«Ապառաժ». ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի Մարո Քեշիշյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում խոսել է Արցախի բռնի տեղահանությունից հետո ՀՕՄ-ի կողմից իրականացված արցախցիների օժանդակության ծրագրերի մասին։
Տեղահանությունից հետո ՀՕՄ-ի Հայաստանի միավորի կենտրոնին են դիմում բազմաթիվ արցախցիներ՝ տարբեր խնդիրներով ու հնարավորինս ՀՕՄ-ը փորձում է օգտակար լինել հագուստով, սննդով կամ այլ միջոցներով։
Միավորը նաև հասցեատերերին է ուղղում տարբեր բարերարների ուղարկած նվերները, նյութական միջոցները։ «Գորիսում ապրող 53 ընտանիքի նյութական օժանդակություն է տրամադրվել, որը փոխանցել էր ՀՕՄ-ի Արևմտյան ԱՄՆ-ի շրջանը։ Նույն շրջանի կողմից տրամադրված կենցաղային իրերը ևս բաժանել ենք Շիրակի մարզի Ախուրյան և Գյումրի համայնքներում ապրող արցախցիներին։ Ինչ նվիրատվություն ստանում ենք, փորձում ենք հասցնել արցախահայությանը, մեր դռները միշտ բաց են նրանց համար»,- ասում է ՀՕՄ-ի Հայաստանի միավորի ատենապետուհին։
Խոսելով երկարաժամկետ ծրագրերի մասին՝ նա առանձնացրել է ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության «Հույսի օջախներ» ծրագիրը։ «Գյուղերում տներ ենք գնում, բարեկարգում և հանձնում արցախցի ընտանիքների։ Գործնական ընթացք ստացած այս ծրագրի առաջին տունը արդեն իսկ պատրաստ է Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում, որը շուտով կհանձնվի Արցախի Ճարտար քաղաքից բռնագաղթած բազմանդամ ընտանիքի։ Ուզում ենք մինչև տարեվերջ 10 ընտանիքի տուն տրամադրել»,- մանրամասնել է նա,- տվյալ ընտանիքը պետք է 10 տարի ապրի այնտեղ, որից հետո տունը արդեն իր սեփականը կդառնա։ Մեր նպատակն է՝ ամեն ջանք գործադրել, որպեսզի արցախցին Հայաստանում մնա, չհեռանա այստեղից»,- հավելել է Մարո Քեշիշյանը։
Տաթեւիկ Աղաջանյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: