Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԱՏՄ պարզաբանումը հետեւյալի մասին էր՝ մեզ քիչ մեղադրեք անգործության մեջ․ Բաբկեն Պիպոյան

Հուլիս 26,2024 15:54

«Աղմուկը սկսեց ռուսական կողմի գրությունից հետո, դրա հիման վրա։ Դեպքից անցել էր մեկ ամբողջ օր, եւ լիազոր մարմինը (ՍԱՏՄ-ն (Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին.-Գ․Հ) գրության հետ կապված որեւէ հանրային պարզաբանում չէր տալիս, մենք անգամ գուշակել էինք, թե ինչ պետք է ասվի իրենց կողմից»,- Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով հայկական պտուղ-բանջարեղենի՝ Ռուսաստան արտահանման սահմանափակմանը։ Ռուսական կողմը պատճառաբանել էր, թե հայտնաբերվել են պեստիցիդների մնացորդային պարունակության առավելագույն թույլատրելի մակարդակը գերազանցելու դեպքեր։

«Ռուսական կողմի գրության առանցքային հատվածը այն էր, որ հաղորդագրության վերջում հստակ ասում էին, թե հաշվի առնելով, որ դեռեւս հունիսի 5-ին ձեզ ուղարկած նամակի հետ կապված որեւէ ուսումնասիրություն եւ ուսումնասիրության արդյունքներ մեզ չեք ուղարկել, այսինքն՝ ուղիղ իմաստով ասվում էր՝ 40 օր առաջ մեր լիազոր մարմինն իմացել է, որ Հայաստանից արտահանվող պտուղ-բանջարեղենում հայտնաբերվել է խնդիր, եւ այս ուղղությամբ որեւէ իրական քայլ չի ձեռնարկել։ Եվ այս պատժամիջոցն էլ եղել է այդ պատճառով։ Ես նույն օրը գրառում էի կատարել եւ հստակ տվել էի, թե ինչ հարցերի պետք է պատասխանի լիազոր մարմինը՝ իր պաշտոնական պարզաբանման մեջ։

Այն է՝ մասնավորապես՝ այս գրությունն իսկապես ստացե՞լ է, թե ոչ, բնականաբար մենք հասկանում ենք, որ ստացել է, բայց հնարավոր է, որ տեխնիկական պատճառով ստացած չլիներ։ Երկրորդ՝ եթե ստացել է, ի՞նչ քայլեր է ձեռնարկել։ Եվ երրորդ՝ եթե չի ձեռնարկել, ապա ինչո՞ւ է հանցավոր անգործություն ցուցաբերել։ Մեկ օր անց լիազոր մարմինը տալիս է պաշտոնական պարզաբանում, ինչի հետ կապված հետաքրքիր դիտարկում եմ ուզում անել։

Ցավալի է, բայց փաստ, երբ ամբողջ հանրային տարածքում քննարկում էինք, որ գործ ունենք ոչ թե զուտ տնտեսվարողների ու արտահանման, այլ ազգաբնակչության անվտանգային խնդիրների հետ, ՍԱՏՄ պաշտոնական պարզաբանման մեջ չկա որեւէ բառ հայ սպառողին ուղղված։ Խնդրում եմ կարդացեք՝ գործադրվում են բոլոր ջանքերը իրավիճակը արագ կարգավորելու համար։ Այսինքն, ռուսական կողմը խոսում է, որ հայտնաբերվել են մնացորդներ, հանրային դաշտում քննարկվում է, որ չի բացառվում, որ մենք էլ ենք այդ մնացորդներով ապրանքը սպառում, լիազոր մարմնի ամբողջ պարզաբանումը հետեւյալի մասին է՝ մեզ քիչ մեղադրեք անգործության մեջ, մենք այդքան էլ գործառույթներ չունենք, բայց մեր սպառողին ուղղված ոչինչ չկա»,-փաստում է Բաբկեն Պիպոյանը:

Նրա ձեւակերպմամբ․ «Մի կառույց, որ կոչված է ապահովելու սննդամթերքի անվտանգությունը, եւ փաստենք, որ երկրորդ նման կառույց, որ սննդամթերքի անվտանգության հարցերով է զբաղվում չունենք, սննդի անվտանգության խնդիրները մղելով երկրորդ պլան՝ հարցերը թողնում է անպատասխան»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031