Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Թանկյանի միջնորդավորված նվերը հայաստանյան նվագախմբերին

Հուլիս 26,2024 12:30

Վերջերս հայաստանյան նվագախմբերի արտիստների շրջանում նկատելի էր խանդավառություն, ինչը պայմանավորված էր առաջին անգամ Ամերիկայից նոր հարվածային գործիքների նվիրատվությամբ։ Ի դեպ, արտիստներից մեկ-երկուսը մեզ հավաստիացրին, որ այդ գործում իր դերն ունի աշխարհահռչակ ռոք աստղ Սերժ Թանկյանը։

Օրերս էլ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի պաշտոնական կայքից տեղեկացանք, որ իր 400-ամյակի կապակցությամբ հայտնի Zildjian ընկերությունը հարվածային գործիքներ է նվիրել ոչ միայն Երեւանի օպերային թատրոնին, այլեւ կոնսերվատորիային, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ եւ պետական սիմֆոնիկ նվագախմբերին, Հայաստանի պետական կամերային ու ջազ նվագախմբերին նույնպես։

Այս առիթով մեզ հետաքրքրող որոշ հարցերի պատասխանները ստանալու համար հանդիպեցինք օպերային թատրոնի տնօրենի հանրային կապերի եւ հաղորդակցության գծով խորհրդական Ռոնա Ահարոնյանին։ Նա նախ նշեց, որ նվիրատվության արարողությունը կայացել է հուլիսի 19-ին, Հայ բարեգործական ընդհանուր միության հայաստանյան դահլիճում, տեսակապով միացել են Zildjian ընկերության գործադիր տնօրեն եւ նախագահ  Քրեյգի Զիլջճյանը եւ այլք։ Ինչ վերաբերում է այս գործում ռոք աստղ Սերժ Թանկյանի դերին, մեր զրուցակցի խոսքերով՝ վերոնշյալ ընկերությունն այս նվիրատվությունը իրականացրել է System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանի կողմից 2023թ. համահիմնադրված հայկական երաժշտական տեխնոլոգիական Triple A Audio ընկերության նախաձեռնությամբ եւ ներառում է ավելի քան 20 Zildjian ծնծղաներ, ինչպես նաեւ տասնյակ այլ հարվածային փայտիկներ, մուրճեր եւ այլ աքսեսուարներ, ժպիտով էլ հավելեց, թե ամենամեծ հավաքածուն ուղղվեց օպերային թատրոնին։ Շեշտեց նաեւ. «Նվիրատվությունը հնարավոր է դարձել Ամերիկյան հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Ջ. Բարսամյանի եւ աշխարհում ամենամեծ հայկական ոչ առեւտրային կազմակերպություն հանդիսացող Հայկական բարեգործական ընդհանուր միության առատաձեռն աջակցությամբ»։


Ռոնա Ահարոնյանին խնդրեցինք որոշ տեղեկություններ հայտնել Zildjian ընկերության մասին, որի բարձրակարգ երաժշտական գործիքներն արդեն մի քանի դար է կատարելության չափանիշ են հանդիսանում եւ մեծ պահանջարկ են վայելում աշխարհի մեծագույն ռոք աստղերի, ջազմենների, բնականաբար՝ նվագախմբերի կողմից։ «Տեսակապով Zildjian ընկերության գործադիր տնօրեն եւ նախագահ պարոն Զիլջճյանը փոխանցեց, որ իրենց ընտանիքը այսկերպ ցանկանում է հարգանքի տուրք մատուցել իրենց պապիկի հայկական ժառանգությանը։ Նվիրելով երաժշտական այս նվագարանները, իրենք կատարում են այն, ինչը, անշուշտ, կցանկանար անել պապիկը։ Իսկ ինքը համոզված է, որ հայկական երաժշտական համայնքը կգնահատի նվիրատվությունը՝ հայկական անուն կրող ծնծղաները, որոնք արտադրվում են ԱՄՆ-ում»,- ասաց խորհրդականը։

Ըստ էության, անցյալ տարվանից Երեւանում տեղակայված  Triple A Audio ընկերության գործունեության մասին էլ ավելի ընդարձակ տեղեկություններ հայտնելու խնդրանքին Ռոնա Ահարոնյանն ասաց. «Ընկերությունը մասնագիտացված է երաժշտության արտադրության համար նախատեսված պրոֆեսիոնալ մակարդակի ծրագրերի՝ վիրտուալ ստուդիո տեխնոլոգիա (VST) գործիքների արտադրության, ինչպես նաեւ ֆիլմերի, հեռուստատեսության եւ վիդեո խաղերի համար ստեղծագործող կոմպոզիտորներին հեռահար ձայնագրման ծառայությունների մատուցման ոլորտում։ Ի դեպ, ընկերությունը հանձնառու է ներգրավել հայաստանյան երաժիշտներին, տարածել նրանց գործերը՝ խթանելով իրենց ներուժը միջազգային երաժշտական տիրույթում»։

Զրույցի ընթացքում քանիցս շեշտվեց միտքը, թե ոչ միայն հայաստանյան, այլեւ աշխարհի ցանկացած երկրի նվագախմբերի համար պարզապես անհրաժեշտ են  պրոֆեսիոնալ բարձրորակ գործիքները, չէ՞ որ դրանք կատարողականության որակի երաշխիքներից են։

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
25.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031