«Դուք չարաչար սխալվում եք, որ մեր իշխանությունը ձախողել է։ Մեր իշխանությունն իր առջեւ դրած խնդիրները լուծելով առաջ է գնում»,- այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Կառավարության գոնե վերջին մի քանի նիստերում ապօրինի գույքերի հետվերադարձ է եղել ՀՀ կառավարությանը։ Դուք դրանք նկատել եք, բայց ձեր խղճի առաջ մաքուր չեք, արդար չեք։ Վերադարձնում ենք, սպասեք, պրոցեսների կեսից ինչ-որ մեկնաբանություններ անելը սխալ կլինի»,- ասաց մարզպետը՝ անդրադառնալով հարցին, որ այս կառավարությունը չի իրականացրել իր խոստումները։
Կարեն Սարգսյանը նշեց․ «Վեց տարում այն, ինչ մեր առջեւ դրել ենք, իրականում այդ խոստումների հետ կապված իրականացրել ենք։ Եվ խոստումների իրականացումը շարունակական է։ Այնպես որ, այդ պրոցեսները ինչ-որ մի կետում չեն կանգնելու, շարունակվելու են, մինչեւ մեր խոստումներն ամբողջությամբ չկատարվեն»։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երկրորդ անգամ է այցելել Գեղարքունիք, եւ շարժման առաջնորդները հայտարարել են, որ մարզի բնակիչների նկատմամբ մարզպետի գլխավորությամբ ճնշումներ են գործադրվում, որպեսզի չմասնակցեն շարժման հավաքներին։
Կարդացեք նաև
Անդրադառնալով այս հարցին՝ Կարեն Սարգսյանն ասաց․ «Իրականությանը չի համապատասխանում այդ ներկայացրածը։ Ես գիտեմ՝ ինչի համար են այդպես մեկնաբանում, այն, ինչ իրենց մոտ չի ստացվում, փորձում են որեւէ մեկին մեղավոր գտնել, որպեսզի կարողանան արդարացնել իրենց չստացված արարքները։ Կխնդրեմ իրենց փոխանցել՝ իրենք չարաչար սխալվում են, Գեղարքունիքում այդպիսի բան չկա»։
Մարզպետն ասաց, որ ընդհանրապես մտավախություն չունի, որ սեպտեմբերից շարժումն ակտիվանալու է։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ