Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գիտական կոպիտ սխալներ ունեցող այս դասագիրքը հաղթել է. Սերոբ Խաչատրյան

Հուլիս 26,2024 13:43

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

Մի քանի օր առաջ գրել էի, որ հաղթած դասագրքերին ծանոթանալուց հետո դիմեցի ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանին՝ խնդրելով կարճ ժամանակով ինձ ընդունել։ Ես ցանկանում էի փոխնախարարի սեղանին դնել մասնագիտական կոպիտ սխալներ, որոնք առկա են հատկապես հաղթած դասագրքերից մեկում։ Եթե տիկին Սվաջյանն ինձ չէր վստահում, կարող էր այդ հանդիպմանը հրավիրել չեզոք մասնագետի։ Բայց տիկին Սվաջյանը չպատասխանեց իմ խնդրանքին, այսինքն՝ մերժեց։ Դրանից հետո ես ստեղծեցի ֆեյսբուքյան խումբ, ուր հրավիրեցի մրցակից դասագրքերի այն հեղինակներին, որոնք իմ ընկերներն են։ Արձագանքեցին 2 հոգի Զանգակի խմբից, 1 հոգի՝ Մասնակցային դպրոցից։ Բայց քանի որ նրանք առանցքային հեղինակները չէին, ես հասկացա, որ խմբերի ղեկավարների համար թեման փակ է, քանի որ իրենք հաղթել են։ Ինչպես գիտեք, հուլիսի 24-ին նախարարությունը մերժեց լրացուցիչ փորձաքննություն անցկացնելու մեր խնդրանքը, քանի որ դասագրքերն արդեն տպվում են։ Ստիպված եմ այս հարթակում անդրադառնալ Մասնակցային դպրոցի դասագրքում առկա սխալներից մեկին։

Փիլիսոփայության և տրամաբանության հարգելի մասնագետներ, ուսանողներ։ Ստորև տեսեք Մասնակցային դպրոցի գրքում ինչպես է սահմանված «Դատողություն» հասկացությունը։ Սահմանումը ոչ միայն սխալ է, այլև տպավորություն է, որ դատողությունը մարդ է, որը եզրահանգումներ է անում, որոշումներ կայացնում, խնդիրներ լուծում։ Ենթադրում եմ, որ հեղինակները անգլերեն reasoning բառը որոշել են թարգմանել դատողություն։ Մինչդեռ անգլիալեզու գրականություն մեջ դատողությունը statement-ն է կամ proposition-ը (տարբեր գրքերում փոխարինաբար օգտագործվում են)։ Գիտական կոպիտ սխալներ ունեցող այս դասագիրքը հաղթել է։

Ո՞ւր եք կրկնակի փորձաքննություն արած հանձնաժողովի անդամներ։ Գլխավոր պատասխանատուն դուք եք, ոչ թե հեղինակները։ Նախարարությունն ինձ չի վստահում, ձեզ է վստահում։ էս ի՞նչ ավեր եք բերում։ Ի դեպ, Զանգակի դասագրքում սահմանումը ճիշտ է տրված, քանի որ թիմում կա փիլիսոփայության մասնագետ։ Ու հիմա Հայաստանի որոշ դպրոցներում մի բան են սովորեցնելու, մյուսներում այլ բան։ Հարգելի փիլիսոփաներ, ուսանողներ։ Դե հիմա պաշտպանեք ձեր մասնագիտությունը։ Հիշեցնեմ, որ այս սահմանումները վերցված են մրցույթում հաղթած, լրամշակված և Ժաննա Անդրեասյանի կողմից երաշխավորված դասագրքից։ Մինչև ո՞ւր ենք իջեցնելու կրթության և գիտության նշաձողը։

Սերոբ Խաչատրյանը ավելի վաղ հայտնել էր. «ԿԳՄՍ նախարարությունը զավեշտալի և ապօրինի պատճառաբանությամբ մերժեց «Հասարակագիտություն-8» դասագրքի բողոքարկումը։

Մեզ ասում են, քանի որ դասագրքերի տպագրությունը սկսվել է, չենք կարողը լրացուցիչ փորձաքննություն անել։ Սա այն դեպքում, երբ մեր բողոքարկումը նախարարությունը ստացել էր հուլիսի 3-ին։ Երբ մենք հուլիսի 3-ին բողոքարկման դիմում ներկայացրեցինք, դեռ չէիք սկսել դասագրքերի տպագրությունը։ Ինչո՞ւ չընդունեցիք մեր բողոքարկումը։ Ըստ կարգի, նախարարությունը դասագրքերի տպագրությունը կարող էր սկսել հուլիսի 23-ից։ Արդեն անիմաստ է այս ամենի մեջ տրամաբանություն փնտրելը։ Երբ կա պատվեր և կան կամակատարներ, անիմաստ է մասնագիտական լեզվով խոսելը։ Մենք դեռ կշարունակենք պայքարը։ Սպասում ենք նախարարության նոր մերժմանը, որով նրանք ոտնատակ կտան նաև ակադեմիական բարեվարքությունը։
Հարգելի ուսուցիչներ և ծնողներ։ Երբ սեպտեմբերից բացեք Հասարակագիտություն-8 դասագրքերը և այնտեղ ճոռոմ մտքեր կարդաք Մարդու իրավունքների, արդարության, հավասարության, օրենքի մասին, հիշե՛ք, որ ԿԳՄՍ նախարարությունը ձեր երեխաներին զրկեց շատ հետաքրքիր պատմություններով, իրավիճակներով, գծապատկերներով, գործնական աշխատանքներով, խնդիրներով, միջառարկայական կապերով հագեցած, ուսուցչին ընտրության հնարավորություններ տվող, մտահորիզոն զարգացնող դասագրքից, որն առաջին փուլում բացարձակ հաղթանակ էր տարել, սակայն, ցրելով հանձնաժողովը, ստացան ցանկալի արդյունքը։ Մեր դասագրքի մեթոդական ուղեցույցը որակապես «մի գլուխ» բարձր էր հաղթած դասագրքերի ուղեցույցներից։ Մենք հիմա էլ պատրաստ ենք դա ապացուցել»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031