2025 թվականի հունվարի 22-ին նշանակված նիստին կստանա՞նք պատասխանը
Բուժաշխատող Անուշ Պողոսյանը ՀՀ վարչական դատարան դիմելով՝ խնդրել է անվավեր ճանաչել Էթիկայի հանձնաժողովի անդամների մրցութային ընտրությունն իրականացնող հանձնաժողովի 2023 թվականի հուլիսի 11-ի թիվ 4 որոշումը եւ պարտավորեցնել ՀՀ առողջապահության նախարարին կայացնել կրկնակի մրցույթ անցկացնելու մասին որոշում։
Նա եւ ներկայացուցիչը դատարանին հայտնել են, որ ՀՀ առողջապահության նախարարությունն իր պաշտոնական կայքով եւ զանգվածային լրատվության միջոցով հայտարարել է մրցույթ «էթիկայի հանձնաժողովի անդամի» ընտրության վերաբերյալ։ Հայցվորն ունենալով «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված էթիկայի հանձնաժողովում ընդգրկվելու օրենսդրական պահանջներին բավարարող չափանիշներ (հանդիսացել է բուժաշխատող, 35 տարին լրացած ՀՀ քաղաքացի է, ունի բարձրագույն կրթություն եւ առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ), հիշյալ մրցույթին մասնակցելու նպատակով 19.05.2023 թվականին ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 75-Ն հրամանի դրույթներին համապատասխան դիմել եւ համապատասխան փաստաթղթերի փաթեթ է ներկայացրել նախարարություն: Փաթեթն ընդունվել է նախարարության կողմից եւ հայցվորը ստացել է էլեկտրոնային նամակ՝ մրցույթին մասնակցելուն թույլատրելու, մրցույթի անցկացման վայրի եւ ժամկետի վերաբերյալ։ 2023 թվականին, հուլիսի 11-ին, ժամը 11:00-ին մրցույթին մասնակցել է նաեւ հայցվորը: Մրցույթից հետո բուժաշխատողը ժամը 19:35-ին իր էլեկտրոնային փոստին ստացել է նշյալ թիվ 4 որոշումը, համաձայն որի՝ Անուշ Պողոսյանը չի հաղթել մրցույթում: Հիշյալ որոշումը ստանալուց գրեթե 30 րոպե անց Անուշ Պողոսյանը օրենքով սահմանված կարգով բողոքարկել է մրցույթի արդյունքը: Բողոքարկման արդյունքում առողջապահության նախարարը հաջորդ օրը կայացրել է դիմում-բողոքը մերժելու մասին թիվ 3447-Ա որոշումը։
Հայցվորը նշել էր հանձնաժողովի կազմի մասին, այն կազմի, որի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 75-Ն հրամանի 2-րդ գլխի 7-րդ կետով սահմանված էր. «Հանձնաժողովը պետք է բաղկացած լինի 7 անդամից, որոնցից 4-ը պետք է լինեն բուհերի ներկայացուցիչներ, իսկ 3-ը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի, լիազոր մարմնի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի պետական կառավարման լիազոր մարմնի պաշտոնատար անձինք, ընդ որում, բուհերի ներկայացուցիչ 4 անդամները պետք է լինեն տարբեր բուհերից»: Մինչդեռ, մրցույթում որպես հանձնաժողովի անդամ մասնակցել են ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության աշխատակիցը եւ առողջապահության նախախարի տեղակալը, այսինքն, հանձնաժողովի 2 անդամներ եղել են լիազոր մարմնից (լիազոր մարմնից մրցութային հանձնաժողովի անդամ կարող է լինել 1 անդամ-Ռ.Մ.):
Կարդացեք նաև
Հարցազրույցի ավարտից անմիջապես հետո արդյունքները ամփոփվում են, կայացվում է որոշում, որը հրապարակում է բոլոր հավակնորդների ներկայությամբ: Այս դեպքում, որոշումը չի հրապարակվել մրցույթից անմիջապես հետո եւ բոլոր մասնակիցների ներկայությամբ: Ըստ հայցվորի, մրցույթի արդյունքները գրեթե 5-6 ժամ անց ուղարկվել է մրցույթի մասնակիցների էլեկտրոնային փոստերին, այն էլ միայն որոշումը, այլ ոչ կոնկրետ մասնակցի ցուցաբերած արդյունքը կամ ստացած գնահատականը…
Դատական նիստին, հրապարակմանը չի մասնակցել հանձնաժողովի որեւէ ներկայացուցիչը: Դե, ինչու մասնակցի, եթե դատարանը (դատավոր՝ Լիլիթ Սադոյան) առանց իրենց մասնակցության, դիրքորոշումը հայտնելու, նրանց օգտին վճիռ է կայացրել՝ մերժելով հայցվոր բուժաշխատողին: Այս տարվա մայիսից բողոքը վարչական վերաքննիչ դատարանում է, որը ընդամենը մեկ նիստով որոշել է հայցի քննությունը նշանակել գալիք տարվա հունվարին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.07.2024