Սկիզբը՝ այստեղ:
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը խոչընդոտ չէ Վաշինգտոնի հետ ավելի խորը պաշտպանական համագործակցության համար
Հուլիսի 15-24-ն անցկացվեցին «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները, որոնցում ներգրավված էին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի եւ Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Հուլիսի 23-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնեց, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը գեներալ-մայոր Ջեյմս Քրիզելի (ԱՄՆ Եվրոպական հրամանատարություն), բրիգադի գեներալ Էնթոնի Մոհաթի (Կանզասի ազգային գվարդիա) եւ բրիգադի գեներալ Էնդրյու Սասլավի (Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքեր) հետ միասին դիտարկել է «Արծիվ գործընկեր 24» զորավարժության ընթացքը:
Ամերիկյան կողմը հատուկ շեշտում էր, որ այս զորավարժությունը հայ-ամերիկյան երկարամյա պաշտպանական համագործակցության հերթական նախաձեռնություններից է միջազգային խաղաղապահ գործողություններում մասնակցության նախապատրաստման ուղղությամբ։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում զորավարժության մեկնարկին հայկական կողմը հայտնեց, որ զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջեւ կայունացման գործողություններ, իսկ նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման եւ մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաեւ բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը:
Կարդացեք նաև
Գեներալ Մայքլ Վեներդին նշել էր. «Տարիների ընթացքում Կանզասի ազգային գվարդիան ամուր համագործակցային հարաբերություններ է կառուցել Հայաստանի Հանրապետության հետ: Մեր հայ գործընկերների հետ կողք կողքի աշխատելը «Արծիվ գործընկեր»-ի նման զորավարժություններում ամրապնդում է վստահությունն ու բարեկամությունը մեր ազգերի միջեւ»:
Հայ-ամերիկյան զորավարժությունների ֆոնին խիստ կարեւոր քաղաքական արձանագրում արեց Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան «Հետքին» տված հարցազրույցում, հասկացնել տալով, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը խոչընդոտ չէ Վաշինգտոնի հետ ավելի խորը պաշտպանական համագործակցության համար:
Հարցին`կարո՞ղ եք հաստատել այն տեղեկությունը, թե որոշում կա, որ ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի Հայաստանի պաշտպանության նախարարությունում, ամերիկացի պաշտոնյան նախ հայտնեց. «Լուրը հաստատում եմ։ Դա ողջունելի զարգացում է, կարող եք մանրամասները ճշտել մեր դեսպանից եւ լրատվական թիմից։ Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ պաշտպանա-քաղաքացիական եւ անվտանգային համագործակցության խորացումը։ Սա եւս մատնանշում է հայ-ամերիկյան հարաբերություններում նոր՝ ռազմավարական գործընկերության փուլ թեւակոխելու պատմական փաստը»։ Իսկ արդյոք Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամակցությունը խոչընդոտ է հայ-ամերիկյան ռազմական համագործակցության խորացման համար, կարո՞ղ է անդամակցության դադարեցումը խթանել այդ համագործակցությունը, այս հարցին ի պատասխան՝ Ուզրա Զեյան նշել էր. «ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հարցը որոշում է բացառապես Հայաստանի կառավարությունը։ Մենք հարգում ենք այդ որոշումը։ Նշեմ, որ մեր համագործակցությունը պաշտպանական եւ քաղաքացիական անվտանգության հարցերում շարունակում է խորանալ, իսկ Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի անդամ։ Երրորդ եւ վերջին դիտարկումս. չկա որեւէ փաստարկ, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը նպաստում է Հարավային Կովկասում տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ապահովմանը»։
Ինչպես եւ կարելի էր կանխատեսել, պաշտոնական Մոսկվան «սվիններով» ընդունեց հայ-ամերիկյան հերթական զորավարժությունների անցկացումը: Արեւմուտքը Հարավային Կովկասում Հայաստանին ներգրավում է Ռուսաստանի դեմ ուղղված համագործակցության տարբեր ձեւաչափերի մեջ, խոսելով «Արծիվ գործընկեր 2024» հայ-ամերիկյան զորավարժությունների մասին, հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Այդ զորավարժությունները ափսոսանքից զատ ոչինչ չեն առաջացնում, հատկապես այն հանգամանքներում, երբ Երեւանը փաստացի սառեցնում է իր գործունեությունը ՀԱՊԿ-ում եւ հասարակական հարձակումներ է կատարում այդ կազմակերպության դեմ», հավելեց Զախարովան։ Նրա պնդմամբ, Հարավային Կովկասում ամերիկացիների հայտնվելը միայն կուժեղացնի տարածաշրջանում պահպանվող հակամարտությունների ներուժը եւ կստեղծի նոր բաժանարար գծեր։ Զախարովայի խոսքով` այդօրինակ զորավարժությունների միջոցով ամերիկացիները Հայաստանին պարտադրում են ՆԱՏՕ-ի զինված ուժերի չափանիշները եւ արտաքին քաղաքականությունը։
Զախարովան դժգոհություն հայտնեց նաեւ ամերիկացի պաշտոնյաների` Հայաստան կատարած այցերի առիթով: Ամերիկացի պաշտոնյաները հերթով գալիս են Երեւան՝ պատրանք ստեղծելով, թե հոգ են տանում այս երկրի եւ նրա ժողովրդի բարօրության մասին, իրականում, ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի` նրանք հետխորհրդային երկրներին ներքաշում են հակառուսական արշավների մեջ, եւ դա բարդացնում է իրավիճակը նույնիսկ ոչ միայն Ռուսաստանի, այլ հենց այդ պետությունների համար։ «Հուսով ենք` Հարավային Կովկասի մեր գործընկերները հասկանում են, թե Արեւմուտքի կեղծ բարեկամությունն ինչ գին կունենա իրենց համար», նկատել էր նա:
Զախարովան հարկ էր համարել հիշեցնել, որ Մոսկվան ձգտում է գտնել փոխընդունելի լուծումներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խնդիրների լուծման գործընթացում։ «Այնուամենայնիվ, անհրաժեշտ է սկզբունքորեն հարց բարձրացնել՝ արդյոք Հայաստանը հավատարիմ է իր դաշնակցային պարտավորություններին»։ Անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության վերաբերյալ նա կարծիք էր հայտնել, թե Երեւանի քայլերը խաթարում են այդ ոլորտում Ռուսաստանի հետ փոխգործակցության հաստատված մեխանիզմների գործարկման հեռանկարները. «Սա դիվանագիտական ձեւակերպում է, բայց կարծում եմ, որ մեզ հասկացան»։
Նախ, հիշեցնենք, որ հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները նախորդ տարի անցկացվեցին սեպտեմբերի 11-20-ը, որին մասնակցել էին 85 ամերիկացի եւ 175 հայ զինծառայողներ։ Անցյալ տարի եւս հայ-ամերիկյան զորավարժությունների առնչությամբ Մոսկվան «մտահոգություն» էր հայտնել: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը զգուշացրել էր՝ կհետեւեն իրավիճակին. «Նման լուրերը մտահոգության տեղիք են տալիս՝ հատկապես ներկա իրավիճակում։ Մենք խորությամբ կվերլուծենք այդ տեղեկությունները»։
Հայաստանի պաշտպանության նախարարությունն, իր հերթին, միայն տեղեկացրել էր, որ զորավարժությունները կանցկացվեն խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում։ Ի դեպ, հենց ամերիկյան աջակցությամբ բարեկարգված «Զառ» կենտրոնը բացվեց 2022թ.-ին։ Այն պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի հիմնական ուսումնական ստորաբաժանումն է, որտեղ իրականացվում են խաղաղապահ ուժերի վարժանքները, զորավարժությունները, վերապատրաստման դասընթացներ եւ այլն: Հարկ է նաեւ նշել, որ հայ-ամերիկյան զորավարժություններ Հայաստանում էլի են անցկացվել, պարզապես անցյալ տարվանից դրանք առավել մասշտաբային են դարձել։
Անցյալ տարի եւս ամերիկյան կողմը նշել էր, որ «Արծիվ գործընկեր» զորավարժության հիմքում հայ-ամերիկյան երկարամյա անվտանգային համագործակցությունն է: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը նշել էր. «Արծիվ գործընկեր» զորավարժությունը Հայաստանի հետ մեր երկարամյա փոխգործակցության վկայությունն է, որի հիմքում անվտանգային եւ խաղաղապահ ոլորտներում համագործակցությունն է»: «Միացյալ Նահանգները հետեւողական աջակցություն է ցուցաբերել Հայաստանի զինված ուժերին, հատկապես կարողությունների զարգացման ասպարեզում այնպիսի կարեւորագույն ուղղություններում, ինչպիսիք են զանգվածային բնաջնջման զենքերի չտարածումն ու խաղաղապահ գործունեությունը»,- իր հերթին ասել էր գեներալ-մայոր Անդերսոնը։ ԱՄՆ դեսպանությունը նաեւ հայտնել էր, որ զորավարժությունը նաեւ նպատակ ունի բարձրացնել Հայաստանի 12-րդ խաղաղապահ բրիգադի պատրաստվածությունը այս տարի ավելի ուշ նախատեսվող ՆԱՏՕ/ ԳհԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգի» պլանային գնահատման համար։
Ռուսաստանի իշխանություններն ամենատարբեր մակարդակներով անցյալ տարի քննադատեցին Հայաստանի՝ ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություն անցկացնելու որոշումը։ Արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, թե որեւէ լավ բան չի տեսնում, որ «ՆԱՏՕ-ի ագրեսիվ երկիրը փորձում է ներթափանցել Կովկաս»։ Երեւանից արձագանքել էին՝ «հայ-ամերիկյան զորավարժությունները Հայաստանի սուվերեն որոշումն է»։
Ադրբեջանի կողմից տարբեր երկրների հետ զորավարժություններ անցկացնելու փաստերը, եւ մասնավորապես, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ ռազմական համագործակցության արդյունքում ադրբեջանական բանակի` թուրքականի վերափոխվելու իրողությունը պաշտոնական Մոսկվան տարիներ շարունակ արդեն չնկատելու է տալիս: Ավելին, ՌԴ բարձրագույն իշխանությունները Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների խորացումը համարում են միանգամայն տրամաբանական, Ադրբեջանի դեպքում` նրանց սուվերեն իրավունքը:
Այլ է պատկերը Հայաստանի դեպքում. ցանկացած քայլ Մոսկվայում ոչ միայն նկատում են, այլեւ որեւէ առիթ բաց չեն թողնում Հայաստանին ցույց տալու իր «տեղը»:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 25.07.2024