Լրահոս
Օրվա լրահոսը

«Վստահ եմ՝ առաջիկա դատական քննության արդյունքում կայացվելիք դատական ակտով կճանաչվի իմ պաշտպանյալ Վազգեն Ոսկանյանի անմեղությունը»․ Մեկնարկում է «Հյուսիսային տերևաթափի» գործով դատական քննությունը

Հուլիս 26,2024 00:10

«ԱԱԾ հաղորդագրությունով ի սկզբանե՝ դեռևս քրեական գործի հարուցման առաջին օրերին ամեն ինչ ներկայացվել է այնպես, ինչպես ՀՀ վարչապետի աշխատակազմն է հետագայում մեկնաբանել՝ չակերտավոր հոկտեմբերի 27 է կանխվել։ Ու հետագա քննությունը, նախաքննությունը և դատախազության դիրքորոշումներն ըստ էության ծառայել են նրան, որպեսզի մամուլում հրապարակված և վարչապետի աշխատակազմի կողմից դրված «նշաձողը» պահպանվի կամ փորձ արվի առնվազն պահպանելու և որոշակիորեն հիմնավորելու այն»,- Aravot.am-ի դիտարկմանը՝ նշել եք, որ «Հյուսիսային տերևաթափի» գործով ԱԱԾ-ն, դատախազությունը, ապա ՔԿ-ն հետևողականորեն փորձել են իբրև ճշմարտություն ներկայացնել ԱԱԾ տարածած տեսանյութը, և պնդել, որ Ձեր պաշտպանյալի՝ Վազգեն Ոսկանյանի մեղադրանքը հիմնավորող բացարձակ ոչ մի ապացույց չկա և հարցին՝ ինչի՞ հիմքով եք այսպիսի հայտարարություն անում, այսպես պատասխանեց «Հյուսիսային տերևաթափի» գործով մեղադրյալներից արդեն 9 ամիս առանց տեսակցության ու զանգերի իրավունքի կալանավորված Վազգեն Ոսկանյանի պաշտպան Զորայր Հարությունյանը:

Տեղեկացնենք՝ հուլիսի 26-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, կմեկնարկի «Հյուսիսային տերևաթափ» անվանումը ստացած գործի քննությունը։ Գործի նախաքննությունն ավարտվել է։

Հիշեցնենք՝ 2023-ի նոյեմբերի 2-ին ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Մ-ն, Ս.Մ-ի, Է.Ծ-ի, Վ.Ո-ի, Կ.Ս-ի և քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում գործիքներ, միջոցներ ձեռք բերելու, դրանք հարմարեցնելու և դիտավորությամբ այլ պայման ստեղծելու եղանակով 2023 թվականի ընթացքում նախապատրաստել են կատարել պայթյուն և այլ հանրավտանգ արարք, ինչպես նաև զավթել և պահել ՀՀ պետական նշանակության և այլ շինություններ՝ զուգորդված քաղաքացիական անձին կյանքից զրկելու, ենթադրյալ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով, որի նպատակն է եղել հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, քանի որ հանցանքը բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից: Քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցավոր խմբի 5 անդամների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց՝ կիրառվել է կալանքը»։

Մեզ հետ զրույցում փաստաբանը որպես կողմնապահ քննության օրինակ նշեց այն, որ ԱԱԾ-ն և հետագայում էլ դատախազությունը ներկայացնում է՝ որպես ահաբեկչության  նախապատրաստվելու փաստը հիմնավորող հիմնավորում այն, որ իր պաշտպանյալի բնակության վայրում, օրինակ, կատարվել է խուզարկություն և մեծ քանակով գումարներ են հայտնաբերվել և առգրավվել․ «Մինչդեռ այդ գումարները պատկանել են ոչ թե իմ պաշտպանյալին, այլ նրա ընտանիքի մեկ այլ անդամի։ Նախաքննության ընթացքում այդ հանգամանքը հաստատվել է, և նույն նախաքննական մարմինն այդ գումարները վերադարձրել է ընտանիքի այդ անդամին։ Բայց մինչ օրս ըստ էության մեղադրանքի կողմն այդ հանգամանքը ներկայացնում է՝ որպես մի փաստարկ, որն իրենց կարծիքով հիմնավորում է ահաբեկչության նախապատրաստվելու մասին՝ իրենց կարծիքը։

Իսկ ընդհանրապես ամբողջ քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները ոչ միայն չեն խոսում նրա մասին, որ մեղադրանքը հիմնավոր է, այլ հակառակը, նույն իրավապահ համակարգի կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները, դրանց արդյունքները հակառակն են հաստատում ու հաստատում են իմ պաշտպանյալի ու գործով այլ մեղադրյալների ցուցմունքները, որոնց վրա հետևողականորեն նախաքննական մարմինն ու դատախազությունը աչք են փակում՝ այսպես ասած փորձելով կոծկել այդ ամենը կամ ներկայացնելով որպես ոչ իրական։ Այս ամենի հետևությունը մեկն է, որ ինչպես սկզբում ասացի՝ իրավապահ համակարգը փորձում է վարչապետի աշխատակազմի կողմից դրված այս չակերտավոր ասած՝ նշաձողը պահպանել ու համապատասխան բոլոր քայլերը ձեռնարկում է և փորձում իրականությունը խեղել»։

Զորայր Հարությունյանը վստահեցրեց՝ դա չի ստացվի, ու առաջիկա հրապարակային դատաքննության ընթացքում ապացույցների հետազոտության ընթացքում հանրությունը և բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան ինքնուրույն ընկալելու այն, որ այս մեղադրանքներն իրական չեն, խեղված են։

Մեր փաստմանը՝ գործով 5 մեղադրյալները տևական ժամանակ՝ շուրջ ինը ամիս անազատության մեջ են գտնվում և հարցին՝ սա իրավաչա՞փ է, Զորայր Հարությունյանը պատասխանեց․ «Միանշանակ իրավաչափ չէ, համարժեք չէ։ Մենք խոսում ենք միջանկյալ միջոցի՝ կալանավորման մասին, ոչ թե ազատազրկման, բայց անգամ միջանկյալ միջոցն ունի որոշակի սահմաններ՝ տրամաբանության, համաչափության, իրավաչափության, որոնք կոնկրետ դեպքում միանշանակ պահպանված չեն։ Ու ես վստահ եմ, որ առաջիկա քննությունը կհաստատի այդ ամենը, ու քննության արդյունքում կայացվելիք հերթական դատական ակտով կճանաչվի իմ պաշտպանյալի անմեղությունը և որպես հետևանք կճանաչվի իր՝ անազատության մեջ գտնվելը որպես ոչ իրավաչափ»։

Հետաքրքրվեցինք՝ Ձեր պաշտպանյալի՝ Վազգեն Ոսկանյանի մասով արդյոք պահպանվե՞լ է տեսակցությունների իրավունքն այս ամիսների ընթացքում, պահման պայմանների մասի՞ն ինչ կասեք, փաստաբանն այսպես արձագանքեց․ «Ի սկզբանե, երբ կիրառվել է կալանավորում խափանման միջոցը, վերջինիս նկատմամբ նաև կիրառվել է հաղորդակցման իրավունքի սահմանափակում ամբողջ ծավալով։ Իմ պաշտպանյալը հնարավորություն չի ունեցել շփվելու իր ընտանիքի անդամների հետ։ Այս դատական ակտի կայացումից երկու ամիս անց մեկ այլ դատավորի կողմից կալանավորման ժամկետը երկարացնելիս սահմանափակումը վերացվել է ընտանիքի անդամների մասով։ Բայց հաջորդած կալանավորման երկարացման միջնորդությունների քննության արդյունքներով՝ դատական համակարգում հայտնի Արտուշ Գաբրիելյանի որոշումներով այս սահմանափակումները նորից կիրառվել են՝ առանց որևէ նոր փաստարկների, նոր հիմնավորումների, կիրառվել են կամայականորեն, ոչ իրավաչափ՝ խախտելով ոչ միայն ՀՀ-ի ներպետական օրենսդրությունը, այլև Մարդու իրավունքների եվրոպական  կոնվենցիան։ Ու այս ամենի համար, բնականաբար, քրեական վարույթի ավարտից հետո, պաշտպանյալիս արդարացումից հետո համապատասխան պահանջով հանդես է գալու Վազգեն Ոսկանյանն ու նրա ընտանիքը իր կրած վնասների փոխհատուցման պահանջով»։

Հարցին՝ եթե հետադարձ հայացք նետի իր պաշտպանյալի նկատմամբ կատարված գործողությունների շղթային՝ սկսած նրանից, թե ինչպես են մուտք գործել Վազգեն Ոսկանյանի և մյուսների տուն՝ շոուի նմանվող տեսագրությունները և մինչև այս պահն իրականացվող գործողությունները իր համար պա՞րզ է այն հարցի պատասխանը, թե ինչու է այս ամենն արվում, ո՞րն է պատճառը, մանավանդ, որ ինքն էլ նշում է, որ այդ ամենը հիմնավորող փաստեր չկան, Զորայր Հարությունյանը պատասխանեց․ «Պատճառն իմ գնահատմամբ մեկն է․ իմ կարծիքով՝ գործադիր իշխանության առաջ խնդիր է դրվել ցանկացած տեսակի չակերտավոր վտանգ չեզոքացնել։ Տվյալ պարագայում իրավապահ համակարգը սխալ է գնահատել ծավալված գործունեությունը և կատարված գործողությունների և միջոցառումների արդյունքում սխալ եզրահանգման եկել ի սկզբանե, որ իր պատկերացմամբ՝ բացահայտել է ահաբեկչության նախապատրաստություն, որի արդյունքում չակերտավոր շոուն է ցուցադրել ու դա նաև մատուցել հանրությանը, որ այ, տեսեք՝ մենք բացահայտել ենք ահաբեկչության նախապատրաստություն և այ, տեսեք՝ ինչպիսի գործողություններ ենք կատարել, ինչեր ենք գտել։

Սակայն հետագա քննությունն այդ ամենը հերքել է, բայց քանի որ ի սկզբանե ԱԱԾ հաղորդագրությունով, դատախազության հրապարակային դիրքորոշումով սահմանվել է որոշակի «նշաձող», այսինքն՝ ի սկզբանե իրավապահ մարմինները հայտարարել են, որ իրենք վերջնականապես վստահ են, որ բացահայտել են  ահաբեկչության նախապատրաստություն, հետագայում նրանք արդեն այսպես ասած՝ վախեցել, կամ չեն ցանկացել հետ կանգնել իրենց կողմից հրապարակային հնչեցված կարծիքներից ու դիրքորոշումներից։ Նրանք վստահաբար առաջին գործողության կատարման ժամանակ ակնկալել են, որ, օրինակ, Վազգենի բնակության վայրում խուզարկություն կատարելով՝ հայտնաբերելու են ռազմամթերք, պայթուցիկ սարքեր, ռումբ և այլ, սակայն ոչ մի բան չեն հայտնաբերել, ու այս ամենի արդյունքում ազնիվ գտնվելու և հետապնդումը դադարեցնելու կամ իրավունքների սահմանափակումները դադարեցնելու փոխարեն իրավապահ համակարգն ընտրել է մեկ այլ ճանապարհ, որը հիմնականում բոլոր գործերով ընտրում է՝ սխալը խորացնելու ճանապարհը և հանրությանը մատուցելը, թե տեսեք՝ մենք ինչ գործ ենք բացահայտել, ինչ հանցագործության դեպք ենք բացահայտել և փրկել ենք պետությունը չակերտավոր ասած՝ նոր հոկտեմբերի 27-ից։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031