Լրահոս
Օրվա լրահոսը

Նարինե Դիլբարյան. «Ողջամիտ վարչապետ լինելու պարագայում Նիկոլ Փաշինյանը Լոնդոնում կգնար հանդիպմանը եւ կբարձրացներ մեկ միլիոն հայ փախստականների Ադրբեջան վերադառնալու հարցը»

Հուլիս 25,2024 18:30

Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը «Հայելի» ակումբում խոսելով Նիկոլ Փաշինյանի Լոնդոնում գտնվելու մասին՝ ասաց. «Ես համոզված եմ, որ հանդիպումը, լինելու էր ոչ միայն երկկողմ, որին, ի դեպ, Փաշինյանին դրդել է Իլհամ Ալիեւը՝ նշելով, որ իրենց միջնորդներ պետք չեն: Հենց երկկողմ հանդիպումների արդյունքում է, որ սահմանազատում-սահմանագծում անհրաժեշտ գործընթացը Հայաստանի համար աղետալի ընթացքով է կատարվում: Մենք բազմիցս նշել ենք, որ այսպիսի պարտությունների բեռ ունենալու եւ պատմական, քաղաքական խնդիրների ներքո կքած լինելու պարագայում միշտ էլ ճիշտը որոշակի միջազգային երաշխավորներն են, կամ այսպես կոչված հաշտարարները, ինչը զսպում է հարձակվող կողմին, իսկ մյուս կողմին, որը պարտվողի դերում է, ավելի հավասարակշիռ եւ ուժեղ է դարձնում:

Բայց Ալիեւն ինքը բացահայտեց, որ հանդիպումը լինելու էր ոչ միայն երկկողմ, այլեւ լինելու էր Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի հետ հանդիպում: Եվ Ալիեւի սպառնալի հայտարարությունից, թե ինչ հաշտության մասին կարող է խոսք լինել, երբ նման հանդիպումներից հրաժարվում են, ակնհայտ էր, որ վարչապետի պաշտոնում գտնվող Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ Միացյալ Թագավորությունը միշտ արտահայտելով իր տնտեսական շահերը, տարածաշրջանում պաշտպանում է Ադրբեջանի շահերը եւ ինքը միայնակ է մնում ազեր-բրիտանական հզոր տանդեմի առջեւ:

Կա նաեւ երրորդ գործոնը, որը նկատելի է: Եվ որքան էլ ՔՊ վարչախումբը փորձում է անընդհատ Ռուսաստանին մեղադրել մեր տարածաշրջանում տեղի ունեցող Հայաստանի համար տեղի ունեցող բոլոր բացասական դեպքերի համար եւ նշել, թե մենք գնում ենք հավաքական արեւմուտք, ակնհայտ են նաեւ Ռուսաստանից զգուշանալու միտումներ: Փաշինյանի զգուշավորությունը, վախը պուտինյան Ռուսաստանի հանդեպ առկա է:

Իր երկյուղների վերաբերյալ ես առերեւույթ հիմնավոր կասկած ունեմ, որ նրան դրդել են հեռանալ այդ պատասխանատվությունից: Համոզված եմ, որ այսքան ժամանակ վարչապետի պաշտոնում գտնվող Նիկոլ Փաշինյանը հրաշալի հասկանում է, որ առանց ԵԱՏՄ-ի եւ ընդհանրապես Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության մենք ոչինչ էլ չենք կարողանալու անել: Եվ այն առասպելները, թե Ադրբեջանը մեզ նպաստավոր գնով էներգակիրներ է վաճառելու եւ գալու են մեզ փրկեն, վստահ եմ՝ Փաշինյանը իր մտքերում համոզված է, որ դրանք բանդագուշանքներ են: Այդ վախերն ու անհանգստություններն էլ նրան ստիպել են դիմել ամենադյուրին ճանապարհին, այսինքն, հեռանալ եւ խուսափել այդ հանդիպումից»:

Տիկին Դիլբարյանի խոսքով, դա քաղաքական, տնտեսական, պաշտոնական բոլոր վախերից թելադրված քայլ կարող է լինել: Սակայն եթե այդ հանդիպումից հետ մղողը Նիկոլ Փաշինյանի վախը չլիներ, այլ լիներ ողջամտությունը, ապա այդ հանդիպմանը նա պետք է գնար եւ Ալիեւին ու Մեծ Բրիտանիայի նոր վարչապետին պետք է ասեր ճշմարտությունը: Այն, որ Հայաստանից 300 հազար ադրբեջանցիների հեռանալը առասպելական թիվ է, որ այստեղ ապրել է մոտ 150 հազար ադրբեջանցի, որոնց մեծամասնությունը ամբողջ ունեցվածքով, բեռով-բարձով, անգամ կործանիչ երկրաշարժից հետո համապատասխան պետական աջակցությամբ հանգիստ տեղափոխվել է Հայաստանից: Եվ եթե նրանց սերունդները դարձել են 300 հազար, ապա Բաքուն, Գանձակը, Շահումյանը, Գետաշենը, Մարդակերտի հատվածը, Սումգայիթը, որոնց մենք գումարում ենք նաեւ Նախիջեւանը, որը Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերով բնավ չի ճանաչվել Ադրբեջանի տարածք, այլ որպես պրոտեկտորատ 100 տարով ի տնօրինություն է տրվել, այնտեղից փախստական հայերը կես միլիոնը գերազանցում են: Եվ եթե վերցնում ենք  կրկնապատկման ադրբեջանական թվերը,  սերունդների հետ մեկտեղ մեկ միլիոն հայ հեռացել է իր ծննդավայրից եւ ուզում է վերադառնալ հենց այսօր:

«Ողջամիտ վարչապետ լինելու պարագայում Նիկոլ Փաշինյանը պետք է գնար այդ հանդիպմանը եւ շատ հանգիստ թույլ չտար, որ իրեն թելադրեն օտար օրակարգեր եւ ասեր. եթե խոսում ենք փախստականների վերադարձի մասին, ապա սերունդներով հանդերձ դուք ասում եք 300 հազար, մենք էլ սերունդներով հանդերձ ասում ենք մեկ միլիոնին մոտ հայություն հեռացել է իր ծննդավայրից, իր ունեցվածքը, սեփականությունը ամբողջությամբ թողել: Այդ ճշմարիտ խոսքը պետք է հնչեր եւ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պետք է լսեր դրա մասին: Պետք է ասեր, որ եկեք համատեղ քննարկենք, թե ինչպիսի հնարավորություններ պետք է ստեղծենք հայ փախստականների համար:

Ես համոզված եմ, որ եթե չլիներ այդ վախը, դա Հայաստանի համար դիվանագիտական առիթ էր վերստին բարձրաձայնելու  Ադրբեջանից հայ փախստականների հարցը, որոնք անգամ բռնի տեղահանված եւ ցեղասպանությունից վերապրածի կարգավիճակ պետք է ստանան»,-ասաց Նարինե Դիլբարյանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031