«Ինձ խուզարկեցին, մոտս բան չգտան, դա եմ ստորագրել»,- դուրս գալով ոստիկանության Հրազդանի բաժնից՝ ասաց այն ցուցարար քաղաքացին, որին բերման էին ենթարկել ոստիկանության Հրազդանի բաժնի դիմաց կիթառ նվագել փորձելու համար։ Ավելի ուշ նա ոստիկանապետին ձոնված իր երգն այնուամենայնիվ կատարեց Կոտայքի մարզպետարանի առջեւ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր վաղ առավոտից չարենցավանցիները Հրազդանում բողոքի ցույց էին անում։ Նրանց դժգոհությունն է առաջացրել այն, որ Չարենցավան համայնքի անձնագրային բաժինը տեղափոխվել է Հրազդան։
Կարդացեք նաև
Ցուցարարները նաև պահանջում էին ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հրաժարականը։
Կիթառ նվագել ցանկացող և վարչական տույժի ենթարկված քաղաքացին ասաց, որ ոստիկանության բաժնում իր հեռախոսը միացած էր մնացել․ «Ասացի՝ բոլորը նկարահանված է, ես փաստերը կներկայացնեմ, իրենց ելույթները կան։ Միամիտ՝ հեռախոսիս կամերան միացած էր մնացել։ Պահի տակ բացեցին, նայեցին, ասացին՝ վայ կամերադ միացած է։ Վերցրին, ջնջեցին բոլոր տեսանյութերը։ Ես ուզում էի փաստը ներկայացնել»։
Քաղաքացին ասաց, որ ոստիկանների վերաբերմունքից գոհ է ու կատակեց․ «Նույնիսկ մի հատ թան տվեցին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Տեսանյութը՝ Լաուրա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ