Լրահոս
Օրվա լրահոսը

Լարված իրավիճակ Հրազդանում․ ցուցարար չարենցավանցիները պահանջում են, որ Կոտայքի մարզպետը գա անձնագրային բաժին

Հուլիս 26,2024 10:51

«Մենք Կոտայքի մարզպետին հրավիրում ենք անձնագրային բաժին։ Խնդրում ենք իրեն ասեք՝ չարենցավանցիները եկել, ցույց են անում, պահանջում են, որ դուք գաք, ձեր աչքով տեսնեք՝ ինչ է կատարվում»,- քիչ առաջ Հրազդանում բողոքի ցույցի մասնակիցներն այսպիսի հայտարարություն արեցին։

Ի պատասխան՝ ոստիկանության ներկայացուցիչները, որոնք թույլ չտվեցին, որ անգամ հինգ րոպե չարենցավանցիները ճանապարհը փակեն և իրենց իրազեկումն իրականացնեն, դիմելով ցուցարարներին, ասացին՝ մարզպետարանի տեղը չգիտե՞ք։

Նշենք, որ չարենցավանցիների դժգոհությունն է առաջացրել այն, որ Չարենցավան համայնքի անձնագրային բաժինը տեղափոխվել է Հրազդան։ «Ետ ենք բերելու անձնագրային բաժինը» նախաձեռնող խմբի հայտարարության մեջ մասնավորապես նշված է․ «ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանի հրամանով արմատական «բարեփոխման» անվան տակ Չարենցավան համայնքի անձնագրային բաժինը տեղափոխվել է Հրազդան` առաջացնելով Չարենցավանի խոշորացված համայնքի բնակիչների զայրույթն ու դժգոհությունը։ Դուք, որպես կառավարության ներկայացուցիչ, նահանգում անուղղակի պատասխանատվություն եք կրում այդ անհեթեթ որոշման համար, իսկ որպես քաղաքական թիմի անդամ ուղղակի եք պատասխանատու այդ բոլոլայի համար։ Ուստի, մենք Ձեզ առաջարկում ենք այց կատարել Հրազդանի անձնագրային բաժին`անձամբ զգալով, թե ինչ ահավոր ու անմարդկային պայմաններ է ստեղծել Ձեր քաղաքական թիմը, խոշորացված Հրազդան, խոշորացված Ծաղկաձոր և խոշորացված Չարենցավան համայնքների բնակիչների համար։ ՀՀ կառավարությունից պահանջում ենք հետ բերել անձնագրային բաժանմունքը»։

Ոստիկանները, դիմելով ցուցարարներին ասացին՝ ճանապարհը չի փակվելու։ Դիմելով ցուցարարներից մեկին, որը կանգնել էր փողոցում՝ պաստառը ձեռքին, ոստիկանության ծառայողն ասաց․ «Ասում եմ՝ դուրս արի ճանապարհից»։ Ցուցարարն ասաց՝ մի գոռա վրաս։ Բոլորը նկարահանվում է, պատասխան ես տալու»։ Ոստիկանության ծառայողն ասաց՝ ես պատասխան կտամ։

Ցուցարարներն ասացին՝ մենք ուզում ենք մեր պահանջը հնչեցնել և դուրս գալ։

Սակայն այդպես էլ ցուցարարներին թույլ չտվեցին փակել ճանապարհն ու իրենց պահանջը հնչեցնել։

Նշենք, որ այս պահին կան բերման ենթարկվածներ։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները եւ տեսանյութերը՝ Լաուրա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031