«42 օր ամեն օր զանգում էր, երբ հարմար չէր լինում, գրում էր։ Բայց նոյեմբերի 9-ին ժամը 4-ին վերջին զանգը եղավ։ Ասաց՝ մերս ո՞նց ես, ասացի Ռաֆո ջան, կարոտել եմ, ասաց՝ մամ էլ չեմ կարողանում գլուխս բարձրացնեմ։ Վերջին խոսքն էր»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ռաֆայել Ֆրանգուլյանի մայրը՝ Հերմինե Բաբաջանյանը։
Ռաֆայելը ծնվել է 1998 թվականի հոկտեմբերի 2-ին Սիսիան քաղաքում, որտեղ ապրել է հինգը տարի, ապա տեղափոխվել Արմավիրի մարզի Ջրարբի գյուղ։ Սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։
Կարդացեք նաև
Նրա նպատակն է եղել կրթվել և դառնալ լավ մասնագետ․ սովորել է համակարգչային ծրագրավորում, միշտ ձգտել է տիրապետել օտար լեզուների, պարապել է անգլերեն, նաև ինքնուրույն ուսումնասիրել թուրքերեն։
Մանրամասները՝ տեսանյութում
Երբ Ռաֆայելը գնում էր խանութ՝ միշտ վաֆլի էր գնում և ինչ առներ-չառներ՝ առանց վաֆլու տուն չէր գա․ շատ էր սիրում: «Վաֆլին բերում էր և դնում դարակը։ Վերջում երկու կամ մի հատ մնար Հարութս (Ռաֆայելի փոքր եղբայրը) ձեռք չէր տա, ասում էր՝ ապերինն է»,- ասաց Ռաֆայելի մայրը։
Ռաֆայելը հասուն, հումորով լի, միաժամանակ զուսպ տղա էր, ինչպես շատերն էին բնութագրում նրան։
Մանրամասները՝ տեսանյութում
2017 թվականին զորակոչվել է բանակ և ծառայել Իջևանում: «Երբ բանակից Ռաֆոն եկավ, սկսեց աշխատել «Արաքս» թռչնաֆաբրիկայում։ Իսկ 2020 թվականի մայիսի 17-ին ամուսինս մահացավ և տան ամբողջ հոգսը մնաց տղուս ուսերին»,-ընդգծեց տիկին Հերմինեն։
Ռաֆայելը ուներ ընկերուհի, որի հետ կապված մեծ նպատակներ ուներ, սակայն 2020 թվականի 44-օրյա պատերազմը ամեն ինչ փոխեց: «Ընկերուհու հետ հանդիպման էր, երբ եկավ տուն ու ծանուցագիրը բերեցին։ Հագավ ու գնաց դիրքեր»-մեզ հետ զրույցում պատմեց զինվորի մայրը։
Ռաֆայելը պատերազմի ընթացքում որպես պահեստազորային մեկնել է Արցախ և ծառայել է Մարտունի 3-ում, իսկ վերջին օրերին Մարտունի 2-ում․ «Ես չգիտեի, որ Մարտունի 2-ում էր»,-ասաց Հերմինե Բաբաջանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նշենք նաև, որ Ռաֆայել Ֆրանգուլյանի պատվին Ջրարբի գյուղում կառուցվել է հուշաքար:
Լիլիթ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ