«Ապառաժ». Բռնատեղահանումից հետո, հոկտեմբերի սկզբին, Արցախի օպերատիվ շտաբում, որը գործում էր Երևանում, համապատասխան մարմինների կողմից կատարվել է աշխատողների հասանելիք գումարների վերջնահաշվարկ, սակայն Արցախի նախագահի հրամանագրի համաձայն 2023 թ-ի հոկտեմբերի 1-ից աշխատանքից ազատված պետական աշխատողներն առայսօր վերջնահաշվարկ ու նախատեսվող այլ նպաստ չեն ստացել։
Նշված խնդրի առնչությամբ «Ապառաժ»-ի հարցմանն ի պատասխան Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Նորայր Ավանեսյանը որոշակի պարզաբանումներ է տվել․ «2023 թվականի սեպտեմբեր ամսին, Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանումից հետո, Արցախի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի առկա մնացորդն ուղղվել է 2023 թվականի սեպտեմբեր ամսվա պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի 85 տոկոսի չափով վճարմանը: 2023 թվականի հոկտեմբեր ամսից Արցախի Հանրապետության պետական բյուջե մուտքեր չեն եղել: 2023 թվականի սեպտեմբեր ամսվա չվճարված 15 տոկոս աշխատավարձերը և պետական համակարգի աշխատողների վերջնահաշվարկները Արցախի Հանրապետության կառավարության կողմից ձևակերպվել են պարտավորություն և առաջին իսկ հնարավորության դեպքում, այսինքն՝ ֆինանսական միջոցների առկայության պարագայում կիրականացվեն նշված պարտավորությունները»:
Նորայր Ավանեսյանի փոխանցմամբ՝ 2023 թվականի սեպտեմբեր ամսվա չվճարված թոշակների հարցը կարգավորվել է ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 1007-Ն որոշմամբ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: