միաժամանակ, դիմողի պնդմամբ՝ վարչարարության իրականացված չլինելու պայմաններում հնարավոր չէ ապահովել նաեւ անձի լսված լինելու իրավունքը, ինչն իր հերթին պատշաճ վարչարարության անկյունաքարային բաղադրատարրերից մեկն է: Այսինքն, առկա կարգավորմամբ. «նախեւառաջ ոչ իրավաչափ եղանակով միջամտություն է տեղի ունեցել իրավահարաբերության մասնակիցների տնտեսական գործունեության եւ սեփականության իրավունքներին՝ առանց համարժեք փոխհատուցում տրամադրելու: Հետեւաբար, խնդրո առարկա կարգավորումը զուրկ է իրավական որոշակիությունից, եւ դրա կիրառումը գործնականում հանգեցրել է իրավահարաբերությունների մասնակիցների իրավական վիճակը վատթարացնող իրավական ակտի հետադարձ ուժով կիրառման արգելքի, ինչպես նաեւ պատշաճ վարչարարության իրավունքի խախտման»:

Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստել է հետեւյալը. վիճարկվող դրույթի առնչությամբ տվյալ դիմումով առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի 2023 թվականի ապրիլի 25-ի ՍԴՈ-1685 որոշումը: Մասնավորապես՝ տվյալ որոշմամբ Սահմանադրական դատարանը դիմողի կողմից բարձրացված հարցի կապակցությամբ արձանագրել է հետեւյալը. «Ախտաբանաանատոմիական դիահերձումներ իրականացնելու համար լիցենզիա ստացած անձինք նոր իրավակարգավորումներով առաջադրված նոր պայմաններն ու պահանջները՝ դրանք իրենց համար վատթարացնող լինելու փաստարկով պայմանավորված, իրենց նկատմամբ չկիրառելու ակնկալիք ունենալ չեն կարող, քանզի օրենսդիրը խնդրո առարկա իրավահարաբերությունների բովանդակությանը ներկայացվող նոր պայմաններ ու պահանջներ է առաջադրել, որոնք տարածվում են նաեւ բոլոր այն անձանց վրա, որոնք մինչ այդ արդեն իսկ հանդիսացել են տվյալ իրավահարաբերության սուբյեկտներ: Դա նշանակում է, որ օրենսդրական նոր կարգավորումները հավասարապես վերաբերում են ինչպես ախտաբանաանատոմիական դիահերձումներ իրականացնելու մտադրություն ունեցող, այնպես էլ մինչ այդ կարգավորումներն այդպիսի գործունեություն ծավալած եւ այն շարունակելու ցանկություն ունեցող սուբյեկտներին», իսկ նույն որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանը որոշել է. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը»:

Հետեւաբար, ըստ ՍԴ դատական կազմի, դիմողի կողմից բարձրացված հարցը նույնանում է տվյալ որոշմամբ քննված հարցի հետ, սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշում առկա լինելու հիմքով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031