«Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը։
– ԱՄՆ-ում ընտրապայքարը, վերջին զարգացումները եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը որքանո՞վ եք փոխկապակցված համարում, քանի որ տեսակետ կա, որ ԱՄՆ-ում ցանկանում են, որ մինչեւ ընտրությունները ստորագրվի այդ պայմանագիրը՝ մանավանդ որ, ԱՄՆ-ից հայտարարություններ հնչեցին ծանր փոխզիջումների մասին։
– Միացյալ Նահանգներն իրենց քաղաքական օրակարգն ունեն մեր տարածաշրջանում եւ դրանով են առաջնորդվում նաեւ Հայաստանի հետ ունեցած հարաբերությունները կառուցելիս։ Ընդ որում, իմ կարծիքով, պաշտոնական Վաշինգտոնն իր գործողությունները որոշ չափով ներդաշնակեցնում է տարածաշրջանային դաշնակիցների՝ Իսրայելի եւ Թուրքիայի շահերի ու ակնկալիքների հետ, քանի որ այդ երկրների հետ փոխգործակցությունը զուտ տարածաշրջանային խնդիրներով չի սահմանափակվում։ Հայաստանը շարունակում է մնալ մեր տարածաշրջանի ամենաթույլ օղակը, որն ինքնուրույն դերակատարում ունենալու պոտենցիալ չունի՝ հայկական քաղաքական դասի եւ օլիգարխիկ վերնախավի բացառիկ անգործունակության պատճառով։ Նախագահ Բայդենի՝ ընտրապայքարից դուրս գալու հանգամանքը կարող է նվազեցնել ԱՄՆ գործող վարչակազմի առերեւույթ շահագրգռությունը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի արագ ստորագրման հարցում։ Այս համատեքստում պաշտոնական Բաքուն էլ կփորձի առկախել պայմանագրի ստորագրումն այն հույսով, որ Թրամփի ընտրվելու դեպքում կկարողանա ավելացնել ճնշումները Փաշինյանի կառավարության նկատմամբ՝ նոր զիջումների իր ախորժակը գրգռելով։ Այսինքն՝ Իլհամ Ալիեւը, գուցե, ակնկալում է, որ Թրամփը նույնչափ անտարբեր կգտնվի Հայաստանի ճակատագրի նկատմամբ, որչափ որ անտարբեր գտնվեց Արցախի ճակատագրի հանդեպ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում 2020 թվականին։
– Փաշինյանի կառավարությունը չի բացառում Բաքու մեկնելու հնարավորությունը՝ Բաքվում կայանալիք COP-29-ին մասնակցելու համար։ Պաշտոնական Բաքվի կողմից կա նաեւ առաջարկ խաղաղության պայմանագրի հիմնարար փաստաթղթից առաջ սկզբունքները համաձայնեցնելու վերաբերյալ փաստաթուղթ ստորագրել Բաքվում։ Վտանգավոր չեք համարո՞ւմ Բաքու մեկնելու հավանական որոշումը՝ հատկապես Բաքվից հնչող պահանջների համատեքստում։
Կարդացեք նաև
– Հայաստանը ներկայացնող պատվիրակի անվտանգության ապահովման տեսանկյունից ՀՀ գործող իշխանությունները կարող են հանգիստ ընդունել Բաքվի հրավերը. կարծում եմ, որ Փաշինյանին կամ վերջինիս կառավարության ներկայացուցչին այնտեղ աչքի լույսի պես կպահպանեն։ Այլ հարց է, որ նպատակահարմար կլինի, որպեսզի ՀՀ իշխանություններն ընդունեն հրավերը՝ խաղաղության միջպետական պայմանագիրը մինչեւ համաժողովը նախաստորագրելու կամ ստորագրելու պայմանով։
– Միջանցքի գաղափարից հրաժարումը հավանական համարո՞ւմ եք, եթե ԱՄՆ-ում Թրամփը հաղթանակ տանի։
– Հայաստանի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների կազմակերպման խնդիրը զուտ տնտեսական համատեքստում դիտարկելը, թերեւս, ճիշտ չի լինի՝ այն ունի քաղաքական ու ռազմական չափումներ եւս։ Ելնելով որոշ նկատառումներից, հակված եմ կարծել, որ Թրամփի ընտրվելու դեպքում Հայաստանով հատկապես չինական բեռների տարանցումը սպասարկող միջանցքի խնդիրը կարող է փակվել։
– Շուշիում Ալիեւը դարձյալ տարածքային պահանջներ ներկայացրեց Հայաստանին՝ խոսելով, այսպես կոչված, ադրբեջանցի «փախստականների» վերադարձի մասին։ Սակայն ՀՀ իշխանությունների կողմից որեւէ արձագանք չեղավ այս եւ Ալիեւի այլ հայտարարություններին։ Ինչո՞ւ։
– Հայաստանի իշխանությունները վաղօրոք են վիժեցրել փախստականների խնդիրը հայկական քաղաքական շահերի համատեքստում որպես կարեւոր եւ ազդեցիկ գործոն կիրառելու հնարավորությունը։ Այսինքն, փախստականների հարցում պաշտոնական Երեւանը մերժել է հոդաբաշխ դիրքորոշում ունենալու բոլոր պահանջներն ու առաջարկները եւ այս դաշտը եւս լիովին զիջել է ադրբեջանական կողմին։ Կարող եմ միայն այս փաստն արձանագրել՝ սրա բացատրությունը թողնելով Փաշինյանի վարչակազմի ներկայացուցիչների հայեցողությանը։
– Խաղաղության եվրոպական գործիքակազմի շրջանակում ՀՀ-ին ԵՄ-ի աջակցությունը շատերը պատմական համարեցին։ Այս ու վիզաների ազատականացման հետ կապված ԵՄ խորհրդի որոշումներից ի՞նչ ռեալ ակնկալիքներ կարող ենք ունենալ։
– Սա ընդամենը գործընթացի մեկնարկ է եւ դրա իրական արդյունքների մասին իմաստ կունենա խոսել կոնկրետ արդյունքների առկայության դեպքում։ Ամեն դեպքում, պետք է նկատի ունենանք նաեւ այն, որ ԵՄ կառույցները լուրջ փոխգործակցություն են ծավալում նաեւ Ադրբեջանի հետ։
– Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ-ում ներքաղաքական վիճակը եւ արդյոք կարելի՞ է ակնկալել թեժ ներքաղաքական աշուն։
– ՀՀ-ում ներքաղաքական վիճակը հուսադրող չէ։ Մեր վերնախավերի բացառիկ անճարակությունը շարունակ խորացնում է հասարակության ներքին պառակտումը։ Փաշինյանը մի «ապագա» է առաջարկում, որն անցյալի հետ աղերս չունի, իսկ նրա քաղաքական հակառակորդներն էլ ձգտում են վերադառնալ այնտեղ, ուր Փաշինյան չկա, բայց նաեւ չկա ապագայի իրական տեսլական։ Մինչդեռ, կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է կայունացնել մեր դիրքերը ներկայում՝ չկտրվելով անցյալից ու նաեւ հնարավորինս հստակ նախանշելով ապագա աշխարհում մեզ համար անվտանգային ու զարգացման պայմաններ ապահովող քայլերի հաջորդականությունը։
«Առավոտ» օրաթերթ
26.07.2024
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ