2024 թվականի հունիսի 27-ին ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ջո Բայդենի ու Դոնալդ Թրամփի առաջին, ու փաստորեն վերջին հեռուստաբանավեճում դեմոկրատ թեկնածուն ջախջախիչ պարտություն կրեց, որից հետո Թրամփի «ականջին բան ասացին» ու անցան իրենց նախագահական նոր թեկնածուի փնտրտուքին։
Ռուս-ուկրաինական հակամարտությունում նրանց անհաջողությունները ակնհայտ են և մտածում են հակամարտության հոգսերը հանրապետականներին փոխանցելու մասին։ Ուստի չեմ բացառում, որ իրականում դեմոկրատներին այս պահին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ պետք չէ։ ԱՄՆ դեմոկրատները վստահ են, որ ունեն բավարար ռեսուրսներ ցանկացած ժամանակ կրկին իշխանության գալու համար։
Թրամփը խոստացել է, որ նախագահ ընտրվելու դեպքում ինքը կկարողանա ավարտել պատերազմն Ուկրաինայում նույնիսկ մինչև նախագահի պաշտոնի պաշտոնապես ստանձնումը։ Թե ինպե՞ս նա դա կանի, բնականաբար չի ասում, մի բան ակնհայտ է, որ նոր ԱՄՆ նախագահը ավելի ազատ այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկի, քանի որ նա կաշկանդված չէ պատերազմը մինչև հաղթանակ հասցնելու պայմանավորվածություններով ու պայմանագրերով, ինչպես Բայդենը։ Այլ խոսքով, ըստ իս, ԱՄՆ հանրապետականները բազմակողմանի ծածուկ ու բացահայտ աջակցությամբ կհանգուցալուծեն Ուկրաինայի խնդիրը, եթե դա Ուկրաինայի համար նույնիսկ շատ անշահեկան լինի։ Մի բան այլևս անգլոսաքսերի համար պարզ է, որ Ռուսաստանին հաղթել չեն կարող և անհրաժեշտ է նրա հետ վերսկսել բանակցությունները։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես. ի հեճուկս Ուկրաինայում ընդունված Ռուսաստանի հետ բանակցությունները բացառող օրենքի, արտահայտվել է բանակցությունները վերսկսելու օգտին։ Նման իրադարձությունների ֆոնին բնական է ԵՄ-ամերիկյան ռազմաքաղաքական պաշտոնյաների ակտիվությունը Հայաստանում, որտեղ գլոբալիստները իրենց հեռահար նպատակներին հասնելու, այն է` Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար, ո՛չ միայն տաս միլիոն դոլար, այլ անհամեմատ շատ ավելի մեծ գումարներ կարող են ներդնել ռազմավարական նշանակություն ունեցող ՀՀ պետական հաստատություններում, միայն թե հանկարծ, այս իրենց համար զգայուն ժամանակներում, Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում որևէ դրական տեղաշարժ չարձանագրվի։ Նրանք հայաստանյան իշխանությունների հետ հաջողությամբ համագործակցում են, ՀՀ իշխանությունները նույնիսկ չեն խորշում Պաշտպանության նախարարությունում ամերիկյան բանակի ներկայացուցչին «աշխատանքի ընդունելուց»։
Կարդացեք նաև
Սակայն այս ամենը թողնելով քաղաքագետների ու քաղաքական վերլուծաբանների մանրակրկիտ ուսումնասիրմանը, ուզում եմ անդրադառնալ «Փրկիր Հայաստան» (Save Armenia) հուդայա-քրիստոնեական միության պատվիրակության առաքելությանը Հայաստանում, որոնք ի շարս այլ ռազմաքաղաքական խմբերի նույնպես ժամանել են Հայաստան։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ այս միությունը իր գործունեությունը սկսել է այս տարվանից և նպատակ ունի միավորել համաշխարհային քրիստոնյա համայնքների ջանքերը՝ Հայաստանին աջակցելու համար։ Միության անդամները հուլիսի 23-ին հանդիպել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, որտեղ առանձնահատուկ կարևորություն են տրվել հայ-ամերիկյան հարաբերությունների բարելավմանը։ Չմոռանանք, որ միության նպատակը Հայաստանին աջակցելու համար համաշխարհային քրիստոնյա համայնքների ջանքերի միավորումն է և ողջունելի է, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մոտ քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական կարիքների, Ադրբեջանի կողմից ԼՂ-ում կրոնական հուշարձանների ոչնչացման առնչվող հարցեր։
Սակայն փոքր ինչ տարակուսելի է հատկապես միության անդամների հանդիպումը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամների հետ, որտեղ վերջիններս «Փրկիր Հայաստանը» հուդայա-քրիստոնական միության պատվիրակությանն են ներկայացրել իրենց դիտորդական առաքելության մանդատն ու գործունեությունը։ Առաջին հայացքից թվում է առաքելությունը պետք է հանդիպումներ իրականացնի, գոնե նաև, կրոնական համայնքների հետ, մասնավորապես Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչների հետ։ Սակայն առայժմ նման տեղեկատվություն չկա և, կարծում եմ, դժվար էլ լինի։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ