«Հրապարակի» զրուցակիցն է Արցախի Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Արթուր Բաղդասարյանը:
– Ձեզ հետ կապ պահող հադրութցիները հիմնականում ի՞նչ խնդիրներ ունեն:
– Խնդիրները շատ-շատ են: Առաջնահերթը բնակարանային շահառուների հարցն է: Շատերի մոտ փաստաթղթային անճշտություններ կան, մե՛կ ասում են` ծննդականները չեն համապատասխանում, մեկի անձնագրային տվյալները, մեկի մահվան թուղթը չկա, սա չկա, նա չկա, մարդիկ ուշանում են, չեն կարողանում ժամանակին գրանցվել կամ թեկուզ քաղաքացի դառնալ: Չգիտեն` այդ քաղաքացիությունն ում է պետք, եթե մենք եղել ենք Հայաստանի մի մասը: Ասում են՝ քաղաքացի դարձեք, 3 ամիս հետո կգաք` ստանալու: Մարդիկ չեն կարողանում շահառու դառնալ, հասկանալ` ինչ անել, ոնց անել:
– Դա պատճառ է դառնում, որ երկրից հեռանա՞ն:
Կարդացեք նաև
– Ինչքան նման հարցերն ուշանում են, այնքան մարդիկ չեն կարողանում կողմնորոշվել` որտեղ են ապրելու: Ժամանակն անցնում է, մարդիկ անորոշության մեջ են՝ 1 տարի, 2 տարի: Ասել են, որ բնակարանային հարցը 3 փուլ է լինելու: Մարդիկ կան՝ անչափահաս երեխաներ չունեն, ընտանիքը 5-6 հոգի է, երեխաները մեծացել են, չափահաս են դարձել, այսօր ասում են՝ դուք դեռ շահառու չեք, 2 տարի հետո` նոր: Ստացվում է՝ 2 տարի թափառականի պես պիտի ապրեն, նոր հասկանան` տուն որտեղ առնեն, որտեղ աշխատանքի տեղավորվեն: Սրանք խնդիրներ են, որոնք պետք է լուծվեին: Այդ պրոբլեմները հնարավորինս պիտի մեղմացվեին կառավարության կողմից:
Կառավարությունն էլ որոշում է ընդունել, որ եթե 168 օր այստեղ չլինես, շահառու չես լինի: Եթե մարդն այստեղ չի կարող աշխատանք ճարել կամ այս պահին չի կարողացել հարմարվել, թողել-գնացել է ինչ-որ մի տեղ աշխատելու` արտերկիր, հետո իրեն ասելու են՝ դու շահառու չես, որովհետեւ 168 օր Հայաստանում չես եղել: Եթե ինչ-որ օտարազգիների խումբ որոշեր գաղթել ու հաստատվել Հայաստանում, երեւի այսքան խնդիրներ ու պրոբլեմներ չէին ստեղծի նրանց համար, որքան մենք հանդիպեցինք:
– Այսինքն, արհեստական խնդիրների եք հանդիպում: Կարծում եք` հատո՞ւկ են անում, որ արցախցիները հեռանան:
– Եթե նույնիսկ հատուկ չեն անում, չհասկանալով են անում, ուրեմն ճիշտ մարդիկ չեն որոշումները կայացնում․ ես այդպես կասեի:
– Բայց ստացվում է, որ արցախցիները լքում են, այսինքն՝ արդյունքը նույնն է:
– Իհարկե: Պատերազմից հետո, տեղահանումից հետո, երբ հադրութցիների մի մասը՝ Ստեփանակերտում, մի մասն Ասկերանում տեղավորվեց, զգում էինք, որ ինչ-որ մտայնություն կար, իսկ սա զգում ես, որ, Աստված չանի, եթե երկարաժամկետ լինի` 10 տարի, 20 տարի… վերջը չի երեւում: Մենք այստեղ ո՛չ հող ունենք, ո՛չ տարածքներ ունենք: Հիմա Հայաստանի որ մաս էլ գնանք, ամեն մի հողի կտոր իր տերն ունի, մենք երբեք այստեղ չենք կարող հողի տեր դառնալ, որովհետեւ հադրութցիների մեծ մասը գյուղացիներ են՝ դրա համար եմ ասում: Հիմա մարդիկ կա՛մ պիտի փող ունենան, որ այդ հողը գնեն, կա՛մ էլ ոչ ոք նրանց հող չի տա, որ նրանք հողով իրենց ապրուստը վաստակեն: Պետությունն ընդհանրապես դրա մասին չի մտածում եւ, իմ կարծիքով, չի էլ կարող, իսկ եթե կարողանում է, նման հարցերում չի էլ խորանում: Բնակարանային ապահովման ծրագրով ասում է, որ այդ գումարից 3 միլիոնը կարող են հատկացնել հող առնելու համար․ ես չեմ հասկանում՝ չի՞ կարող պետությունը պահուստային ֆոնդից հող հատկացնել, ասել` գնացեք, մշակեք, ապրեք:
Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: