14 ամյա Արամ Ահարոնյանը Երեւանի թիվ 128 դպրոցը բարձր առաջադիմությամբ ավարտած ու «Հերացի» ավագ դպրոց դիմած աշակերտ է: Հուլիսի 4-ին է իմացել, որ ավագ դպրոց չի ընդունվել: Չընդունվելու պատճառը եղել է ոչ թե քննություններից անբավարար կամ մի կերպ դրական շեմը հաղթահարած գնահատականներ ստանալը, այլ «Հերացի» ավագ դպրոց դիմելու, բայց անասնաբույժ դառնալու ցանկությունը հայտնելը:
Հիմա պատմությունը սկսենք սկզբից:
«Միջնակարգ դպրոցում երեխայիս ՝ կենսաբանության ու քիմիայի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությունն ու ունակությունները տեսնելով՝ հենց դպրոցի մանկավարժական կազմը մեզ ուղղորդեց դիմել Հերացու ավագ դպրոց, որտեղ կենսաբանության եւ քիմիայի խորացված ուսուցում է: Դիմեցինք: Մեզ ներկայացրին պայմանները՝ ասելով, որ մեզ մոտ ընդունելությունը փուլային է: Բաղկացած է երեք փուլից, չորս քննություն: Առաջինը գիտելիքների ստուգման փուլն է, առաջին փուլը հաղթահարող երեխաներն անցնում են երկրորդ փուլ, այդ փուլում հարցազրույցն է, երկրորդ փուլից հետո ինտերակտիվ դպրոցն է, որը, ի դեպ, վճարովի է՝ 20.000 դրամ:
Գումարն էլ առձեռն փոխանցում ենք, մատյանում գրանցում են, վճարման դիմաց ոչ մի ՀԴՄ: Մեզ ասացին հաշվեհամար չունենք: Ընդունվող երեխաների ցանկը հայտնի է դառնում այս երեք փուլերն անցնելուց հետո: Մեզ ասացին, որ քննության արդյունքները իմանում ենք քննությունից երեք օր հետո: Առաջին քննությունից հետո տղաս տուն է գալիս՝ ձեռքին այսպիսի գրություն՝ Ընդառաջելով բազմաթիվ դիմորդների ծնողների խնդրանքին՝ «Հերացի» ավագ դպրոցի տնօրԵնությունը, ոչ թե տնօրինությունը, որոշել է հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք տալ բոլոր դիմորդներին ՝ անկախ գիտելիքի ստուգման արդյունքներից,»,- Aravot.am –ի հետ զրույցում պատմեց Արամ Ահարոնյանի մայրը՝ Հասմիկ Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով, քննությունը տալուց հետո օրեր շարունակ սպասում են, բայց այդպես էլ իրենց էլեկտրոնային փոստին չեն գալիս քննության արդյունքները: Միայն հետո են պարզում, որ դպրոցի տնօրինությունը այդ կարգերն էլ է փոխել, հիմա էլ որոշել են, որ արդյունքները չեն ուղարկվելու քննությունից երեք օր հետո. «Սպասում ենք, չկա, մեկ էլ էստեղից, էնտեղից լսում ենք, որ պարզվում է՝ հարցազրույցի ժամանակ են ասում քննության արդյունքները: Այնինչ՝ նախապես ասել էին, որ մեր մեյլին պիտի ուղարկեին: Հարցազրույցի ժամանակ դիմորդներին հնչող հարցերն էլ հետեւյալն են՝ անուն ազգանուն, ինչու եք որոշել գալ «Հերացի» ավագ դպրոց: Բոլորն ասացին՝ ուզում ենք բժիշկ դառնալ, տղաս ասաց՝ անասնաբույժ: Միանգամից ասացին՝ ձեր շանսերը նվազեցին, գնացեք գյուղակադեմիա»:
Հուլիսի 4-ին Ահարոնյանի մայրիկը մեյլով արդեն տեղեկանում է, որ իր երեխան չի ընդունվել: Չընդունվելու պատճառը երեխայի ծնողները փորձում են պարզել դպրոցի տնօրինությունից. «Չհասկացանք՝ ինչ կատարվեց, ինչու չընդունվեց, որովհետեւ բոլոր քննություններից բարձր ցուցանիշներ էր ստացել: Առաջին պատասխանը, որ տնօրենը տվեց՝ մեր դպրոցն է, ում ուզում ենք, նրան ենք ընդունում: Ասում եմ՝ չհասկացա՝ սա պետական դպրոց չի՞:
Հետո ասաց՝ ձեր երեխան քիմիայից կտրվել է, ասում եմ՝ ցույց տվեք, բերեք աշխատանքը: Մեզ ցույց չտվեցին աշխատանքը, որովհետեւ սուտ էր, իմ տղան զրո չէր ստացել: Հետո հանկարծ տնօրենը հիշեց հարցազրույցի ժամանակ երեխայիս ասածը, թե անասնաբույժ է ուզում դառնալ, կախվեց այդ մտքից, բա թե թողնեմ Բժշկական համալսարան ընդունվել ցանկացող երեխաներին, ձե՞ր երեխային ընդունենք: ես էլ ասում եմ՝ դե որ էդպես է, էստեղ թող գրված լիներ, կամ նախապես հայտնեիք, որ եթե բժշկական չեք գնալու, չդիմեք, կամ որ բոլորը դիմում են, բժշկակա՞ն են ընդունվում: Տնօրենն ի պատասխան ասաց՝ հա դա մեր բացթողումն է, բայց դուք չէ, որ պետք է ասեք մեր բացթողումը: Ամուսինս էլ ասում է՝ լավ իսկ ձեզ լավ սովորող երեխա պետք չէ՞, պատասխանում է՝ մեզ ոչ միայն լավ սովորող երեխա է պետք:
Մենք էլ ասում ենք՝ չափանիշներն ասեք, հասկանանք ոչ միայն լավ սովորող ինչ նկատի ունեք: ի՞նչ է արել մեր երեխան, կամ ինչ չի արել, վա՞տ է վարք է դրսեւորել, խա՞ղ են խաղացել, պարտվե՞լ է: Ի՞նչ էր լրացուցիչ պետք: Ասում է՝ մենք բացատրություն չենք տալիս: Հավելեմ նաեւ, որ շեշտը բժշկական համալսարանի վրա է դրված, բայց իրենք ունեն տնտեսագիտական հոսք նաեւ: Մեզ ասում է՝ այդ հոսքն էլ մյուս տարվանից փակվում է : Ես անձամբ մարդկանց եմ ճանաչում, որ այս ավագ դպրոցն ավարտել են, բայց Ամերիկյան, Սլավոնական համալսարաններ են ընդունվել: Հիմա ինձ կողքից ասում են՝ բա չգիտեիք, ասեիք բժիշկ եմ ուզում դառնալ, բայց ես չգիտեի, որ պիտի խաբենք:
Ավելի ազնիվ կլիներ, էդ հարցազրույցը, էդ քննություններն ու ֆարսը չկազմակերպեին, ասեին՝ մենք մեր երեխեքին ընդունում ենք: Էս ամեն ինչի մեջ թագն ու պսակը մեր կորցրած ժամանակն է: Հիմա դպրոցներում տեղ չկա, քոլեջ, վարժարան, արդեն անցկացրել են իրենց քննությունները, հիմա մեր երեխան մնացել է դրսում: Թող մեզ ասեին՝ ձեր երեխան թույլ է, դրա համար չի ընդունվել, կնեղվեինք, բայց դուրս կգայինք, բայց այսպիսի վերաբերմո՞ւնք»:
Ինչպե՞ս են ընդունվում «Հերացի» ավագ դպրոց ու ովքեր,- պարզաբանում է դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանը:
«Չէ, գնահատականներն էական չեն: Մենք այնքան թափանցիկ ենք աշխատել: Որոշել էինք էլեկտրոնային տարբերակով գրել դիմորդներին՝ անցել եք հաջորդ փուլ կամ դուք չեք անցել: Հետո մտավախություն ունեցանք, որ ծնողները կսկսեն ասել, թե ինչ սկզբունքով եք ասում՝ անցել եք, ինչ սկզբունքով եք ասում՝ չեք անցել: Որոշեցինք հարցազրույցին հրավիրել բոլորին ու բաժանել նրանց գրավոր աշխատանքները: Նույնիսկ 1 դրական ստացող երեխային հնարավորություն ենք տվել շարունակել: Ովքեր որ կողմնորոշված են, բժիշկների երեխաներ են, որոնք ուզում են բժիշկներ դառնալ, ատամնաբույժների երեխաներ են՝ ուզում են ատամնաբույժ դառնալ, դեղագործներ: Դա է եղել մեր նպատակը: Կոնկրետ Արամ Ահարանոյանի դեպքում, երեխան հարցազրույցի ժամանակ ասաց, որ ատամնաբույժ է ուզում դառնալ բոլորի ներկայությամբ, եթե տնտեսագիտական հոսքի համար դիմած լինեին, միգուցե ընդունվեին, կոնկրետ դիմել են կենսաքիմիական հոսքի համար»,- Aravot.am-ին ասաց Նարինե Սարգսյանը:
Մեր դիտարկմանը, թե փաստորեն նախընտրությունը տրվում է այն դիմորդին, որը ոչ թե բարձր գնահատական է ստանում, այլ որ ուղղակի հայտնում է, որ բժշկական համալասարան է գնալու, տնօրենն այսպես արձագանքեց. «Քանի որ մեր ընդունելության կարգը միայն գնահատականով չէ, նախապատվությունը տրվում է… երեխան հո մեղավոր չէ, որ օրինակ երեք առարկան ստացել է դրական, մեկը՝ բացասական: Մենք նախապատվությունը տալիս ենք սկզբում 4 դրական, ստացածին, հետո 3 դրական ստացածին, հետո՝ 2, հետո՝ 1: Եղել է երեխա, որ ամառային դասընթացների ժամանակ այնքան լավ արժեհամակարգով աչքի է ընկել, այդպիսի երեխաներին էլ ենք փորձում հնարավորություն տալ:
Ով չի կարողացել իր դպրոցում բնագիտական առարկաները լավ սովորել, որովհետեւ ինչ որ խնդիրների պատճառով չի եղել ուսուցիչ: Ի վերջո, դպրոցը միայն կրթության համար չէ, դաստիարակության, մշակութային օրեր ապահովելու եւ այլոց իրար հետ համատեղելու սոցիում ապահովելու գաղափարն է: Երեխա կա, որ արժեհամակարգային բարձր համակարգով է աչքի ընկել, մյուս երեխան որ պասիվ է ու չի դրսեւորում այդ արժեքները, որ միգուցե ունի, ճիշտ կլինի որ միմյանց հետ շփվեն, ավելի կյանքին պատրաստ գնան: Հարցազրույցի գաղափարը գնահատականը չէ» :
Դպրոցում սովորում է 550 աշակերտ, 381 դիմորդից այս տարի 120 աշակերտ է ընդունվել, կենսաքիմիական 6 հոսքով, յուրաքանչյուր դասարանում 20-ական աշակերտ: Տնտեսագիտական հոսքում ընդունվել են 40 հոգի՝ երկու դասարանով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ