Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստի ընթացքում հետազոտվեցին ապացույցները՝ մասնավորապես տեսանյութեր։
Lևոն Քոչարյանը և Սերգեյ Ասատուրովը մեղադրվում են սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած խաղաղ ցույցի ժամանակ կարմիր բերետավորների «օրինական պահանջը» չկատարելու և ոստիկաններին ծեծելու մեջ։ Ըստ իրավապահների՝ Լևոն Քոչարյանը ծեծի է ենթարկել 4 կարմիր բերետավորի։
Լևոն Քոչարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասաց՝ տեսանյութից էլ պարզ է դառնում, որ ոստիկանի ոչ մի օրինական պահանջ չի հնչում․ «Մի քաղաքացի, որը ավտոմեքենայի մոտ էր կանգնած, որևէ գործողություն չէր կատարում, նա բերման է ենթարկվում։ Ավելին, նրան՝ պարանոցի հատվածից բռնելու միջոցով են բերման ենթարկում։ Եթե սա բերման ենթարկելու օրինաչափ, գործող չափանիշ է, այլ բան ասել չեմ կարող։ Ուշադրություն դարձրեք, որ որևէ օրինական պահանջ չի հնչում, բարձրախոսի որևէ ձայն չկա»։
Արամ Վարդևանյանն էլ, հղում կատարելով տեսանյութին, ասաց․ «Տեսնում ենք թևանցուկ կանգնած մի քանի քաղաքացիների։ Արդյոք թևանցուկ կանգնած լինելը, կամ ոստիկանների կողմ քայլելը քրեորեն հետապնդվող արա՞րք է։ Ոչ մի տեղ գրված չէ, որ արգելված է հավաքների ժամանակ թևանցուկ կանգնած լինելը։ Մենք տեսանյութի այն հատվածում, որը ավաղ զննության որևէ արձանագրության մեջ մանրակրկիտ ներկայացված չէ, տեսնում ենք, թե ինչպես ոստիկանության ծառայողներից մեկը՝ ոստիկանը Արթուր Ղազարյանը, որը հենց րոպեներ առաջ պարզ ասում էր՝ սրան էլ բերման ենթարկեք ՝ քաղաքացու մասին խոսելով, մոտենում է Լևոն Քոչարյանին ու խեղդելու հնարք է կիրառում։ Տեսանյութի շարունակության պայմաններում կրկին տեսնում ենք՝ ինչպես է Հրաչիկ Խաչատրյանը խեղդելու հնարք կիրառում Լևոն Քոչարյանի նկատմամբ։ Արդյոք նշված հանգամանքները զննության արձանագրության մեջ տե՞ղ են գտել»։
Կարդացեք նաև
Լևոն Քոչարյանը հայտարարեց՝ հստակ երևում է տեսանյութերով, որ ոչ մի օրինական պահանջ ոստիկանների կողմից չի եղել․ «Մենք տեսնում ենք ոստիկանների անհասկանալի գործողությունները։ Ի՞նչ իմաստ կա մեղադրանքում գրել՝ մխրճվեցին ոստիկանների մեջ, եթե գալու էիք այստեղ ու մեղմ ասած լավ վիճակում չէիք հայտնվելու։ Էդ ի՞նչ բառ է՝ մխրճվեցին։ Մենք գնում կանգնում ենք, ի՞նչ մխրճվել։ Ի վերջո բոլորս տեսնում ենք։ Տեսանյութն ապացուցում է այն, ինչ մենք առաջին օրից ասում ենք․ մենք չենք հարվածել ոստիկաններին, ոչ մի ապօրինի գործողություն չենք արել, ոչ մի օրինական պահանջ էլ ոստիկանների կողմից չի եղել»։
Հանրային մեղադրողն ասաց՝ ոստիկանության աշխատակիցներն իրենց ծառայողական գործողությունները լրիվ ուրիշ անձանց նկատմամբ են իրականացնում, որոնք կապ չունեն այս գործով մեղադրյալների հետ․ «Մեղադրյալները քայլերթին հակառակ՝ ոստիկանության ծառայողներին հրելու, միջամտելու համար հակառակ են գնում, մխրճվում ոստիկանության աշխատակիցների մեջ, որոնք իրականացնում են իրենց ծառայությունը։ Շրջվելու ու նրանց ընդառաջ գալու, քայլերթին հակառակ գնալու հանգամանքը հենց ապացուցում է ոստիկանների ծառայությանը միջամտելու նպատակը, այնուհետև իրականացված բռնության գործողությունները»։
Արամ Վարդևանյանը վստահեցրեց՝ ոչ մի մխրճում չի եղել․ մարդիկ քայլել են ոստիկանների ուղղությամբ․ «Տեսանյութից երևում է, որ կարծես շատ մարդիկ են հետ գալիս, իսկ ինչո՞ւ են հետ գալիս։ Մի աղջիկ ահավոր բարձր ձայնով գոչում էր, որովհետև ակնհայտ է, որ մեծ շոկի մեջ էր, քանի որ Հրաչիկ Խաչատրյանն այդ աղջկա մտերիմին էր տանում։ Այդ պարագայում նորմալ է, չէ՞, որ շուռ գանք, տեսնենք՝ ինչո՞ւ է այդ աղջիկը գոռում»։
Այս լսելով հանրային մեղադրողը հարցրեց․ «Բա որ շուռ էին գալիս, տեսնեն՝ այս աղջկան ինչ է եղել, խի՞ են ոստիկաններին հարձակում իրականացնում, բա խի՞ են դեպի ոստիկանները գնում, այդ աղջկան ինչի՞ չեն գնում, հարցնում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ