«Գնահատել, թե կոնկրետ ի՞նչ ազդեցություն կունենա այս քայլը ՀՀ ԶՈՒ-ի կարողությունների վրա, այս փուլում բարդ է, քանի որ ավելի շատ տպավորություն է, որ այս ամենը մեծ քաղաքական բաղադրիչ ունի»,- «Առավոտի» զրուցակից՝ «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը՝ ՀՀ ԶՈՒ-ում ԱՄՆ ներկայացուցիչ ունենալու եւ հայ-ամերիկյան զորավարժությունների մասին:
– Հուլիսի 15-24-ը կայացան հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր 2024» զորավարժությունները. մեկնաբանությունները տարբեր էին, դիտարկե՞լ եք դրանք, ի՞նչ նպատակ ունեին այդ զորավարժությունները։ Հայտարարված պաշտոնական նպատակն էր՝ «խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջեւ կայունացման գործողություններ»։
– Հայ-ամերիկյան զորավարժություններ՝ խաղաղապահների մասնակցությամբ, բազմիցս են եղել եւ դիտարկել այս զորավարժությունը, որպես աննախադեպ երեւույթ, կարծում եմ, անիմաստ է։ Այլ հարց է, թե ինչո՞ւ են հատկապես այս փուլում, նմանօրինակ զորավարժություններն ավելի շատ հանրային դաշտում քննարկման առարկա դառնում, քան նախկինում էր։ Ըստ իս, խնդիրն այն է, որ այսօրինակ զորավարժությունները ոչ այնքան խնդիր են լուծում՝ ՀՀ զինված ուժերի կարողությունները եւ մարտունակության աստիճանը բարձրացնելու մասով, այլ այս փուլում, այդ զորավարժություններն ունեն նաեւ քաղաքական մեծ բաղադրիչ։ Այդ է պատճառը, որ այս զորավարժությունների շուրջ անհամաչափ աղմուկ է բարձրացել։ Բնական է, ամերիկյան կողմը ցանկանում է իր դիրքերն ամրապնդել մեր տարածաշրջանում եւ մի փոքր զորախաղերն էլ ներկայացնելով իբրեւ մեծ ձեռքբերում, փորձ է արվում հասարակության շրջանում էլ ավելի բարձրացնել ամերիկյան կողմի նկատմամբ ունեցած վստահությունը։
Եթե ամերիկյան կողմը իրապես խնդիր ունենար բարձրացնելու ՀՀ ԶՈՒ կաողությունները, ապա առաջնային քայլը խաղաղապահների հետ զորավարժություններ իրականացնելը չէր լինի, հատկապես այն դեպքում, որ մենք այս փուլում չունենք խաղաղապահ առաքելություն որեւէ երկրում եւ մոտ ապագայում գուցեեւ նման առաքելություն չունենանք։ Եվ եթե ամերիկյան կողմն իրապես մեր զինված ուժերի կարողությունների բարձրացման մասին է օր ու գիշեր մտածում, իմ կարծիքով, կարելի էր տարբեր զինատեսակների հետ զորախաղեր անցկացնել՝ պայմանական հրետանային ստորաբաժանումների, հատուկ նշանակության ստորաբաժանումների, ՀՕՊ ստորաբաժանումների հետ եւ այլն։ Ասածս այն է, որ մենք ունենք էլ ավելի կարեւոր, այս փուլում մարտական խնդիր կատարող ստորաբաժանումներ, որոնց մարտական աստիճանը, կարողությունները՝ սկսած հոգեբանական վիճակից, վերջացրած պրոֆեսիոնալ կարողություններով, բարձրացման խնդիր ունենք։ Ենթադրում եմ, որ եթե ամերիկյան կողմի առաջնային խնդիրը լիներ ՀՀ ԶՈՒ մարտունակության բարձրացումը, ապա շեշտը կդրվեր նմանօրինակ ձեւաչափերով զորավարժությունների պլանավորման վրա։
Կարդացեք նաև
– Սոցցանցերում ուշագրավ մեկնաբանություններ եղան՝ զորավարժություններին մասնակցող խաղաղապահները, ըստ հրապարակված նկարների, մահակներով եւ սաղավարտներով էին ու տպավորություն էր, որ նրանց նախապատրաստում են ցույցեր ցրելու համար։
– Ամեն դեպքում, խաղաղապահ զորախմբերի գործունեության տրամաբանության մեջ մտնում է զանգվածային անկարգությունները զսպելը. տարբեր երկրներում, որտեղ խաղաղապահներն առաքելություն են իրականացնում, նորմալ է, որ նաեւ նման սցենարներ խաղարկվեն՝ կապված իրենց առաքելության բնույթից եւ պետությունների միջեւ կնքված պայմանագրերից։ Ես հասկանում եմ, համատեքստը փորձ է արվում կապել ներհայաստանյան հնարավոր զարգացումների եւ դրանց զսպման մեխանիզմների հետ։ Կրկնեմ, եթե ԱՄՆ-ում ցանկանում են ՀՀ ԶՈՒ կարողությունների բարձրացում ապահովել, ապա զորավարժությունները չպետք է սկսվեն ցույցեր ցրելու սցենարներ խաղարկելով, այլ, ավելի կարեւոր ստորաբաժանումների հետ՝ մարտական սցենարներ խաղարկելով։ Ցույցեր ցրելու սցենարներ խաղարկելով ՀՀ ԶՈՒ կարողությունները չեն մեծանում։
– ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ուղիղ հայտարարեց՝ Հայաստանի ապագայի համար լուրջ մտահոգություններ են առաջացնում այդ զորավարժությունները։ Այդ զորավարժությունները նաեւ անցած տարի էին անցկացվել՝ կրկին հարուցելով Մոսկվայի խիստ դժգոհությունը։ ԱՄՆ-ում ընթացող նախագահական արշավի զարգացումների ֆոնին՝ ի՞նչ իրադարձությունների սպասել մեզ մոտ։
– Ռուսական կողմն, ըստ իս, շատ լավ հասկանում է, որ ամերիկյան կողմի՝ հայ խաղաղապահների հետ անցկացվող զորավարժությունն առաջնային խնդիր չի լուծում ՀՀ ԶՈՒ կարողությունները բարձրացնելու տեսանկյունից։ ՌԴ-ում նաեւ շատ լավ հասկանում են, որ այս ամենը շատ մեծ քաղաքական բաղադրիչ ունի, ուստիեւ բնական է, որ ռուսական կողմին առնվազն պետք է հետաքրքրի, մտահոգի այն փաստը, որ իրենց թշնամին՝ հավաքական Արեւմուտքը, իր դիրքերն է ամրացնում տարածաշրջանում։ Այլ հարց է, թե ի՞նչ քայլեր է անում տվյալ իրավիճակում ռուսական կողմը, որպեսզի կարողանա հակազդել։ Իմ խորին համոզմամբ, առնվազն այս փուլում, առարկայական ոչ մի քայլ էլ տեղի չի ունենում։ Հակառակը, այսպես ասած, նաեւ որոշ իմաստով հայկական կողմի ներգրավմամբ, էլ ավելի են սրվում հարաբերությունները եւ խորացնում վատթարացումը։ Իսկ դա, բնական է, վակուում է առաջացնում։ Նույնքան բնական է, որ մեծ պետությունները փորձելու են այդ վակուումը լրացնել, ինչն էլ, մեծ հաշվով, տեղի է ունենում։ Այստեղ հարցն այն է, որ եթե ռուսական կողմի համար մեր տարածաշրջանն առաջնային է, ապա մենք որոշակի առարկայական քայլեր պետք է տեսած լինեինք։ Ցավոք, մինչ այս պահը մենք ոչ մի քայլ չենք տեսնում եւ այդ է պատճառը, որ ամերիկյան կողմին հաջողվում է մի փոքր զորավարժություն խաղարկելով՝ ստեղծել մեծ, անհամաչափ աղմուկ, մեծ քարոզչական ֆոն՝ իր դիրքերը տարածաշրջանում էլ ավելի ամրապնդելու համար։
– ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հայտարարեց՝ ՀՀ ՊՆ-ում ներկայացուցիչ գործուղելու մտադրության մասին։ ՀՀ կառավարությունից այդպես էլ չպարզաբանվեց հարցը: Ինչի՞ մասին է սա, ի՞նչ պետք է անի ԱՄՆ ներկայացուցիչը՝ ՀՀ ԶՈՒ-ում։
– Տեղյակ չեմ, թե կոնկրետ ի՞նչ պետք է անի ԱՄՆ ներկայացուցիչը՝ ՀՀ ԶՈՒ-ում։ Բայց շրջանառվող տարբեր տեղեկությունների համաձայն, այդ ներկայացուցիչը, որը լիելու է քաղաքացիական անձ, պետք է զբաղվի ՀՀ ԶՈՒ կառավարման համակարգի հղկմամբ, որակական ցուցանիշների բարձրացմամբ։ Ուշագրավ է նաեւ շրջանառվող այն տեղեկությունը, որ այդ ներկայացուցիչն իր աշխատավարձը ստանալու է ԱՄՆ Պետդեպից. այսինքն, ոչ թե ԱՄՆ ՊՆ-ից, այլ Պետդեպից։ Սա, իր հերթին, նշանակում է, որ այս քայլը եւս ունի շատ մեծ քաղաքական բաղադրիչ եւ այս քայլով եւս ԱՄՆ-ը փորձում է իր դիրքերն ամրապնդել, ազդեցությունը մեծացնել մեր տարածաշրջանում։ ԱՄՆ ռազմավարական շահերի տեսանկյունից, կարծում եմ, սա շատ տրամաբանական է։ ԱՄՆ-ի ստրատեգիական նպատակները չեն փոխվել. առաջնային նպատակը՝ ՌԴ-ին մեր տարածաշրջանից դուրս մղելն է։ Թե ի՞նչ ձեւով, ի՞նչ գործողություններով եւ ի՞նչ հաջորդականությամբ, կարծում եմ, իրենք վաղուց պլանավորել են, հիմա էլ քայլ առ քայլ փորձում են առաջ գնալ։
Ես չգիտեմ՝ կարճաժամկետ, միջնաժամկետ եւ հատկապես երկարաժամկետ կտրվածքում ի՞նչ արդյունավետություն կունենա նման պաշտոնյայի նշանակումը ՀՀ ԶՈՒ-ում։ Ամեն դեպքում, խոսք է գնում քաղաքացիական անձի մասին եւ եթե առաջնային խնդիրը ՀՀ ԶՈՒ-կարողությունները բարձրացնելն է, ապա, կարծում եմ, համագործակցությունը պետք է լիներ ոչ թե քաղաքական մարմնի՝ ԱՄՆ Պետդեպի հետ, այլ ԱՄՆ ԶՈՒ գերատեսչության հետ, որի հետ առնչությունները, փորձի փոխանակումը եւ այլ ձեւաչափերով շփումը կարեւոր է Հայաստանի համար։
Նշեմ, որ նման ձեւաչափերով շփումներ միշտ եղել են, ՀՀ-ն ԱՄՆ-ի հետ փորձել է հետաքրքրությունների եզրեր փնտրել եւ աշխատել։
Գնահատել, թե կոնկրետ ի՞նչ ազդեցություն կունենա այս քայլը ՀՀ ԶՈՒ-ի կարողությունների վրա, այս փուլում բարդ է, քանի որ ավելի շատ տպավորություն է, որ այս ամենը մեծ քաղաքական բաղադրիչ ունի, քան ՀՀ ԶՈՒ-ի կարողությունները, մարտունակությունը, բարոյահոգեբանական իրավիճակը բարձրացնելն է եւ բերել գոնե այն մակարդակի, ինչ մակարդակի եղել է մինչեւ 2020 թվականի ողբերգական պատերազմը։
Զրույցը՝
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
26.07.2024