Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվեց, հայկական կողմը ստորագրել է ինչ-որ հուշագիր Ադրբեջանի հետ և երևի ռուսական խաղաղապահների հետ, ինչի մասին ԱԳՆ-ն տեղյակ չէր. Արա Այվազյան. «Ազատություն»

Հուլիս 26,2024 22:33

Նախկին արտգործնախարար Արա Այվազյանը պնդում է, որ այն, որ ինչ-որ փաստաթուղթ կարող է ստորագրվել Գորիս- Կապան ճանապարհը և Սյունիքի Շուռնուխ գյուղի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին, ինքը կամ Արտգործնախարարությունը տեղյակ չի եղել։

«Եղել են քննարկումներ։ Հետագայում պարզվեց, որ հայկական կողմը ստորագրել է ինչ-որ հուշագիր Ադրբեջանի հետ և երևի ռուսական խաղաղապահների հետ, ինչի մասին Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէր», – «Ազատության» հետ հարցազրույցում ասաց նախկին պաշտոնյան։

Ստորև ներկայացնում ենք հատված Արա Այվազյանի հետ հարցազրույցից

«Ազատություն» – Պարո՛ն Այվազյան, 2020 թվականի դեկտեմբերից Ադրբեջանին անցավ Գորիս-Կապան ճանապարհը, և արդեն 2021-ի հունվարին Ադրբեջանին նաև փոխանցվեց Շուռնուխ գյուղի մի մասը։ Դուք տեղյա՞կ եք, թե իրավական ինչ փաստաթղթերի հիման վրա այս տարածքների հանձնումը, փոխանցումը տեղի ունեցավ։

Արա Այվազյան – Տեսեք, եղել է Անվտանգության խորհրդի նիստ, այդ Անվտանգության խորհրդի նիստը տեղի ունեցավ Արցախում դրան նախորդող նոր ճգնաժամային իրավիճակին, և այդ նիստերից երեք նիստ է եղել, ես երկուսին եմ մասնակցել, ապա մեկնել եմ արտասահման, եղել են քննարկումներ, ես հիմա այդ քննարկումների բովանդակության մասին չեմ կարող բարձրաձայնել, բայց հետագայում պարզվեց, որ հայկական կողմը ստորագրել է ինչ-որ հուշագիր Ադրբեջանի հետ և երևի ռուսական խաղաղապահների հետ, ինչի մասին Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէր։

«Ազատություն» – Հուշագիր, որով այդ տարածքները փոխանցե՞լ էին Ադրբեջանին։

Արա Այվազյան – Այդպես հայտարարվեց։ Անվտանգության խորհրդի ժամանակ տարբեր սցենարներ էին քննարկվում, որովհետև ադրբեջանցիները պահանջներ էին ներկայացրել, և տարբեր քննարկումներ էին տեղի ունենում, բայց որ ինչ-որ փաստաթուղթ կարող է ստորագրվի, առնվազն ես տեղյակ չեմ եղել, և հետագայում է դա պարզվել։ Եվ երբ պարզվել է, ես դիմել եմ վարչապետի միջոցով Պաշտպանության նախարարության, որ այդ փաստաթուղթը մեզ տրամադրվի։ Իմ պաշտոնավարման մինչև վերջ այդ փաստաթղթերին ես ծանոթ չեմ։

«Ազատություն» – Դուք չե՞ք տեսել այն փաստաթուղթը, որով Գորիս- Կապան ճանապարհը և Շուռնուխ գյուղի մի հատվածը փոխանցվել է Ադրբեջանին և պոստ ֆակտում եք իմացել, որ նման՝ եռակողմ հուշագիր է ստորագրվել։

Արա Այվազյան – Այո, եռակողմ կամ երկկողմ. տեղյակ չեմ անկեղծ։

«Ազատություն» – Առանց սահմանազատման և սահմանագծման որքանո՞վ է այդ հուշագրով այս տարածքների փոխանցումը Ադրբեջանին օրինական։ Կարո՞ղ եք ասել, որ այդ հուշագիրը որևէ իրավական ուժ չունի, որով Հայաստանից տարածքներ են փոխանցվել Ադրբեջանին։ Խոսքը և՛ Շուռնուխի, և՛ Գորիս-Կապան ճանապարհի մասին է։

Արա Այվազյան – Ես չեմ կարող նման բան ասել, որովհետև առաջինը՝ ծանոթ չեմ այդ փաստաթղթին, երկրորդը՝ նման գնահատական պետք է իրավապահները տան։

«Ազատություն» – Այսինքն՝ ձեզանից՝ արտաքին քաղաքական գերատեսչությունից գաղտնի է այդ ամենն իրականացվել։

Արա Այվազյան – Առնվազն փաստաթղթի ստորագրմանը և բովանդակությանը ես տեղյակ չեմ եղել։

«Ազատություն» -Բայց, գիտեիք, որ խոսակցություններ գնում են այդ մասին։

Արա Այվազյան – Քննարկումներ են եղել, որովհետև տարբեր առաջարկներ են եղել այդ ուղղությամբ, էլի ճգնաժամային իրավիճակ էր, ու այդ ճգնաժամը…

«Ազատություն» – Այսինքն՝ Ադրբեջանը պահանջում էր վերադարձնել այդ տարածքները, և մենք պետք է որևէ լուծում տայինք։

Արա Այվազյան – Այո, և իհարկե ռուսական խաղաղապահ առաքելությունը որպես միջնորդ էր հանդես գալիս։

«Ազատություն» – Եթե չտայինք, պատերազմական իրավիճակ է՞ր ստեղծվում։

Արա Այվազյան – Տեսեք, ամեն անգամ … ամբողջ նպատակն այն էր, որ իրավիճակը տանել դեէսկալացիայի, Հայաստանին պետք է ժամանակ՝ ուղղակի իրավիճակը հանդարտեցնել, վերականգնել մեր կարողությունները՝ ինստիտուցիոնալ և պաշտպանողական, և ցանկացած ճգնաժամ կարող էր առիթ դառնալ նոր էսկալացիայի։

«Ազատություն» – Ուրեմն, ճի՞շտ էր իշխանության կողմից այդ քայլը։

Արա Այվազյան – Ես կարծում եմ՝ ոչ, որովհետև դա համակողմանի չի քննարկվել։ Ես հիմա փակագծերը շատ չեմ կարող բացել, բայց դա նաև խախտում էր նոյեմբերի 9-ին ձեռք բերված համատեղ հայտարարությանը, որտեղ առաջին կետով գրված է, որ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ կանգնում են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031