Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հյուրանոցի շենքը վաճառված է, խոցելիները կհայտնվեն փողոցում

Հուլիս 26,2024 13:00

Հայաստանում տուրիզմի զարգացման գործակալության հոգաբարձուների խորհրդի այս տարվա մայիսի 30-ի N 50 որոշման համաձայն, ուղղակի վաճառքի ձեւով օտարվել է Երեւանի Նորք-Մարաշ վարչական տարածքի Արմենակյան փողոցի 121/6 հասցեում գտնվող «Նաիրի» հյուրանոցի շենքը: Այն ընդհանուր 5898,8 քմ է:
Վարձակալներից «Առավոտին» դիմած 80-ամյա քաղաքացին հայտնում է, որ ինքը այդ տարածքում է պայմանագրային հիմունքով, վճարում է լույսի, ջրի վարձը, իսկ միայնակ, անաշխատունակ, հիվանդության նպաստառու տղամարդն էլ հայտնում է, որ նրան «բնակարանը» տրամադրվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջնորդությամբ, գրանցված է ոստիկանությունում այդ հասցեում:

Որոշման համաձայն, վարձակալները, որոնք 120-ից շատ են, մինչեւ օգոստոսի 16-ը հյուրանոցի մասնաճյուղի տնօրենին պետք է ներկայացնեն դիմում-համաձայնագիր, վարձակալած տարածքը գնելու վերաբերյալ:

Օտարման արժեքը սահմանված է այսպես. 1 քմ-ի համար 180 հազար դրամ, որը փոխանցվելու է տուրիզմի զարգացման համար (մոտ 3 միլիոն 600 000 դրամ): Նրանք, ովքեր չեն կարող գնել իրենց 20քմ. վարձակալած «բնակարանը», այս տարվա հոկտեմբերի 1-ից վերջնական պիտի ազատեն տարածքը: «Ես մինչեւ վերջին շունչս կմնամ այստեղ, ուր պիտի գնամ, ինձ որեւէ բանկ գումար չի տա, հաշվի առնելով տարիքս: Ոչ մի պայման չկա: Ստիպված եմ մնում այստեղ, որովհետեւ տուն չունեմ, փողոցում չեմ ուզում հայտնվել»,-ասում է զրուցակիցներիցս մեկը, ով երրորդ կարգի հաշմանդամ է: «Եթե դուրս գամ, զրկվում եմ նաեւ հիվանդության նպաստից, ամեն ինչից: Զեղչերից չեմ օգտվել, նպաստս եմ տալիս լույսի, ջրի համար: Միայնակ թոշակառու եմ, որեւէ կողմնակի եկամուտ չունեմ, մեկ-մեկ եթե ձեռք են մեկնում բարի մարդիկ, յոլա եմ գնում, ոչ մեկը չունեմ, չունեմ հնարավորություն շուրջօրյա ջուր ունենալու, մի ժամով տալիս են, հավաքում եմ, հարյուր տարվա շենք է: Գնալու տեղ չունեմ: Օգնող էլ չունեմ: Համաձայն եմ, մեկը գնի, ապրեմ, մեռնելուցս հետո իրեն մնա, սոցիալական բնակարան խոստացան, չտվեցին Բաթոյանի ժամանակ, վայեվատ կանեմ»,-ասում է վարձակալներից մեկը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031