Աննա Մակարյանն աշխատում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում։ Նախորդ տարի՝ 2023թ-ի հունվարին Մակարյանն ու ամուսինը որոշել էին երեխա որդեգրել։ Սակայն գործընթացը չէր անցել ինչպես պլանավորած էր, քանի որ վերջինիս աշխատավայրում արհեստածին խոչընդոտներ էին առաջացել։
Մակարյանն ուզում էր մի քանի օր այցելել մանկատուն, շփվել երեխայի հետ։ Քանի որ երեխայի հետ հանդիպումները թույլատրելի էին միայն աշխատանքային օրերին, նա պետք է արձակուրդ վերցներ։ Առաջին անգամ հունվարի 27-ին Մակարյանը գրավոր դիմում է ինստիտուտի տնօրեն Դավիթ Հարությունյանին՝ իր հասանելիք ամենամյա արձակուրդից 5 օր տրամադրելու խնդրանքով, սակայն նրան մերժում են` նշելով, որ ոչ ամբողջական արձակուրդ կարող է տրամադրվել միայն, եթե առկա է և՛ գործատուի և՛ աշխատողի համաձայնությունը։ Երկրորդ անգամ Մակարյանը փորձում է դիմել՝ խնդրելով ամբողջական արձակուրդ, սակայն կրկին մերժվում է։
Մակարյանը փետրվարի 1-ին գրավոր ծանուցում է տնօրենին, որ օրվա երկրորդ կեսից չի աշխատի, քանի որ գնալու է Գավառ երեխային հանդիպելու։ Ծանուցմանն ի պատասխան Մակարյանը մերժում չի ստանում։
Օրեր անց Մակարյանը տեղեկանում է, որ տնօրինության կողմից ենթարկվել է կարգապահական տույժի՝ նկատողություն է ստացել առանց տեղյակ պահելու աշխատանքային օրվա ընթացքում աշխատավայրը լքելու համար։ Աննան փետրվարի 16-ին դիմում է ՀՀ ԳԱԱ ղեկավարությանը, խնդրում չեղարկել նկատողությունը, կցում է բոլոր փաստաթղթերը՝ իր տնօրինությանն ուղղված դիմումները, Գավառի մանկատան տեղեկանքը, բայց Ակադեմիայի ղեկավարությունից որևէ պատասխան չի ստանում։
Կարդացեք նաև
Երկրորդ նկատողությունից հետո նրան կարող էին աշխատանքից ազատել, իսկ աշխատանք չունենալու դեպքում, Մակարյանը չէր կարող երեխա որդեգրել։
Էական է, որ Մակարյանին տույժի ենթարկելու երկու հիմնաքարերն էին նրա պայքարը գրագողության դեմ և «սխալ» տնօրենի ընտրությունը։ Մակարյանի ԳԱԱ տնօրեն Դավիթ Հարությունյանի հարաբերությունները վատացել են, երբ 2022–ին տնօրենի ընտրության ժամանակ ինքը քվեարկել է այլ թեկնածուի օգտին։ Բացի այդ, Մակարյանը տնօրենին տեղեկացրել է, որ տնօրենի և ինստիտուտի գիտական քարտուղարի համատեղ հոդվածում առկա են արտագրության դեպքեր։ Այս դեպքերից հետո Մակարյանի և ղեկավարության հարաբերությունները խիստ լարվել են:
2023թ-ից ՀՔԱՎ գրասենյակը «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակներում ստանձնել է Աննա Մակարյանի իրավունքների պաշտպանությունը։ Գրասենյակի նախկին փաստաբան Տիրուհի Վարդանյանը ներկայացրել է Մակարյանի շահերը նախ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական, ապա Վերաքննիչ դատարաններում։ 2023-ի հունիսի 2-ին Առաջին ատյանի դատարանը որոշել էր մերժել մեր հայցը, այն է անվավեր ճանաչել ՀՀ ԳԱԱ որոշումը Մակարյանին կարգապահական տույժի ենթարկելու մասին։ Բողոքարկելով Առաջին ատյանի որոշումը Վերաքննիչ դատարանում, մենք հասել ենք ակնկալելի հաջողությանը․ Վերաքննիչը անվավեր է ճանաչել «ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանը։ Մակարյանը չի ենթարկվի կարգապահական տույժի։
Վերաքննիչ դատարանը իր կողմից կայացրած որոշումը հիմնավորել է, արձանագրելով, որ գործատուն անտեսել է հայցվորի նախքան ենթադրյալ կարգապահական խախտում թույլ տալը 3 անգամ ներկայացված արձակուրդ տրամադրելու դիմումները։ Ապա 2023թ․ փետրվարի 1-ին օրվա երկրորդ կեսից հայցվորը բացակայել է, որի մասին գրավոր դիմում է ներկայացրել։ Դիմումի վերաբերյալ բացասական պատասխան չստանալու պայմաններում չէր կարող կարգապահական տույժ կիրառվել։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ