Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Շիրակի դատախազի գրությունը թանկ նստեց գյումրեցիների վրա․«Բալասանյան դաշինքն» անակնկալի բերեց բոլորին

Հուլիս 26,2024 19:55

Այսօր տեղի ունեցավ Գյումրու ավագանու արտահերթ նիստը, որի ժամանակ էլ քվեարկության դրվեց Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանի՝ ավագանու բոլոր խմբակցություններին ուղարկած առաջարկն առ այն՝ դիմել վարչական դատարան Վարդան Ղուկասյանի ու Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ժամանակ ավագանու 24 որոշում անվավեր ճանաչելու պահանջով։

Արտահերթ նիստը հրավիրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Այն անցավ բավական բուռն քննարկմամբ։

Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը իր ելույթում նշեց, որ դեռևս 1,5 ամիս առաջ Գյումրու ավագանին դատախազության կողմից ստացել է առաջարկ դիմել վարչական դատարան՝ 2003-2018 թվականներին համայնքի ղեկավարների կողմից մի շարք որոշումներ անվավեր ճանաչելու պահանջով։

Ըստ բանախոսի, համայնքների ղեկավարներն ամենատարբեր պայմանագրերով, առուվաճառքներով օտարել են 24 գույք, որի համար օրինական հիմքեր չեն ունեցել։

Նա բացատրեց, թե ինչու է ՔՊ-ն շահագրգիռ դատարան մտնելու։

Քնարիկ Հարությունյանի կարծիքով, 2018 թվականից՝ թավշյա ոչ բռնի հեղափոխությունից հետո, քաղաքացիներն անհանդուրժող են դարձել ապօրինությունների նկատմամբ, համարում են անթույլատրելի․ իրենք էլ փորձում են հավատարիմ մնալ իրենց արժեքներին։ Այդ նպատակով էլ նախաձեռնել են նիստը, ու այն մարդիկ, որոնք, ըստ ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարի, իրենց թույլ են տվել օրենք խախտել, պետք է պատասխանատվության ենթարկվեն և կոռուպցիոն սխեմաներով օտարված, համայնքից գողացված գույքերը վերադարձվեն համայնքին։

Քնարիկ Հարությունյանն առանձնացրեց օտարված գույքերից մի քանիսը՝ «Կումայրի արգելոց-թանգարանի» տարածքում գտնվող «Հոկտեմբեր» կինոթատրոնը, որը 2001 թվականին Վարդան Ղուկասյանի ղեկավարած տարիներին ուղղակի վաճառքով՝ 25 միլիոն դրամով օտարվել է «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ին։

«Այն 1926 թվականի կառույց է, պատմամշակութային հուշարձան է և ենթակա չէ օտարման, «Հողային օրենսգրքի» խախտմամբ է այս գործարքը տեղի ունեցել։

Մեկ այլ խնդրահարույց դեպք վերաբերում է Գյումրու Ղարսի խճուղի 2/7 հողամասին։

Այս հողամասը Գյումրի համայնքին սեփականության իրավունքով փոխանցվել է որպես բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամաս, և քաղաքապետ Սամվել Բալասանյանի և ավագանու որոշումներով այդ հողամասը նախ օտարվել է Սիրեկան Մկոյանին, հետո արդեն Սամվել Բալասանյանի որդուն՝ Խաչատուր Բալասանյանին։

Սա այն պարագայում, երբ հողամասը՝ որպես բնապահպանական հատուկ պահպանվող հող, չէր կարող սեփականության իրավունքով լինել այլ անձի փոխանցման առարկա, և, բնականաբար, ենթակա չէր օտարման։

Հաջորդ գործարքը կապված է Գյումրու Վազգեն Սարգսյան փողոցի 26/6 հասցեի տարածքի հետ, այս տարածքը «Հողային օրենսգրքով» սահմանված է որպես քաղաքացիների և բնապահպանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հող (խոսքը «Դոմուսին» վաճառված տարածքի մասին է Ա․ Ն․), սակայն 2018 թվականին Գյումրու համայնքապետարանի կողմից ուղղակի վաճառքի միջոցով այն օտարվել է տվյալ ժամանակահատվածում Գյումրու համայնքի ավագանու անդամ հանդիսացած Տիգրան Փանոսյանին, ով եղել է «Բալասանյան դաշինքից»։ Փանոսյանն էլ իր հերթին 2019 թվին 12 միլիոն դրամով օտարել է առևտրային ցանցերից մեկին», -ասաց բանախոսը։

Նա անդրադարձ կատարեց նաև Վարդան Ղուկասյանի ընտանիքին պատկանող «Օազիս» սրճարանի տարածքին։ Քնարիկ Հարությունյանի ներկայացմամբ, Վարդան Ղուկասյանը 2001 թվականին կառուցապատման նպատակով իրեն և եղբորը պատկանող «Ամբերդ» ՍՊԸ-ին վարձակալությամբ է տրամադրել քաղաքային զբոսայգուց որոշակի տարածք՝ բաժանել է առանձին հինգ հասցեների, այնուհետև ուղղակի վաճառքի միջոցով օտարել է։

Թե՛ ընդդիմադիր «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը և թե՛ ավագանու անկախ անդամ Վարդևան Հակոբյանը կարծիք հնչեցրեցին, որ այս հարցով կոմպետենտ մարմինը դատախազությունն է ։ Եվ իրենք կողմ են, որ հայցով հանդես գա հենց այս կառույցը, քանի որ դատախազությունում տարիներ շարունակ այդ գործերը քննվել են, այս կառույցը քաջատեղյակ է փաստական հանգամանքներին, քանի որ այդ գործերով մարդկանց են լսել։ Բացի այդ, դատախազությունն արդեն իսկ երկու գործով ներկայացրել է հայցադիմում։

«Դատախազությունն ինքը հայտնաբերել է, ինքը քննել է, հետևաբար ինքն իր հիմնավորումներով պետք է ներկայացնի դատարան հայցադիմում և պաշտպանի իր հիմնավորումները»,- ասաց Կարեն Մալխասյանը։ Նա ասաց՝ կասկածում է, որ համայնքի ղեկավարը կոմպետենտ լինի այս հարցում։

Ավագանու անկախ անդամ Վարդևան Հակոբյանը նշեց, որ սա իրավական գործընթաց է, ավագանին այս հարցում անելիք չունի։ Դատախազությունը, ըստ նրա, երկու գործերով արդեն հայց հարուցել է, և ոչ մեկը չի կարող ասել, թե մյուս գործերն էլ ընթացքի մեջ չեն։

Բացի այդ, ըստ նրա, դատախազությունը որոշումներն առանձին-առանձին պիտի ներկայացներ ավագանուն, գուցե ավագանու անդամներից մեկը կողմ է մի որոշմանը, սակայն դեմ կամ ձեռնպահ է մյուսին։

Թվում էր, թե Բալասանյան Սամվելի անունը հաճախակի հնչեցնելու պարագայում «Բալասանյան դաշինքը» չպիտի կողմ քվեարկի, սակայն անսպասելիորեն կողմ քվեարկեց՝ որոշակի տեխնիկական շտկումներ մտցնել տալով ներկայացված նախագծում։

Փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանն իր ելույթում ասաց․ «Կարծում եմ, մենք չենք այն ինստիտուտը, որը պետք է մեղավորների անուններ հնչեցնի: Նախ, գործընկերներիս կոչ կանեմ գործընթացը չքաղաքականացնել և ավելորդ եմ համարում՝ անձնավորված մեղադրանքների հրապարակումը: Մեր թիմը հանձնառու է պաշտպանել Գյումրու և գյումրեցու շահը, և մենք կաշկանդված չենք որևէ հանգամանքով:

«Բալասանյան դաշինք» խմբակցությունը կողմ է քվեարկելու այս նախագծին: Մեզ համար էլ է առաջնային՝ իրականության պարզաբանումը»:

Կես ժամ ընդմիջում հայտարարելուց հետո նիստը շարունակվեց, դատարան դիմելու նախագծին ՔՊ-ն ու «Բալասանյան դաշինքը» կողմ քվեարկեցին։ 19 ձայնով դատախազի առաջարկն ընդունվեց։

Որոշվեց համայնքային բյուջեից 12 միլիոն դրամ հատկացնել փաստաբանական ծառայությանը՝ համայնքի շահերը պաշտպանելու նպատակով։

«Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը, որը հրաժարվել էր քվեարկությանը մասնակցել, դուրս էր եկել դահլիճից, քիչ առաջ ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ քննադատելով Գյումրի քաղաքի աղքատիկ բյուջեից այդքան մեծ գումար փաստաբանական ծառայությանը հատկացնելու համար, երբ դատախազությունն այս ամենը կարող էր անվճար անել։

Նա գրել է․ «Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինելու հետևանքը(կամ դատախազից ավելի դատախազ)

Այսօր տեղի ունեցած Գյումրու ավագանու արտահերթ նիստում` դատախազության առաջարկի հիման վրա քննարկվում էր «Պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցեր ներկայացնելու մասին» նախագիծը։

Չեմ խոսելու, որ ավագանին դատախազության նախանշած ժամկետները բաց էր թողել և մեր բազմաթիվ հիմնավորումները, որ դա այլևս ավագանու գործը չի` այլ դատախազի, չեմ խոսելու նախագիծը օրակարգից հանելու մասին մեր առաջարկը չընդունելու մասին, այլ ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ներկայացված նախագծի տեղեկանքի համաձայն՝ այս որոշման ընդունմամբ Գյումրի համայնքի 2024թ. բյուջեում էական փոփոխություններ` ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։

Սակայն ավագանու «Բալասանյան դաշինք» խմբակցության և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկա անդամների միաձայն քվեարկությամբ ընդունվեց ոչ միայն որոշումը, այլ մի բան էլ 12 միլիոն դրամ համայնքի բյուջեին անհիմն բեռ ավելացավ։

Ի՞նչ ասեմ` Գյումրու կամ գյումրեցու հոգս հոգալու համար ամիսներով գումարներ են փնտրում, իսկ այն գործը, որը պետք է աներ դատախազությունն անվճար` անելու է փաստաբանական ընկերությունը նախնական 12 միլիոն դրամով։

Գյումրու և գյումրեցու շահի մասին մտածող գործընկերներն անհիմն 12 միլիոն դրամ նախատեսեցին հայցադիմում ներկայացնելու համար, որը հնարավոր էր անել անվճար։

Հ.Գ. Վերջը էդ հուշագրից էլ բան չհասկացանք` ո՛չ կնքված ժամանակ, ո՛չ էլ խզված»

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031