Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրճի մեկ գավաթը ԱՄՆ առաքելու ծախսը 10 անգամ գերազանցում է գավաթի արժեքը. Մշակութային եւ ստեղծարար ոլորտի «կնճիռները»

Հուլիս 26,2024 15:40

Խնդիրներ եւ առաջարկվող լուծումներ «Հայաստանի Հանրապետության մշակութային եւ ստեղծարար էկոհամակարգը» խորագրով զեկույցում

«Հայաստանի Հանրապետության մշակութային եւ ստեղծարար էկոհամակարգը» խորագրով կարիքների գնահատման եւ տնտեսագիտական վերլուծության զեկույցում,  ի թիվս այլնի, անդրադարձ կա մտավոր սեփականության իրավունքին: Չնայած մտավոր սեփականության/հեղինակային իրավունքների հետ կապված օրենքների առկայությանը, հարցվածների 45%-ը հավատացած է, որ հեղինակային իրավունքների խախտումները լուրջ խոչընդոտ են հանդիսանում Հայաստանի մշակութային եւ ստեղծարար ոլորտի բիզնես-միջավայրի համար։

Ընդ որում, Ֆոկուս խմբերի մասնակիցներն այդ խնդիրը վերագրում են հետեւյալին՝ ա) երկրում մտավոր սեփականության հետ կապված օրենսդրության թերզարգացածությունը եւ օրենքի թերի կիրարկումը, բ)հեղինակային իրավունքի ռոյալթիների եւ կառավարման հետ կապված մենաշնորհը, առաջին հերթին՝ «Հայհեղինակ» ՀԿ-ի կողմից, որին շատերը անարդյունավետ են համարում  արվեստագետների իրավունքների ու ռոյալթիների պաշտպանության գործում, գ) արդյունավետ լիազոր մարմնի բացակայությունը, որի պատճառներից է հեղինակային իրավունքի պետական գրասենյակի բացակայությունը։

Հարցվողների 19%-ը որպես միջազգային վաճառքների եւ արտահանման խոչընդոտ՝ մատնանշել է մտավոր սեփականության հետ կապված խնդիրները։ Ըստ զեկույցի, սա հատկապես ակներեւ է տնտեսական գործունեության «Արվեստի ներկայացումներ եւ տոնակատարություններ» տիրույթում եւ «Գրքեր եւ մամուլ» տիրույթում, որտեղ հարցվողների 29%-ը նշել է, թե միջազգային վաճառքներին եւ արտահանմանը խոչընդոտող հանգամանքներից են մտավոր սեփականության հետ կապված խնդիրները։

Զեկույցում անդրադարձ կա էլեկտրոնային վճարման եւ էլեկտրոնային առեւտրի համակարգերին: «Ստեղծարար բնագավառի զարգացման կարեւորագույն պայմանը վաճառքները խթանելն է……Բոլոր արհեստագործները վաճառքի հետ կապված խնդիրներ ունեն։ Որքան ավելի շատ եք արտադրում, այնքան ավելի մեծ է վաճառելու անհրաժեշտությունը։ Իսկ վաճառքը խթանելու միակ ճանապարհը արտահանման ուղի գտնելն է, ցանկալի է՝ առցանց եղանակով՝ էլեկտրոնային առեւտրի միջոցով»,-նշել է վիզուալ արվեստի ոլորտի ներկայացուցիչներից մեկը:

Ըստ զեկույցի, թեեւ վճարային գործառնությունները Հայաստանում դյուրին են եւ հասանելի շատերի համար, այդուհանդերձ, միջազգային գործառնությունների ժամանակ խնդիրներ են առաջանում։ PayPal-ը էլեկտրոնային վճարումների՝ լայնորեն կիրառվող միջազգային հարթակ է, սակայն այն Հայաստանում օգտվողներին թույլ չի տալիս գումար կանխիկացնել։ Մի շարք խոշոր միջազգային էլեկտրոնային առեւտրի հարթակներում, ինչպիսիք են՝ YouTube-ը, Amazon/Kindle-ը, iTunes-ը, SoundCloud-ը, խնդիրներ կան՝  կապված հայաստանյան բանկային հաշիվների ներգրավմամբ եկամուտների գեներացիայի հետ։ Սա խնդիրներ է ստեղծում օտարերկրյա ընկերությունների կողմից վարձված տեղացի աշխատողների, սեփական գործերն առցանց վաճառող տեղացի արվեստագետների եւ միջազգային տոնավաճառների եւ ցուցահանդեսների մասնակցող բիզնեսների համար։ Ֆոկուս խմբերի՝ էլեկտրոնային առեւտրի բնագավառը ներկայացնող մասնակիցները համարում են, որ առավել մտահոգիչ է միջազգային փոստային փոխադրումների, երկրից ապրանքների արտահանման հետ կապված էլեկտրոնային առեւտուրը, որին անդրադարձել ենք հաջորդ բաժնում։

«Սուրճի մեկ գավաթը ԱՄՆ առաքելու ծախսը տասն անգամ գերազանցում է բուն գավաթի արժեքը (6 ԱՄՆ դոլար՝ առաքման 60 դոլարի դիմաց)։ Մենք Միացյալ Նահանգներից 30-40 պատվեր ենք ստացել, սակայն մերժել ենք դրանք՝ առաքման նման բարձր ծախսերի պատճառով։ Վերջերս մի գնորդ՝ Ավստրիայից, չեղարկեց պատվերը, երբ տեղեկացավ առաքման նման ծախսերի մասին»,- նշել է վիզուալ արվեստի ոլորտի ներկայացուցիչներից մեկը:

Հետազոտությունն իրականացնողները պարզել են, որ առաքման եւ փոխադրման ծախսերը հինգերորդ ամենատարածված խոչընդոտն են Հայաստանի ստեղծարար եւ մշակութային բնագավառների զարգացման համար։ Դրան նախորդում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ նյութերի բարձր գները, անձնակազմի եւ ղեկավարների մասնագիտական որակները, ինչպես նաեւ մասնագիտական ցանցերի բացակայությունը։

Փոքր քանակությամբ արտադրանք արտասահման առաքողները կատարում են առաքման այնպիսի ծախսեր, որոնք երբեմն մի քանի անգամ գերազանցում են այդ ապրանքի արժեքը։ Դրսի բազմաթիվ գնորդներ ակնկալում են պատվիրված ապրանքը ստանալ 2-3 աշխատանքային օրվա ընթացքում, մինչդեռ Հայաստանից կատարվող առաքումները կարող են տեւել մի քանի շաբաթից մինչեւ մի քանի ամիս՝ ԵՄ երկրներ հասնելու համար։ Առաքման երկար տեւողությունը եւ բարձր արժեքները կապված են հետեւյալ գործոնների հետ՝ անբարենպաստ հարկային եւ մաքսային կարգավորումներ, լիցենզավորման եւ բրոքերային (արտահանման/ներմուծման) խրթին գործընթացներ, Հայաստանից դուրս թռիչքների սահմանափակ թիվը եւ այլն։ Միջազգային արտահանումներ իրականացնող  հիմնական ստեղծարար եւ մշակութային ոլորտներն են թվային արտադրանք եւ թվային ծառայություն մատուցողները, որոնք չեն բախվում այնպիսի խնդիրների, ինչպիսիք առկա են ֆիզիկական ապրանքների արտահանման դեպքում։

Ըստ հարցման արդյունքների՝ ավելի շատ արտահանում են հետեւյալ երեք երկրներ՝ ԱՄՆ (61%), ՌԴ (50%) եւ Ֆրանսիա (22%): Նշված երկրներում են սփյուռքյան ամենամեծ համայնքները, ինչը նշանակում է, որ անձնական կապերն առաջնային նշանակություն ունեն միջազգային վաճառքի համար՝ հատկապես բեռնափոխադրման ենթակառուցվածքների բացակայության պարագայում:

Հիշեցնենք, որ ՀԲԸՄ-ի «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը գրքույկով ամփոփված ներկայացրել է Հայաստանի մշակութային եւ ստեղծարար արդյունաբերության տնտեսական զարգացման խոչընդոտների վերաբերյալ իրականացված հետազոտության արդյունքները: Խոսքը «Հայաստանի Հանրապետության մշակութային եւ ստեղծարար էկոհամակարգը» խորագրով կարիքների գնահատման եւ տնտեսագիտական վերլուծության զեկույցի մասին է, որը Հայաստանի մշակույթի եւ ստեղծարար ոլորտների վերաբերյալ «Կատապուլտ» ծրագրի առաջին տարվա համապարփակ հետազոտության արդյունքն է: Հետազոտությունը հետապնդում է երկու նպատակ՝ 1) իրականացնել կարիքների գնահատում, որպեսզի հաստատվեն եւ/կամ ժխտվեն ծրագրի ենթադրությունները մշակութային եւ ստեղծարար ոլորտների էկոհամակարգի վերաբերյալ, 2) կատարել տնտեսագիտական վերլուծություններ, որպեսզի քարտեզագրվի Հայաստանի ստեղծարար տնտեսությունն ու գնահատվի դրա զարգացման ներուժը։

Պատրաստեց

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում լրատվամիջոցը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

«Առավոտ» օրաթերթ
26.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031