Լրահոս
Օրվա լրահոսը

Թումոյի AI նախագիծն արժանացել է հեղինակավոր Tools Competition-ի գլխավոր մրցանակին

Հուլիս 26,2024 18:25

Ուրախ ենք տեղեկացնել, որ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը արժանացել է հեղինակավոր Tools Competition-ի 2023-24-ի գլխավոր մրցանակին՝ կրթության ոլորտում արհեստական բանականության ինտեգրման ուղղությամբ կենտրոնի ակնառու աշխատանքի համար: Այս մրցույթում, որն անցկացվում է այնպիսի առաջատար կազմակերպությունների աջակցությամբ, ինչպիսիք են OpenAI-ը, Bill and Melinda Gates Foundation-ը, Schmidt Futures-ը և Ballmer Group-ը, այս տարի ավելի քան 1900 ընդունված հայտերից Թումոն ճանաչվել է հաղթողներից մեկը բարձրագույն անվանակարգում։

«Մենք ինտեգրում և զարգացնում ենք AI լուծումներ բազմաթիվ մակարդակներում», – ասել է Թումոյի՝ Զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը: «Շարունակաբար կատարելագործում ենք մեր ուսումնական հարթակը՝ ստեղծելով գեներատիվ արհեստական բանականության շուրջ ուսումնական բովանդակություն՝ որպես նոր հմտությունների զարգացման ոլորտ, և այն ինտեգրում ենք մեր տեխնոլոգիական և դիզայներական բոլոր դասընթացների մեջ՝ սկսած ծրագրավորումից և խաղերի մշակումից, մինչև ֆիլմարտադրություն և գրաֆիկ դիզայն»:

Tools Competition-ը կֆինանսավորի Թումոյի AI Learning Coach ծրագրի մշակումը: Այս նորարարական մոդելը հիմնվելու է ուսանողների կրթական գործընթացների միլիոնավոր ժամերի տվյալների վրա՝ ստեղծելով եզակի ուսումնական շավիղներ, որոնց շնորհիվ առավելագույն արդյունավետ փորձառություն կապահովվի յուրաքանչյուր սովորողի համար: Ծրագրի թիմը փորձարկումներ կկատարի տարբեր AI տեխնոլոգիաներով և կտրամադրի անանուն տվյալներ Stanford AI Lab-ի, Berkeley School-ի և Carnegie Mellon University-ի հետազոտողներին՝ աջակցելով AI-ի և կրթական տեխնոլոգիաների ոլորտներում մի շարք լրացուցիչ նախագծերի:

Թումոն իր ուսանողներին մեքենայական ուսուցման և AI դասընթացներ տրամադրելու մեծ փորձ ունի: Կենտրոնի՝ գեներատիվ AI-ի ավելի լայն ինտեգրումը սկսվել է AI-ի և կրթության վերաբերյալ գլոբալ սիմպոզիումով, որն անցկացվեց 2023 թվականի սեպտեմբերին և որը համընկավ tumo.ai կայքի գործարկման հետ: Սիմպոզիումին մասնակցեցին այնպիսի խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպիսիք են Google DeepMind-ը, NVIDIA-ն և Meta-ն, հետազոտողներ MIT-ի, Հարվարդի և USC-ի նման հաստատություններից և ոլորտի այնպիսի առաջատարներ, ինչպիսիք են Միթչել Ռեսնիկը, Սթիվեն Վոլֆրամը և Դարոն Աճեմօղլուն: Այս սեպտեմբերին Թումոն կներկայացնի իր մոտեցումը AI կրթությանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան գլխամասում Թվային ուսուցման շաբաթ միջոցառման ընթացքում:

«Կարևոր է անդրադառնալ էթիկային ու անվտանգությանը, երբ ուսումնական բովանդակություն են ինտեգրվում հզորագույն նոր տեխնոլոգիաներ», – նշել է Բեկոր Փափազյանը՝ անդրադառնալով սիմպոզիումի հիմնական գաղափարներին: «Այնուամենայնիվ, AI-ի հանդեպ ընդունված պաշտպանողական մոտեցումը կենսունակ չէ անապահով համայնքներում և զարգացող երկրներում: Մենք նպատակ ունենք երիտասարդներին զինել տեխնիկական խորը գիտելիքներով, որոնք նրանց հնարավորություն կտան մասնակցել տեխնոլոգիական նորարարության էկոհամակարգերին»:

 

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031