«Այս եռամսյակի ընթացքում հիմնականում պետք է ուշադրություն հրավիրեմ այն իրադարձությունների վրա, որոնք տեղի ունեցան ապրիլ- հունիս ամիսներին: Նկատի ունեմ բողոքի ցույցերի ժամանակ լրագրողների իրավունքների խախտումները»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով 2024 թ. 2-րդ եռամսյակի զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի, լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ։
ԽԱՊԿ նախագահի խոսքով. «Ի տարբերություն առաջին եռամսյակի՝ երկրորդ եռամսյակում արձանագրվել է ֆիզիկական բռնության 14 դեպք, այլ տիպի ճնշումները նույնպես ավելացել են երկրորդ եռամսյակում, խոսքը վիրավորանքների, սպառնալիքների, լրագրողական գործունեության տարատեսակ խոչընդոտումների մասին է: Կիսամյակի արդյունքներով դրանք 43-ն են»:
Աշոտ Մելիքյանը նշեց, որ տեղեկություններ ստանալու եւ տարածելու առումով այս եռամսյակում նվազում է արձանագրվել. «Այսինքն` պետական ատյաններից տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումները նկատելիորեն պակասել են, ինչն այս եռամսյակի միակ լավ լուրն է»:
Վերադառնալով լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնություններին՝ ԽԱՊԿ նախագահը նշեց, որ հետհեղափոխական տարիներին դրանք աննախադեպ են. «2018 թվականից ի վեր նման թվով ֆիզիկական բռնություններ մեկ եռամսյակում դեռ չէին արձանագրվել, ինչը բնականաբար պայմանավորված է հասարակական-քաղաքական վիճակով: Այն ըմբոստության շարժումը, որ սկսվեց ապրիլին եւ ակտիվորեն շարունակվեց մինչեւ հունիսի կես, ուղեկցվում էր բռնություններով, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախումներով, այդ գործընթացները, ցավոք, հանգեցնում էին նրան, որ լրագրողներն ու օպերատորներն էին տուժում: Դա կարող էր լինել եւ հրմշտոցի ընթացքում, եւ թիրախավորված հարձակում, ինչը նույնպես արձանագրվել է»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ