ԿԳՄՍ նախարարության և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը հուլիսի 19-22-ն անցկացրել է Հայագիտական միջազգային կոնգրես:
Մատենադարանում, ինչպես նաև Սյունիքի և Վայոց ձորի մարզերում անցկացված կոնգրեսին մասնակցել են 16 երկրներից Հայաստան ժամանած հեղինակավոր հայագետներ ու միջնադարագետներ, հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ (Անթիլիաս, Զմմառ, Վենետիկ, Վիեննա, Երուսաղեմ): Հայագիտական միջազգային կոնգրեսը Մատենադարանում միավորել է աշխարհի բոլոր խոշոր համալսարանական գիտական կենտրոնների հայագիտական հանրությունը ներկայացնող մասնագետներին: Կոնգրեսին իր մասնակցությունն է բերել նաև Բոլոնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Աննա Շիրինյանը:
«Անչափ կարևորում եմ նմանատիպ հանդիպումները, քանի որ այն առաջին հերթին նպաստում է միջանձնային հարաբերությունների հաստատմանն ու զարգացմանը: Այն նաև մտքերի փոխանակման, մասնագիտական քննարկումների, գործընկերային կապերի ամրապնդման, ինչպես նաև համագործակցության և պայմանավորվածությունների ձեռքբերման հրաշալի հարթակ է»,- խոսելով Երևանում անցկացված հայագիտական կոնգրեսի մասին՝ նշում է նա:
Բոլոնիայի համալսարանը հիմնադրվել է 1077 թվականին և համարվում է Եվրոպայի հնագույն համալսարանը։ Այստեղ գործում է հայագիտության ամբիոն, որը ղեկավարում է պրոֆեսոր Աննա Շիրինյանը: Նա ներկայացրել է հայագիտությանն առնչվող գործընթացները համալսարանական ամբիոնում:
Կարդացեք նաև
Գաբրիելա Ուլուհոջյանը՝ հայագիտության ամբիոնի հիմնադիր Բոլոնիայի համալսարանում
Բոլոնիայի համալսարանում հայագիտությունը սկիզբ է առել 1973 թվականին գիտնական Գաբրիելլա Ուլուհոջյանի ջանքերի շնորհիվ: Գիտնականը հարթել է այն ուղին, որով ներդրվել և ձևավորվել է հայագիտությունը Բոլոնիայի համալսարանում. այն առաջին հայագիտական ամբիոնն է Իտալիայում: Գաբրիելլա Ուլուհոջյանը 1973 թվականից մինչև 1982 թվականը Բոլոնիայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում դասավանդել է հայոց լեզու և գրականություն։ 1982 թվականին հաղթելով պետական մրցույթում՝ դարձել է հայագիտության ամբիոնի վարիչ՝ նախ ղեկավարել է լեզվագիտության, ապա միջնադարյան պատմության բաժինները։ Այդ տարիների ընթացքում Գաբրիելլա Ուլուհոջյանին հաջողվել է ամրապնդել Բոլոնիայի համալսարանում հայոց լեզվի ուսումնասիրության մակարդակը, նրա ջանքերով հիմնվել է համապատասխան գրադարան։ Որպես մանկավարժ՝ Գաբրիելլա Ուլուհոջյանը կարողացել է պատրաստել արժանի հետևորդներ. նրա ուսանողներից հինգը պաշտպանել են դոկտորական ատենախոսություններ: Նրանցից է Աննա Շիրինյանը, որն իր կայուն տեղն է զբաղեցրել Բոլոնիայի համալսարանում և հայագիտության ասպարեզում:
Համալսարանում հայագիտությունը հզորացնելն ամենօրյա աշխատանք է
Բոլոնիայի համալսարանի հայագիտության դոցենտ Աննա Շիրինյանը հպարտությամբ է արձանագրում, որ առաջին հայագիտական ամբիոնը Իտալիայում բացվել է Բոլոնիայի համալսարանում: Անմիջապես հետո հայագիտությունը դասընթացների ձևաչափով ներդրվել է Վենետիկի, Պիզայի, Ֆլորենցիայի, Հռոմի համալսարաններում:
«Գաբրիելլա Ուլուհոջյանի շնորհիվ մենք ունեցանք նաև հստակ ծրագրեր, որոնցով էլ առաջնորդվում ենք հայագիտության ուսումնասիրման ուղղությամբ: Համալսարանում հայագիտությունը հզորացնելը, ուսանողներին այս ուղղության կարևորությունը մշտապես բացատրելը, ոգևորելը մեր ամենօրյա աշխատանքն է: Հատկապես այնպիսի մեծ բուհում, ինչպիսին Բոլոնիայի համալսարանն է, միշտ էլ վտանգ կա, որ հայագիտությունն այդ ընդհանուր համայնապատկերի մեջ կարող է կորչել: Իրականում, եթե համեմատենք այլ ուղղությունների հետ, հայագիտությունն ընտրած ուսանողների թիվը շատ ավելի փոքր է»,- ասում է Աննա Շիրինյանը:
Մարտահրավերներ
Մեծագույն խնդիրն այն է թե ինչի առջև են կանգնում ուսանողները, որոնք զբաղվում են հայագիտությամբ: Աննա Շիրինյանի խոսքով՝ նրանք չգիտեն, թե հետագայում ինչպես կշարունակեն իրենց մասնագիտական գործունեությունը: Մշակութային նախաձեռնությունների ֆինանսավորման պարագայում ուսանողները ոլորտում իրացվելու հնարավորություն են ունենում: Օրինակ՝ ֆինանսավորված ծրագրերում՝ ցուցահանդեսային, հրատարակչական գործունեության, թարգմանչական աշխատանքներում ներգրավվելով՝ ուսանողներն առավել իրացված են լինում: Ամբիոնի վարիչը կարծում է, որ ոլորտում ծրագրերի բազմազանությունը հեռանկարային և հրապուրիչ կդարձնի հայագիտությունը, հնարավորություն կընձեռի ուսանողներին զբաղվել, զարգացնել այս ուղղությունը և վարձատրվել կատարած աշխատանքի համար: Նմանատիպ ծրագրերն անհրաժեշտ են նաև ուսանողների մասնագիտական կենսագրության հարստացման համար. «Հետազոտական աշխատանքներ կատարելու ուղղությամբ էլ ծրագրերը շատ չեն: Ինչ խոսք, տարբեր տեսակի աջակցության, ծրագրերի ֆինանսավորման առկայության և ֆինանսավորման դեպքում կարող ենք խթանել հայագիտության ոլորտի զարգացումը»:
Հաջողություններ
Այս պահին Բոլոնիայի համալսարանի Հայագիտության ամբիոնն ունի շուրջ 30 ուսանող: Կան ուսանողներ, որոնք սովորելով Բոլոնիայի համալսարանում՝ համագործակցել, հետազոտական աշխատանքներ են կատարել տարբեր հոգևոր հայագիտական կենտրոններում, Մատենադարանում, գործակցել են տարբեր համալսարանական ամբիոնների հետ, այս ուղղությամբ պաշտպանել են ատենախոսություններ և հաջողություններ գրանցել ոլորտում:
Թվային տեխնոլոգիաներ
21-րդ դարում թվային տեխնոլոգիաները, թվային աղբյուրները մեծ նշանակություն և պահանջարկ ունեն ոլորտի բնականոն զարգացման, առաջընթացի, հետազոտական աշխատանքների իրականացումն ապահովող գործընթացներում: Նոր տեխնոլոգիաներն ապահովում են թվայնացված ձեռագրերի, մատենագրության հասանելիությունը:
Բոլոնիայի համալսարանի հայագիտական ամբիոնը, ինչպես Աննա Շիրինյանն է նշում, համագործակցում է տարբեր համալսարանական, հոգևոր կենտրոնների հետ: Օրինակ՝ կան կատալոգներ, որոնց համար անհրաժեշտ նյութերը, ձեռագրերի հատվածներն ու էջերն ամբիոնը Մատենադարանին է պատվիրում: Օգտվում են նաև Վատիկանի գրադարանի թվային շտեմարանի նյութերից, որոնք բաց հասանելիություն ունեն: 10 տարի առաջ երբ դեռևս ներդրված չէին թվային տեխնոլոգիաները, գործն ավելի դանդաղ էր ընթանում, քանի որ յուրաքանչյուր ձեռագրի, նմուշի հետազոտման համար պահանջվում էր ֆիզիկական ներկայություն տվյալ կենտրոնում:
Համագործակցություն
Բոլոնիայի համալսարանի հայագիտության ամբիոնը ակտիվորեն համագործակցում է Իտալիայում, Եվրոպայում, Հայաստանում գործող համալսարանական և հոգևոր հայագիտական կենտրոնների հետ: Երևանի պետական համալսարանի հետ իրականացնում են ուսանողների և դասախոսների փոխանակումներ ԵՄ «Էրազմուս» ծրագրի շրջանակում:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ