Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն դե ֆակտո փակել են իրենց աչքերը, ԼՂ-ում տեղի ունեցած էթնիկ զտումը չեն տեսնում, չեն կասեցրել, Բաքվի վրա ճնշում չեն գործադրում». Ֆլորիան Քելլերմանն. «Ազգ»

Հուլիս 26,2024 10:46

Գերմանական «Դոյչլանֆունկը» (Deutschlandfunk Kultur) հուլիսի 17-ի երեկոյան «Հայաստան եւ Ադրբեջան. ո՞ւմ են պատկանում գյուղերը» վերնագրյալ 23 րոպե տեւողությամբ ռադիոհաղորդում եթերասփռեց, որի առաջին մասին՝ ՀՀ արդի իրադարձություններին ( Փաշինյանի հրաժարականի պահանջ, Բագրատ սրբազանի գլխավորած հանրահավաքներ) անդրադարձանք «Ազգի» հուլիսի 19-ի համարում: Ստորեւ Մարգարետտե Վոհլանի (Margarete Wohlan) հաղորդման շարունակությունը, որ ներառում են Ադրբեջան եւ ԼՂ այցելած լրագրող Թոբիաս Դամմերսի (Tobias Dammers) տպավորությունները եւ հայ-ադրբեջանական հակամարտության վերլուծությունը՝ Մոսկվայի թղթակից  Ֆլորիան Քելլերմաննի (Florian Kellermann) հետ զրույցը:

«Դոյչլանդֆունկի» հաղորդման երրորդ մասը հայ-ադրբեջանական հակամարտության աշխարհաքաղաքական վերլուծություն է:

«Ձեր ձեւակերպմամբ՝ Ադրբեջանն ու Թուրքիան՝ մեկ ազգ, երկու պետություն են, պատերազմի ժամանակ Թուրքիան բացահայտ սատարեց Ադրբեջանին: Կա նաեւ Հայոց ցեղասպանության հանգամանքը, Թուրքիան ցայսօր չի ճանաչում եւ որը երկու երկրների միջեւ անջրպետը խորացնում է: Թուրքիան սատարո՞ւմ է Ադրբեջանի՝ ՀՀ-ից հնարավոր նոր տարածքներին տիրանալու ցանկությանը» հարցին, Քելլերմանը պատասխանում է, թե «Թուրքիան սատարում է Ադրբեջանի՝ ՀՀ-ի հարավով (որ Ադրբեջանն անվանում է Զանգեզուր) անցնող միջանցքին, որը Նախիջեւանին է կապելու: Հայաստանը երկյուղում է, որ հարավային այդ հատվածն այնուհետ ապագայում հավանական է Ադրբեջանն իրեն բռնակցի: Իրական վտանգն առկա է: Թուրքիան բացահայտ չի արտահայտվում, բայց Էրդողանը շեշտում է, որ խաղաղությունը, միջանցքը կարեւոր են, ապրանքներն ուղիղ ճանապարհով կտեղափոխվեն Նախիջեւանից Ադրբեջանի տարբեր հատվածներ: Թուրքիան շահագրգիռ է թե՛ Մոսկվայի, թե՛ ՆԱՏՕ-ի գործընկերների հետ լավ հարաբերությունների պահպանմամբ, չեմ կարող պատկերացնել, թե կսատարի տարածքային հետագա զավթումները»: Անդրադառնալով Արեւմուտքին, Վոհլանը նախ հիշատակում է երկու հանգամանք՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի Ադրբեջանի հետ կնքած գազի՝ ԵՄ առաքման պայմանագիրը, ապա ակնարկում ԱՄՆ-ի ՀՀ-ի հետ անցկացվող ռազմավարժանքների մասին՝ ընդգծելով, թե ԱՄՆ-ն միաժամանակ նաեւ ուզում է կայուն հարաբերություններ պահպանել Ադրբեջանի հետ: «Սա էլ ճոճանակային քաղաքականության ձեւ չէ՞» հարցին Քելլերմանը բացասական պատասխան չի տալիս: «ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն դե ֆակտո փակել են իրենց աչքերը, անցյալ տարի ԼՂ-ում տեղի ունեցած հստակ երեւույթը՝ էթնիկ զտումը չեն տեսնում, չեն կասեցրել: Կարող են իհարկե «արդարացնել» իրենց վարքագիծը՝ «միջազգային իրավունքի տեսակետից տարածքն Ադրբեջանին է պատկանում…» ձեւակերպմամբ, սակայն Բաքվի վրա ճնշում չեն գործադրում: Ադրբեջանի կարիքն ունեն՝ մի կողմից գազը, մյուս կողմից՝ ապագա տարանցիկ բեռնափոխադրումների ուղի՝ Սեւ, ապա Կասպից ծովով դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ: Նաեւ էներգետիկ ծրագրերի առումով: Արեւմուտքը հույս ունի, որ այն զոհաբերությունը, որ Հայաստանը կուլ տվեց՝ ԼՂ-ի համար չպայքարելով, այդ զոհաբերությունը կհանդարտեցնի հակամարտությունը, օրակարգային հարցերի մեջ մոռացության կմատնի էթնիկ զտումը»:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031