Aravot.am-ի տեղեկություններով, «Ֆեստիվառ» փառատոնին ընդառաջ՝ վաղը Գյումրի կժամանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ամենայն հավանականությամբ կգա իր ընտանիքի անդամների հետ ու հանգստյան օրերը կանցկացնի այս քաղաքում։
Փաշինյանը, ինչպես միշտ, գիշերելու է Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Վիկտորիա» հյուրանոցում։ Մեր տեղեկություններով, այստեղ նախապատրաստվում են նրան դիմավորելու։
Չի բացառվում, որ վարչապետին ուղեկցեն նաև կառավարության այլ անդամներ ու կուսակից ընկերներ։ Կուսակցական կամ աշխատանքային-պաշտոնական հանդիպումներ կլինեն, թե՞ ոչ, այս մասին դեռ հստակ տեղեկատվություն չկա։
Հիշեցնենք, որ «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը տեղի է ունենալու շաբաթ օրը՝ հուլիսի 27-ին։ Հայաստանում այն կազմակերպվում է երկրորդ անգամ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ։
Կարդացեք նաև
Գյումրու Վարդանանց հրապարակում, որտեղ փառատոնի շրջանակում ելույթ է ունենալու Թաթա Սիմոնյանը, արդեն իսկ մեծ նախապատրաստական աշխատանքներ են տարված, տեղադրված է բեմը։
«Ֆեստիվառը» նաև միջոց է դառնալու տեղի արտադրողների համար տոնավաճառ կազմակերպելու։ Մինչ մեծ համերգը, տեղի երաժշտական խմբերն են ելույթ ունենալու, քաղաքի տեսարժան վայրեր այցելություն է կազմակերպվելու։
Թաթա Սիմոնյանը վաղուց ելույթ չի ունեցել Գյումրիում, այս քաղաքում տիրող տրամադրություններից զգացվում է, որ նա բավական սպասված է այստեղ։
Ինչպես տեղեկանում ենք որոշ հյուրատների ղեկավարներից, ինչպես նաև սոցիալական ցանցերից՝ հանրապետության մյուս տեղանքներից շատերն են պատրաստվում գալ Գյումրի՝ Թաթային ունկնդրելու։
Ի դեպ, տոնական միջոցառումները միայն «Ֆեստիվառով» չեն սահմանափակվում, կիրակի օրը «Գյումրու օր» տոնակատարությունն է, որը նշվելու է մշակութային տարբեր միջոցառումներով։
Ինչպես տեղեկանում ենք Գյումրու համայնքապետարանի պաշտոնական էջից՝ «Վաղ առավոտից՝ տոնական միջոցառումներ են, արհեստի ու արվեստի տոնավաճառներ, մանկական եւ երիտասարդական համերգային հարթակներ, թանգարանային միջոցառումներ, ցուցահանդեսներ ու տոնական համերգ՝ Աբովյան փողոցում»։
Գյումրու համայնքապետարանը տեսանյութ է պատրաստել՝ կոչ անելով հուլիսի 27-ը և 28-ն անցկացնել «Սրտի քաղաք՝ Գյումրիում»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ