Հուլիսի 10-ին Վեդի խոշորացված համայնքի Գինեվետ բնակավայրում տեղի ունեցան հանրային լսումներ՝ քննարկելու ցեմենտի գործարանի կառուցման հարցը։ Տեղական իշխանությունը, սակայն, չապահովեց բավարար պայմաններ՝ բոլոր շահագրգիռ կողմերին պատշաճ ներգրավման համար։ Ոստիկանությունը վերահսկել էր միջոցառումը եւ սահմանափակել մուտքը՝ թույլ չտալով համայնքի եւ հարակից բնակավայրերի բնակիչներին ներկա գտնվել: Պաշտոնական պատճառաբանությունը դահլիճում տարածքի բացակայությունն էր:
«Գինեվետում տեղի ունեցածը ժողովրդավարական արժեքների խոշորագույն ոտնահարում էր… Այդպիսի երեւույթ թերեւս հնարավոր է Բելառուսում կամ միգուցե Ադրբեջանում, որովհետեւ թույլ չտալ մարդկանց մասնակցել լսումներին նաեւ խոչընդոտել ոստիկանական վերահսկմամբ, հատուկ է միայն տոտալ կառավարում ունեցող երկրներին: Սա աննախադեպ էր. գոնե ես չեմ հիշում նման բան սկսած՝ 2015-ից, երբ անձամբ ներգրաված եմ եղել հանրային լսումների ապահովման գործընթացներում»,-Մեդիա կենտրոնում նշեց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը:
Նրա խոսքով. «Խախտվել էին եւ ՏԻՄ, եւ ՇՄԱԳ օրենքներով հանրության մասնակցության ապահովման կարգերը (որով ՏԻՄ-ը պետք է առաջնորդվեր), եւ միջազգային փաստաթղթերը՝ այդ թվում Օրհուսի կոնվենցիան: Գինեվետում տեղի ունեցածը աննախադեպ է նաեւ նրանով, որ տեղական ինքնակառավարման մարմինները ներգրավել էին ոստիկաններին՝ օրենքի խախտման գործընթացում…
Իմ տպավորությամբ ՏԻՄ ներկայացուցիչները հավանաբար դիմել են ոստիկանությանը, թե եկեք, պահպանեք կարգը, ոստիկանությունը, միգուցե չի իմացել, որ ՏԻՄ եւ ՇՄԱԳ օրենքով պետք է ապահովի հանրության լիարժեք մասնակցությունը եւ իրականացրել են այն, ինչ իրենց հրահանգվել է…»:
Կարդացեք նաև
«Էկոլուր» ՀԿ ղեկավար Ինգա Զարաֆյանն ասաց, որ իրենք քանիցս մասնակցել են տասնյակ հասարակական լսումների, ինչ վերաբերվում է Գինեվետին, նրա ձեւակերպմամբ՝ոստիկանության ներկայությունը եւ մասնակցությունը մեծ ճնշում էր հանրության վրա: «Մեր օրենսդրությունը հավասար իրավունքներ չի տալիս բիզնեսին, ՏԻՄ-ին եւ հասարակությանը: Կա հանրային լսումների կամ հանրային քննարկումների կարգ, որում չկա մի կետ, որտեղ գրված լինի՝ ինչպես պետք է հասարակության կարծիքը հաշվի առնվի»,-ընդգծեց տիկին Զարաֆյանը:
Նա տարակուսանք հայտնեց. «Ի՞նչ պետք է անի այս իրավիճակում հանրությունը։ Ունենալով ինչ-ինչ շահեր՝ ՏԻՄ-ը չի պաշտպանում իր բնակիչների շահերը։ Եթե հասարակությունը չի կարողանում մասնակցել հանրային լսումներին, ինչպե՞ս կարող է մասնակցել որոշումների կայացմանը, էլ ե՞րբ»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ