ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստի ընթացքում դատարանի դահլիճում հետազոտվեցին ապացույցները՝ մասնավորապես տեսանյութեր։
Հիշեցնենք՝ Լևոն Քոչարյանը և Սերգեյ Ասատուրովը մեղադրվում են սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած խաղաղ ցույցի ժամանակ կարմիր բերետավորների «օրինական պահանջը» չկատարելու և ոստիկաններին ծեծելու մեջ։ Ըստ իրավապահների՝ Լևոն Քոչարյանը ծեծի է ենթարկել 4 կարմիր բերետավորի։
Ապացույցների հետազոտումը սկսվեց մեղադրող կողմի ներկայացրած տեսանյութերից։ Մեղադրող կողմը չցանկացավ, որ տեսանյութի հետազոտությունը շարունակվի այն պահից հետո, երբ ցուցարարներին նստեցնում են ոստիկանական մեքենա։
Լևոն Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը հայտարարեց․ «Առնվազն վարույթն իրականացնող մարմինը, երբ նշված կրիչը տեղադրել էր համապատասխան քրեական վարույթի նյութերում, հանրային մեղադրողները ներկայացրին այս տեսանյութը, մենք այլընտրանք չունենք, քան նշված հատվածը դիտելու։ Մեկ այլ հանգամանք էլ կա։ Ինչպես տեսանք՝ տուժող Վարդան Հովհաննիսյանը կադրերում չի եղել, այլ հիմա նստում է մեքենա։ Նա տուժողն է։ Հիմա հասկանանք՝ կամ մենք իսկապես տեսանյութի այս հատվածը չենք նայում, քանի որ Վարդան Հովհաննիսյանը տուժող չէ այս գործով, բայց նա տուժող է, հետևաբար պետք է նայենք մյուս հատվածը ևս։ Պարզ է, թե ինչու մեր գործընկերները չեն ուզում, որ մենք այս տեսանյութի շարունակությունը նայենք, քանի որ այս հատվածից տեսնելու են մյուս տուժողին՝ Հրաչիկ Խաչատրյանի՝ մեղմ ասած ոչ իրավաչափ գործողությունները, ոստիկաններին ոչ հարիր գործողությունները»։
Կարդացեք նաև
Լևոն Քոչարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը պնդեց՝ ներկայացվել է ապացույց, որը պետք է ամբողջ ծավալով հետազոտվի։ Դատավարական այնքան պարզ ճշմարտություն է, որ այստեղ քննարկելու բան չկա»։
Հանրային մեղադրողներն ասացին՝ մենք հիմա հետազոտում ենք մեղադրանքի կողմի ներկայացրած ապացույցները՝ այն ծավալով և այն չափով, որը նպատակահարմար համարում են։ Ապացույցի այսքան մասով ապացուցվում է մեղադրանքի փաստական կողմը։ Մեղադրողները հորդորեցին՝ թող պաշտպանական կողմն իր ապացույցները ներկայացնի, թող այդ հատվածն էլ ներկայացնի։
Լևոն Քոչարյանը դատարանի դահլիճում հայտարարեց՝ իր համար անհասկանալի էր տուժող Վարդան Հովհաննիսյանի կարծիքը, որ ասում է՝ չնայենք այդ հատվածը․ «Եթե չենք նայում սա, այս մարդն այստեղ տուժող է բացարձակապես մեքենայի դեպքերով։ Իրեն բերել եք, ասում եք՝ տուժող է իր նկարագրած դեպքով՝ մեքենայի մասով։ Արդյոք չպիտի՞ մենք դա նայենք։ Չտեսնե՞ք՝ ինչ է եղել։ Ասում եք՝ ես բռնություն եմ գործադրել նրա նկատմամբ մեքենայի մեջ։ Այդ ամբողջը սրանից հետո է։ Չնայե՞նք ամբողջը։ Այս մարդն այստեղ որպես տուժող է նստած։ Ինքը ենթադրաբար՝ իրենց ասելով, մեղադրանքի ասելով՝ տուժել է այս մեքենայի մեջ։ Իր ցուցմունքում էլ նշել է, որ ինքն ինձ հետ առնչություն չի ունեցել․ մեքենա նստելուց է ունեցել։ Բա այն դեպքը չնայե՞նք, որով ըստ իրենց՝ Վարդան Հովհաննիսյանը տուժել է։ Սա տրամաբանության մեջ չի տեղավորվում»։
Նախագահող դատավորն այս առիթով ասաց՝ կողմերը զրկված չեն միջնորդելու, որպեսզի ապացույցների ծավալը լրացվի։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց՝ Վարդան Հովհաննիսյանը պետք է ասի, թե այս տեսագրության մեջ կոնկրետ ո՞ր դրվագում է երևում․ «Վարդան Հովհաննիսյանը տվյալ պարագայում տուժող է, ենթադրվում էր, որ նրա նկատմամբ պետք է բռնություն կիրառվեր մինչև մեքենա նստելը, հետևաբար պիտի ասի, մինչև մեքենան տանելը նա այնտեղ գտնվե՞լ է և կոնկրետ ո՞ր պահին է։ Եթե չուսումնասիրենք, Վարդան Հովհաննիսյանը՝ որպես չակերտավոր տուժող հնարավորություն ունենալո՞ւ է հայտարարություն անել»։
Արամ Վարդևանյանն էլ նախագահող դատավորին խնդրեց՝ կհարցնե՞ք մեղադրողներին՝ ինչո՞ւ չեն ուզում այստեղից հետո նայենք։
Լևոն Քոչարյանն ասաց՝ այս դրվագն էլ ապացուցում է գործի հանդեպ տարբերակված և սխալ մոտեցումը․ «Մեղադրողների մոտեցումն առնվազն արդար չէ այս առումով։ Մենք տեսանյութը սկսել ենք դիտել շատ ավելի շուտ՝ հրապարակից սկսած, բայց միանգամից խնդիր ունեցան, հենց մեքենայի՞ն հասանք։ Եթե այդ մոտեցումն է, ուրեմն պիտի ասեին՝ սկիզբն էլ չնայենք։ Միայն տվյալ հատվածը նայենք։ Այս դրվագն էլ ապացուցում է այն ամբողջ մոտեցումը, որը եղել է այս քրեական գործ կոչվածի հենց սկզբից․ այս տարբերակված ու սխալ մոտեցումը»։
Ի վերջո` տեսանյութի հետազոտումը չշարունակվեց այն կետից հետո, որից հետո հանրային մեղադրողները չէին ցանկանում։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ