Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրի Քիմը՝ խաղաղության պայմանագրի մասին. «Թույլ դիրքերից հնարավոր չէ ստորագրել նման կարևոր պայմանագիր, որը կհանգեցնի միասնական, ամուր կամ արժանապատիվ արդյունքի»

Հուլիս 26,2024 09:30

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով առաջին փոխտեղակալ Յուրի Քիմը Քարնեգի հիմնադրամի կազմակերպած «ԱՄՆ դերը Հարավային Կովկասում տարածաշրջանային նոր կարգի հաստատման գործում» քննարկման հիմնական բանախոսն էր։

Տևական ժամանակ անց՝ առաջին անգամ Հարավային Կովկասում ստեղծվել է մի իրավիճակ, որը հնարավորություն է տալիս երկարատև ու արժանապատիվ խաղաղություն հաստատել շուրջ 30 տարի պատերազմող Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով առաջին փոխտեղակալ Յուրի Քիմը Քարնեգի հիմնադրամի կազմակերպած «ԱՄՆ-ի դերը Հարավային Կովկասում տարածաշրջանային նոր կարգի հաստատման գործում» քննարկմանը։

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը քննարկման գլխավոր բանախոսներից էր, որին մասնակցում էին նաև Հայաստանում և Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան ու Քարնեգի հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի գծով ավագ փորձագետ Մարիա Յովանովիչը, ինչպես նաև Քարնեգի համալսարանի Եվրոպական ծրագրի տնօրեն, ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Դեն Բայերը։

«Հնարավորություն ունենք անկայուն տարածաշրջանը վերածել էներգիայի և Ասիայից դեպի Եվրոպա ապրանքների ու գաղափարների փոխադրման հիմնական միջանցքի՝ Հարավային Կովկասը դարձնելով դարպաս երկու շատ կարևոր տարածաշրջանների միջև»,- ասել է Քիմը:

Ամերիկացի դիվանագետի պնդմամբ՝ Հայաստանի պարագայում առկա է հնարավորություն դուրս բերել երկիրը երկարատև մեկուսացումից:

«[Հայաստանը] չափազանց երկար ժամանակ մեկուսացված է, կախվածության մեջ է մեկ երկրից: Այժմ առկա է հնարավորություն զարգացնել կապերը, դիվերսիֆիկացնել Հայաստանի հարաբերությունները, որպեսզի նրանք՝ [Երևանում] ունենան ավելի շատ ընտրություն»,- ընդգծել է Քիմը:

Ամերիկացի դիվանագետը կարևորել է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը՝ շեշտելով, որ Երևանի ու Վաշինգտոնի հարաբերություններն երկխոսության մակարդակից տեղափոխվել են գործընկերության մակարդակ:

«Շատ ենք ցանկանում հնարավորինս կարևոր դեր ունենալ Հայաստանի ջանքերում, որոնք ուղղված են իր հարաբերությունների դիվերսիֆիկացմանը, իր անվտանգությունն ու բարգավաճումը ամրապնդելու կարողության մեծացմանը և երրորդ՝ այնպիսի դիրքին, որտեղ [Հայաստանը] կարող է վստահ կերպով խաղաղության պայմանագիր կնքել իր վաղեմի թշնամու հետ։ Դա դժվար է անել: Թույլ դիրքերից հնարավոր չէ ստորագրել նման կարևոր պայմանագիր, որը կհանգեցնի միասնական, ամուր կամ արժանապատիվ արդյունքի»,- ասել է Քիմը:

Ըստ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի, Հայաստանն այսօր փնտրում է այլընտրանքներ, և Վաշինգտոնն հնարավորություն է ընձեռում Հայաստանին Ռուսաստանի հետ պատմականորեն բացառիկ հարաբերություններից դուրս՝ ունենալ ընտրություն կատարելու հնարավորություն և հասնել հարաբերությունների բազմազանությանը:

«Զարմանալի չէ, որ շատ հայերի մոտ հարցեր են առաջանում Ռուսաստանի հետ հարաբերությունների առումով: Նախ՝ ռուսները ներխուժել են հարևանների տարածք: Պետք չէ հեռու գնալ. առաջինը՝ Ղրիմը, հետո՝ ողջ Ուկրաինան գրավելու փորձը, որը շարունակվում է ցայսօր։ Մյուսը՝ Վրաստանը. Ռուսաստանը շարունակում է օկուպացված պահել այդ երկրի 20%-ը։ Ռուսաստանի յուրաքանչյուր հարևան չի կարող հանգիստ քնել»,- ասել է Քիմը:

Խոսելով Ադրբեջանի հետ հակամարտության մասին՝ Յուրի Քիմը հիշեցրել է, որ Երևանն ու Բաքուն երկար տարիներ հակամարտության մեջ էին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ, որը ԱՄՆ-ն ու միջազգային հանրությունը ճանաչում էին Ադրբեջանի անբաժանելի մաս: 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ռազմական հարձակումը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 հազար հայերի տեղահանմանը Հայաստան՝ «անկախ այն հանգամանքից, թե այն եղել է Ադրբեջանի մտադրությունը, թե ոչ»՝ ընդգծել է Յուրի Քիմը։ Դիվանագետը հիշեցրել է, որ Վաշինգտոնը արագ արձագանքել է հումանիտար մարտահրավերներին՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելով տեղահանվածներին:

Քիմի խոսքով, չնայած նման զարգացումը ԱՄՆ նպատակը չէր, սակայն ստեղծված իրավիճակը հնարավորության դուռ է բացել երկարատև խաղաղության համար:

«Ե՛վ Փաշինյանը, և՛ Ալիևը նախընտրել են դիտարկել [իրավիճակը] որպես մի պահ, երբ վերացել է երկու երկրների միջև հակամարտության ամենամեծ աղբյուրը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի [շուրջ հակամարտությունը], և նրանք կարող են անդրադառնալ [իրենց] երկու պետությունների միջև ավելի լայն խնդիրներին, որոնք կհանգեցնեն արժանապատիվ ու ամուր խաղաղության հաստատմանը»,- նշել է Քիմը:

Իր հերթին՝ միջոցառման մեկ այլ բանախոս, նախկին դիվանագետ, Քարնեգի համալսարանի Եվրոպական ծրագրի տնօրեն Դեն Բայերը տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համար կարևորել է տնտեսական համագործակցությունը:

«Մշտապես երկար քննարկումներ ենք ունենում տասնամյակների կամ դարերի պատմության վերաբերյալ, բայց շատ քիչ է խոսվում այն մասին, թե ինչ ապագա է մեզ սպասվում: Կարծում եմ, տարածաշրջանում ընդլայնված տնտեսական կապերի հնարավորության ստեղծումը՝ մարդկանց տեղում ներգրավելու ուղիներից մեկն է: Այն զգացողություն է ստեղծում, որ ապագան կարող է ավելի բարեկեցիկ և լավը լինել՝ իրենց և իրենց ընտանիքների համար»,- ասել է Բայերը:

Նախկին դիվանագետն ընդգծել է Բաքվի ու Երևանի միջև խաղաղության հաստատման գործընթացում Թուրքիայի դերի կարևորությունը՝ նշելով, թե հայ-ադրբեջանական համաձայնությունը դժվար է պատկերացնել առանց Թուրքիայի աջակցության: Բայերի կարծիքով, այս հարցում Անկարան պետք է ունենա առնվազն ոչ պաշտոնական երաշխավորի դեր:

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031