«Հաթերք ֆուդ» ընկերությունը հիմնադրվել է 2018-ին՝ Արցախի Հաթերք գյուղում։ Նախաձեռնությունը հաթերքցի երիտասարդ բժիշկ Սամվելի Միրզախանյանն էր։ Նրա նպատակն էր հարազատ գյուղն աշխարհին հայտնի դարձնելուն զուգահեռ Արցախում, ապա նաև Հայաստանում կազմակերպել բժշկական մեղրի արտադրություն։ Մեղվաբուծությունը Միզախանյանների ընտանիքում պապից թոռ է փոխանցվել և ավելի քան 150 տարվա պատմություն ունի։
Աշխատանքում միշտ շեշտադրում են արել բարձրորակ արտադրանք ստանալու վրա ու վերջերս նորարական արտադրանքով են ներկայանում։ Հայաստանի միակ արտադրողն են, որ 25 տեսակի արտադրանք ունեն։ Ունեն մելիլոտուսի միածաղկանի մեղր, որը դասվում է էլիտար բուժիչ մեղրի շարքին։ Այդ նպատակով Հատիսի լեռնային գոտում մելիլոտուսի դաշտ են ցանել, հատուկ աճեցրել։
«Ընկերությունն այժմ արտադրում է 12 տեսակի բնական մեղր, կրեմ մեղր և 12 տեսակի սուֆլե մեղր՝ մրգերով, հատապտուղներով և դեղաբույսերով հագեցած։ Դրանցից յուրաքանչյուրն ունի սպեցիֆիկ բուժիչ հատկություն։ Արվել է ամեն ինչ, որպեսզի մեր սպառողները տեղեկացված լինեն մեր արտադրանքի մասին, մեծ ուշադրություն է դարձված փաթեթավորմանը։ Այն նաև QR կոդ ունի, ինչը հնարավորություն է տալիս մանրամասն ինֆորմացիա ստանալ տվյալ մեղրի մասին՝ ներառյալ լաբորատոր հետազոտության տվյալները և բուժիչ հատկությունները»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է ընկերության ներկայացուցիչ Մարիամ Միրզախանյանը։
Մինչև 2020 թվականը «Հաթերք ֆուդ»-ն ուներ միայն արցախյան արտադրանք ու արտադրությունը ներառել է Մարտակերտի և Քարվաճառի շրջանները։ «2020-ին Քարվաճառի շրջանում մեղվաընտանիքի մեծ մասն ու բազմաթիվ այլ կորուստներ ունենալուց հետո որոշել ենք արտադրություն սկսել Տավուշի մարզում, ու Քարվաճառից ինչ հնարավոր եղավ՝ տեղափոխեցինք Տավուշ։ Տարեցտարի սկսեցինք ընդլայնել արտադրանքի ծավալներն ու աշխարհագրությունը»։
Կարդացեք նաև
2021-ից միջազգային տարբեր մրցույթների, փառատոնների են մասնակցում՝ ներկայացնելով իրենց արտադրանքը։ Արտահանում ունեն դեպի Քաթար, ունեն պատվեր Շվեյցարիայից, արտադրանքի նկատմամբ հետաքրքրություններ կան Արաբական Միացյալ Էմիրությունների մի քանի երկրներից, ներկայացված են Եվրոպական մի շարք երկրներում։ Վերջերս լրացավ ընկերության գործունեության 6-ամյակը։ Եվ այն նշանավորվել է նրանով, որ ընկերությունը 16-րդ անգամ արժանացել է միջազգային մրցանակի։
«Միջազգային մրցույթներում բազմաթիվ անգամներ առաջին հորիզոնականն ենք զբաղեցնում, ինչը հնարավորություն է տալիս միջազգային հարթակներում ևս մեկ անգամ բարձրաձայնելու Հայաստանի անունը և ցույց տալու աշխարհին, որ հայկական մեղրը լավագույնն է։ Դա իր հերթին օգնում է արտադրողին արտահանման գործում։ 16 անգամ՝ աշխարհի տարբեր երկրներում /Անգլիա, ԱՄՆ, ԱՄԷ, Եվրոպա/ խոշոր մրցույթների ժամանակ «Հաթերք ֆուդ»-ը լավագույնն է ճանաչվել որպես մեղրի բրենդ՝ որակի, բրենդինգի, համի և նորարարության անվանակարգերում։ Մրցանակների մեծ մասը որակի համար են՝ ոսկե ու պլատինե մրցանակներ, և օրեր առաջ Լոնդոնից միջազգային երեք մրցանակ ենք բերել Հայաստան. բրենդիգի համար՝ արծաթե, որակի համար՝ պլատինե և «Global honey star» մրցանակները։ Վերջինս անակնկալ էր մեզ համար, քանի որ 35 երկրներից 500-ից ավելի մասնակից ուներ մրցույթը, ընդ որում նաև Թուրքիայից։ Մենք հնարավորություն ունեցանք ներկայացնելու մեր երկիրը՝ Հայաստանն ու Արցախը, պատմեցինք Հաթրեքի դարավոր պատմության, մեր արտադրանքի մեկ ու կես դարյա պատմության, խոսեցինք բռնազավթված մեր ծննդավայրից»,- ասում է զրուցակիցս։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: