«Առավոտի» զրուցակիցն է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
–Տիկին Վարդանյան, Բաքուն հերթական անգամ Հայաստանին մեղադրեց սադրանքներ հրահրելու մեջ՝ հայտարարելով, որ ԱՄՆ կողմից Հայաստանում անցկացվող զորավարժությունները, ԵՄ կողմից Հայաստանին ռազմական օգնության տրամադրումը մատնանշում են Ադրբեջանի դեմ հերթական պատերազմի նախապատրաստումը։ Բաքվի ՊՆ-ն նաեւ բացահայտ սպառնաց պատերազմով, հայտարարելով․ «Ադրբեջանի զինված ուժերի զինանոցում առկա բոլոր միջոցներով ինքնապաշտպանության նպատակով կձեռնարկվեն համապատասխան պատասխան միջոցները»։ Ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությանն էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են: Այս իրադարձություններն ի՞նչ են ցույց տալիս։
-Ադրբեջանի հայտարարությունները հաստատում են այն պնդումները, որոնք վաղուց անում են բոլոր ադեկվատ փորձագետներն ու քաղաքական գործիչները, առ այն, որ Ադրբեջանը երբեք չի պատրաստվել, չի տրամադրվել եւ չի էլ պատրաստվում խաղաղության կամ Հայաստանի հետ հաշտության գործընթացի։ Ադրբեջանը պարզապես ցանկանում է ստանալ առավելագույնը՝ զուգահեռ հիմքեր ստեղծելով նոր ռազմական հարձակումների համար։ Այսինքն՝ բոլոր գործիքակազմերով Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանին պարտադրել այն, ինչ ինքը ցանկանում է։ Եվ այդ գործիքակազմում կա նաեւ ռազմական բաղադրիչը, որի համար ինքը պիտի հիմքեր պատրաստի։
Այստեղ ամենակարեւորն այն է, որ չնայած նրան, որ Հայաստանում իշխող ուժն անընդհատ ասում է, որ կա խաղաղության ու հաշտության գործընթաց, Ադրբեջանն ամեն անգամ տարբեր հայտարարություններով փաստում է, որ որեւէ արդյունք կամ խաղաղության գործընթաց չկա։ Կոնֆլիկտն ավելի սրված շարունակվում է, պարզապես Հայաստանը ձեռքերը վեր է բարձրացրել եւ կատարում է նախապայմանները։ Ադրբեջանն արդեն այնքան անթաքույց է իր նպատակադրումներում, որ դրանք արվում են ուղիղ պաշտոնական հայտարարությունների տեսքով։ Այսինքն՝ Ադրբեջանը փաստացի այս ամենով զգուշացնում է իր նոր հարձակման մասին։
Կարդացեք նաև
–ԱԳՆ-ն ասաց՝ ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին եւ չի շեղվելու այս ռազմավարությունից: Սա համարժեք ու ադեկվատ արձագա՞նք է Ադրբեջանին։
-Այդ ի՞նչ կենդանի է «խաղաղության օրակարգը», որտե՞ղ ենք տեսել մենք այն, որ հիմա էլ շարունակում են հավատարիմ մնալ դրան։ Ի՞նչ խաղաղության օրակարգ, արդեն որերորդ անգամ է, որ մեզ ուղիղ սպառնում են պատերազմով։ Ավելին, նախավերջին հայտարարության մեջ Հայաստանի ԱԳՆ-ն արդեն օրով էր ասում, թե երբ կարող է այդ հարձակումը լինել։ Այսինքն՝ սա ոչ միայն ադեկվատ արձագանք չէ, այլ նաեւ պետական հանցագործություն է, որովհետեւ ցանկացած երկրի իշխանություն իր սեփական քաղաքացիներին պաշտպանելու պարտավորություն ունի։ Իսկ այս դեպքում Հայաստանի գործող իշխանությունները հրաժարվել են կատարել իրենց առաջնային պարտականությունը։
Այստեղ շատ հարցեր կան, եթե ուշադիր նայենք այն դրվագները, որոնք Ադրբեջանն է մատնանշում, հարց է առաջանում՝ արդյոք դրանք մեր պաշտպանական համակարգը վերազինելուն կամ արդիականացնելուն ուղղված քայլեր են, թե՞ Հայաստանում ցույցերը ճնշելու քայլեր։ Օրինակ՝ ամերիկյան զորավարժություններից տարածած նկարներում մենք տեսնում ենք, որ ավելի շուտ խոսքը գնում է Հայաստանի ներքին կյանքում ցույցերն ավելի արդյունավետ կառավարելու կամ ցույցերը ցրելու նոր գործիքակազմերի կիրառման մասին։ Այսինքն՝ գլխավոր անվտանգային, գոյաբանական հիմնարար սպառնալիքը թողած՝ Հայաստանի գործող իշխանությունը մարդկանց մոտ դիտավորյալ տպավորություն է ստեղծում, որ այդպիսի սպառնալիք չկա։ Երկրորդ, ամեն ինչ անում է, որպեսզի այդ նոր սպառնալիքի առջեւ մենք լինենք ավելի անպաշտպան, ավելի թույլ՝ պաշտպանական դիրքերում ու սահմանի վրա։
-Ռուսաստանը եւս սպառնաց Հայաստանին, մասնավորապես, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասաց՝ «Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանը գործընկերների փնտրտուքի մեջ չի գնա Կիեւի վարչակարգի ճանապարհով՝ ընտրելով Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ»։ Ինչպե՞ս եք գնահատում սա։
-Տարբեր միջազգային գործընկերներ Հայաստանի հետ վաղուց խոսում են ոչ թե դիվանագիտական, այլ սպառնալիքների լեզվով։ Սա ցանկացած ադեկվատ ղեկավարների համար ամոթ է եւ խոսում է միայն այն մասին, որ փաստորեն սեղանի շուրջ նորմալ երկխոսություն չկա գործընկերների հետ։ Բայց այստեղ խնդիրն այլ շեշտադրում ունի՝ տարբեր դերակատարներ կարող են տարբեր գնահատականներ ունենալ, թե Հայաստանն ուր է գնում՝ Արեւմուտք, թե՞ այլ ուղղությամբ, բայց այս վեճերի արանքում այնպես է ստացվում, որ Հայաստանը մեծ քայլերով ու լոնքերով գնում է դեպի Թուրքիայի ու Ադրբեջանի ազդեցության գոտի։ Եթե մենք գնահատենք վերջին մի քանի տարիների վարած քաղաքականությունը, դրա հետեւանքով տարածաշրջանում միայն ուժեղացել է Թուրքիայի եւ Ադրբեջանի ազդեցությունը։ Իմ եւ Հայաստանի շահերով առաջնորդվող մարդկանց մտահոգությունը պետք է լինի այն, որ մենք ունենք գոյաբանական արտաքին սպառնալիք, որին ոչ միայն չենք դիմագրավում, այլ նաեւ տուրք ենք տալիս։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից