ՀԲԸՄ «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը նախաձեռնել էր «Ընդլայնելով բարեգործությունը. առաջարկվող փոփոխությունները և լրացումները Բարեգործության մասին ՀՀ օրենքում» թեմայով աշխատարան եւ պանելային քննարկումներ։
«Կատապուլտի» շահերի պաշտպանության ղեկավար Նարեկ Թովմասյանը նշեց, որ փորձ է արվում բարելավել օրենքը՝ ի նպաստ ստեղծարար ոլորտի, եւ այդ առաջարկը, ցանկությունը, պահանջը եկել է ԿԳՄՍ նախարարությունից։
ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վասկեն Յակուբյանը նշեց, որ թեման իրենց կազմակերպությանը հոգեհարազատ է, եւ բարեգործությունը տարբեր երկրներում տարբեր կերպ է ընկալվում։ Նա ուրախությամբ փաստեց, որ Հայաստանում եւս բարեգործություն կատարելու մշակույթը սկսել է զարգանալ՝ լինի դա անհատական մակարդակով, թե կորպորատիվ ոլորտում։ Վասկեն Յակուբյանի ձեւակերպմամբ, բարեգործության հետ կապված օրենքների վերանայումը շատ կարեւոր է։
ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի ձեւակերպմամբ, որքան լայն լինեն քննարկումները օրենքի փոփոխությունների վերաբերյալ, ինչքան մասնակցային, այնքան ճիշտ որոշումներ կառաջարկվեն ԱԺ-ին եւ կառավարությանը։ Նախարարի տեղակալը անդրադարձավ նաեւ մեկենասությանն ու հովանավորչությանը եւ ասաց, որ խորքային տարբերություններ կան դրանց միջեւ։
Կարդացեք նաև
«Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ղեկավար Աննա Գարգարյանի խոսքով, եթե իրոք ուզում ենք զարկ տալ Հայաստանի ստեղծարար տնտեսությանը, պետք է մտածել աջակցող օրենքների մասին․ «Դրա համար շատ աշխատանքներ ենք կատարում մտավոր սեփականության իրավունքների շուրջ, որպեսզի մեր արվեստագետները կարողանան գումար վաստակել իրենց մտավոր սեփականությունից, ինչ վերաբերվում է Բարեգործության մասն օրենքին, այն լրացնում է այդ ճանապարհը։
Ոչ բոլոր մշակութային ծրագրեր են կոմերցիոն, եւ որպեսզի իրոք զարգացում տեսնենք ոլորտում, պետք մեծ ներդրումներ կատարվեն մշակույթում։ Մեր հետազոտությունը փաստում է, որ ուղիղ կապ ունեն ֆինանսական ներդրումները մշակույթի մեջ եւ մշակույթի զարգացումը»։
Մշակութային քաղաքականության փորձագետ Հայկուհի Մուրադյանը անդրադարձ կատարեց «Բարեգործության մասին» գործող օրենքին եւ առաջարկվող փոփոխություններին, խոսեց տարբեր երկրներում մշակույթի ֆինանսավորման մի քանի տիպական մոդելներից։ Նա հիշեցրեց, որ Բարեգործության մասին օրենքն ընդունվել է 2002-ին, եւ այդ տեսքով օրենքն ավելի շատ խնդիրներ է ստեղծում, քան փորձում է լուծել։
Հայկուհի Մուրադյանը հիշեցրեց, որ ամենալուրջ փոփոխությունը եղել է 2018թ, երբ վարչապետի աշխատակազմին կից բացվել է բարեգործության հանձնաժողով, որը միավորում էր եւ պետական մարմինների, եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներին։ Ու այդ հանձնաժողովի միջոցով հնարավոր է դարձել բարեգործական ծրագրերն ու գործունեությունը համակարգելը։
«Օրենքը փոփոխությունների է ենթարկվել նաեւ 2023-24թթ, որոնք, ընդհանուր առմամբ, բառային փոփոխություններ են»,-հավելեց նա։
Մշակութային քաղաքականության փորձագետն ընդգծեց, որ օրենքի փոփոխման խնդիրներն են մշակույթի եւ արվեստի ֆինանսավորումը, բարեգործություն, կամավորություն, հովանավորություն եւ մեկենասություն հասկացությունների մեկնաբանումը եւ դրանց ներառումը օրենքի մեջ, բարեգործության եւ հովանավորչության նպատակների ու խնդիրների սահմանումը, հիմնական դերակատարների որոշումը՝ ով է՝ բարեգործը, մեկենասը, հովանավորը, կամավորը;
Խոսելով այն մասին, թե օրենքի փոփոխությունը ինչ ազդեցություն կունենա ոլորտի վրա՝ Հայկուհի Մուրադյանը նշեց, որ առաջին հերթին դա ֆինանսավորման նոր մեխանիզմների մշակումն է, կորպորատիվ եւ մասնավոր նվիրատվությունների խրախուսումը, բիզնես ոլորտի եւ անհատ ձեռներեցների՝ մշակույթի ֆինանսավորման/հովանավորության խթանների ստեղծումը, հավելյալ իրավական կարգավորումներով հարկային խթանների ստեղծումը։
Ըստ օրենքի մշակույթի եւ արվեստի ֆինանսավորման նոր գործիքակազմի մշակման մասին խոսելիս՝ փորձագետը վկայակոչեց Մեծ Բրիտանիայի մոդելը եւ զարգացման պարտատոմսերը, Էստոնիայի մոդելին անդրադառնալիս ներկայացրեց կորպորատիվ հիմնադրամները, նշեց, թե ինչպիսի գործիք են ֆանդռայզինգը եւ քրաուդֆանդինգը Մեծ Բրիտանիայում եւ Նորվեգիայում, ներկայացրեց ԱՄՆ փորձը՝ հմտությունների վրա հիմնված կամավորության վերաբերյալ։ Խոսք եղավ նաեւ Շվեդիայում ընդունված «1%» մոդելի եւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բարձրացման մասին։
Առաջարկվող փոփոխությունների համատեքստում կարեւորվեց բարեգործության մասին օրենքի ընդլայնումը, որը կներառի նաեւ հովանավորությունն ու մեկենասությունը, խոսվեց հովանավորչության եւ ներդրումների տիպաբանության (մասնավոր հովանավորչություն, կորպորատիվ ներդրումներ), հիմնադրամների, ՊՈԱԿ-ների, ՀԿ-ների մասին օրենքների, ֆանդռայզինգի եւ քրաուդֆանդինգի կարգավորումների մասին։
Նշենք, որ աշխատարանը եւ պանելային քննարկումը տեղի ունեցան ինտերակտիվ ձևաչափով: Աշխատարանը սկսվեց «Բարեգործության մասին» գործող օրենքի և առաջարկվող փոփոխությունների ակնարկով, որին հաջորդեց քննարկումը փորձագետների հետ, նրանք ներկայացրին իրենց պատկերացումները օրենքի փոփոխությունների ազդեցության վերաբերյալ։
reArmenia հարթակի գլխավոր գործադիր տնօրեն Գեւորգ Պողոսյանն անդրադարձավ այն թեմային, թե ֆանդռայզինգը Հայաստանում ինչ խնդիրներ ունի։ Նրա խոսքով, բարեգործությունն այն հովանավորությունն է, որի շահառուն հանրությունն է, հովանավորությունը որեւէ նախագծի, անձի կամ պրոցեսի ֆինանսավորումն է, իսկ մեկենասությունն էլ այն հովանավորությունն է, որը վերաբերվում է գիտությանը եւ մշակույթին։
Նա ասաց, որ reArmenia հարթակը ծառայում է որեւէ նախագիծ իրականացնողի, որը դրամահավաքի համար գործիքակազմի կարիք ունի, ու բնակաբար, ինչ-ինչ օրենքների առնչվում են։ «Կան օրենքներ, սակայն, որոնք խանգարում են, մասնավորապես եթե դու հիմնադրամ ես ու հանգանակողից գումար ես ստանում կոնկրետ նախագծի ֆինանսավորման համար, որը պետք է փոխանցես այդ ՀԿ-ին կամ իրագործողին, ստացվում է, որ դու, ըստ մեր եղած օրենքի 20 տոկոս հարկ պետք է մուծես դրանից, որովհետեւ համարվում է, որ ծառայություն ես մատուցում»,-տարակուսանք հայտնեց reArmenia հարթակի գլխավոր գործադիր տնօրենը։
ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Մարինա Մխիթարյանի խոսքով, ՀԲԸՄ-ի փորձառությունը բավականին զարգացում է ապրել, քանի որ այն արդեն 118 տարեկան կառույց է, որն անընդհատ բարեգործությամբ է զբաղվում։ Նա ասաց, որ որպես նախկին իրավաբան, իր տպավորությամբ ավելի շատ խնդիր ունենք իրավունքի փիլիսոփայության, քան օրենքի կարգավորման, որովհետեւ մի բան է օրենքը հարմարեցնել այն իրավիճակին եւ հարաբերություններին, որ հիմա ունենք, մեկ այլ բան է, թե ինչ ենք ուզում ունենա»։ Նրա խոսքով պետք է իմանանք նաեւ, թե որն է պետության ռազմավարությունը, տեսլականը,եւ թե ինչն է առավել կարեւոր։
Մարինա Մխիթարյանը նշեց, որ, որ գոնե իր համար չկա այն փաստարկը, որ հանրային պահանջարկի առումով կա կոնսենսուս, թե մշակույթն ու կրթությունը կարեւոր են․ «Կովկասյան բարոմետրի տվյալներով՝ վստահության ինդեքս է հրապարակվում ամեն տարի, որ առաջին տեղում վերջին 15 տարում բանակն է, եկեղեցին, ամենաներքեւում՝ ՀԿ-ներն ու քաղաքական կուսակցությունները․․․Հիմա մենք օրենքով առաջարկում ենք ՀԿ-ներին նվիրատվություններ անելու համար հարկերից ազատել, բայց ես չունեմ հիմնավորում, որ այդտեղ կա հանրային պահանջարկ»։
Մտավոր սեփականության փաստաբանների ասոցիացիայի փոխնախագահ Սանասար Գեւորգյանը պարզաբանեց, որ բարեգործությունը կարիք ունեցողներին է ուղղված, մեկենասությունը նպատակով է տարբերվում, այն նման է հովանավորությունը, սակայն հովանավորության կարեւոր բաղադրիչն այն է, որ հովանավորն ունի կոնկրետ ակնկալիք իր հովանավորության դիմաց, չի անում անշահախնդիր, ինչպես բարեգործներն են անում։
HAYA Global Entertainment նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Սոնա Հովհաննիսյանի խոսքով, ցանկացած երկիր այսօր այն մոդելն ունի, որ մշակույթն օգտագործում է որպես նույն տնտեսության զարգացման հզոր միջոց։ «Ես բազմաթիվ միջազգային կոնֆերանսների եմ մասնակցել, որտեղ շեշտադրվում էր, որ եթե ուզում ես տնտեսապես հարստանալ, հզորանալ, ուրեմն պետք է մշակութային, ստեղծարար արդյունաբերությունը զարգացնես»,-ընդգծեց նա։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարների հեղինակ՝ Արամ Կիրակոսյան, հատուկ ՀԲԸՄ Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի համար