Aravot.am-ը Հայաստանի ազգային պատկերասրահից հետաքրքրվել է, թե կառավարության հատուկ ցանկով սահմանված ինչ արժեքներ կան (Հայաստանի ազգային պատկերասրահին պատկանող), որոնք ներկայումս գտնվում են ՀՀ տարբեր պաշտոնյաների աշխատասենյակներում:
Պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի գրավոր պատասխանից տեղեկանում ենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակում Գաբրիել Գյուրջյանի 2 աշխատանք կա՝ «Գարունը Հայաստանում», «Հայկական բնանկար»:
Այնտեղ է գտնվում նաեւ Գևորգ Բաշինջաղյանի «Ալազանի հովիտը»: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակում են գտնվում Հրաչյա Խուդավերդյանի «Աշունը», Հովհաննես Սանասարյանի «Հրազդանի դաշտերը», Հենրիկ Սիրավյանի «Սյունիքը»:
Կարդացեք նաև
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի աշխատասենյակում Գեւորգ Բաշինջաղյանի «Սեւանն» է: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատասենյակում Գեւորգ Բաշինջաղյանի 2 գործ կա՝ «Արարատը և Արաքս գետը» եւ «Սեւան», ինչպես նաեւ Հենրիկ Սիրավյանի «Երևանը» եւ Հովհաննես Այվազովսկու «Փոթորիկ ժայռոտ ափերին» գործը: Արտգործնախարար նախարար Արարատ Միրզոյանի աշխատասենյակում էլ Զաքար Խաչատրյանի «Դաշտային ծաղիկներն» ու «Տանձենին» են:
Հայաստանի ազգային պատկերասրահի պատասխանում նշված է, որ ժամանակավոր պահպանության հանձնված ցուցանմուշների ցանկը ներկայացնում են՝ հիմք ընդունելով Թանգարանների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի (ընդունված 2024-ի փետրվարի 28-ին) հոդված 11-ի 4-րդ կետը («Պետական կամ համայնքային թանգարանի թանգարանային առարկաները ժամանակավոր պահպանության են հանձնվում միայն Հանրապետության նախագահի աշխատակազմին, Ազգային ժողովի նախագահի աշխատակազմին, վարչապետի աշխատակազմին, փոխվարչապետի գրասենյակին և արտաքին գործերի նախարարությանը արարողակարգային և նստավայրում ցուցադրության նպատակով՝ պայմանով, որ ապահովվեն թանգարանային առարկաների տեղափոխության, ցուցադրության և պահպանության պայմանակարգը, դրանց անվտանգությունը»):
Նաեւ նշված է. «Ցուցանմուշների պահպանության պայմանների, վիճակի նկարագրության, խնդիրների ֆիքսման նպատակով Ազգային պատկերասրահի կողմից պարբերաբար կատարվում է դիտանցում: Անհրաժեշտության դեպքում ցուցանմուշները տեղափոխվում են Պատկերասրահ՝ վերականգնման, ամրակայման նպատակներով: Ցուցանմուշների տեղաշարժն իրականացվում է միայն համապատասխան փաստաթղթավորման հիման վրա:
Նշենք նաև, որ, հիմք ընդունելով վերոնշյալ օրենքի համապատասխան կետը, այլ կազմակերպություններին ժամանակավոր պահպանության հանձնված ցուցանմուշները, պայմանագրային ժամկետների լրանալուն պես, վերադարձվում են Թանգարան»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ