Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից՝ ինչո՞ւ է նախարարը հետին թվով որոշում կայացրել, որպեսզի ոստիկանությունը կարողանա ցուցարարների նկատմամբ կիրառել «Զարյա 3» տեսակի հատուկ միջոցները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր եղել, որ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունիսի 26-ին փոփոխություն է կատարել նախարարի նախկին հրամանում, որտեղ սահմանված են ոստիկանության կողմից թույլատրելի հատուկ միջոցներն ու դրանց կիրառման չափանիշները, եւ այս ցանկում հետին թվով ներառել է հունիսի 12-ին Դեմիրճյան-Բաղրամյան պողոտայում խաղաղ ցուցարարների վրա նետված «Զարյա 3» հատուկ միջոցը։
«Ի՞նչ է նշանակում հետին թվով։ Հրամաններն ընդունելու որոշակի ընթացակարգ կա։ Մենք, պահպանելով օրենքով սահմանված ընթացակարգը, որոշակի փոփոխություններ ենք իրականացրել։ Կարող եք գրավոր հարցում ուղարկել, եւ ձեզ հստակ բոլոր ժամկետներն ու ընթացակարգերը կներկայացնենք»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ իշխանությունը փորձում է հետին թվով սրբագրել իր գործողությունները, Ավանեսյանը պատասխանեց․ «Որեւէ սրբագրման կամ սահմանափակման հարց չկա, թե երբ են արվում փոփոխությունները։ Ասացի՝ օրենքով սահմանված կարգով, պահպանելով ընթացակարգերը, որեւէ հետին թիվ չկա, ընդունվել է որոշում։ Չեմ կարծում, որ այստեղ որեւէ ինտրիգ կա»։
Կարդացեք նաև
Հարցին, թե ո՞րն է իր որոշման հիմքը, որ «Զարյա 3» հատուկ միջոցը ոստիկանները կարող են կիրառել խաղաղ ցուցարարների դեմ, Ավանեսյանը պատասխանեց․ «Ես չգիտեմ՝ ովքեր են կարծիքներ արտահայտում, մենք ունենք համապատասխան փորձագիտական կառույցներ, որոնք տալիս են եզրակացություն, եւ համապատասխան այդ եզրակացությունների որոշակի փոփոխություններ են իրականացվում մեր իրավական ակտերում»։
Հարցին, թե որքանո՞վ է վնաս մարդկանց առողջությանը «Զարյա 3»-ի կիրառումը, նախարարը պատասխանեց․ «Ես չեմ դրա գնահատողը, կա մասնագիտական կառույց, որը ելնելով, թե միջազգային փորձից, թե տվյալ միջոցների կիրառման արդյունքում հնարավոր որեւէ վնասի ռիսկերից, կայացնում է որոշում՝ ընդգրկելու տվյալ միջոցը մեր հրամանում, թե՞ չէ։ Մասնագիտական խումբը որոշում է կայացրել, որ այն, ինչ ընդգրկված է, համապատասխանում է ստանդարտներին։ Կառավարության որոշումներն ու նախարարների հրամանները ժամանակ առ ժամանակ փոփոխվում են, որովհետեւ մեր կյանքն էլ է փոփոխվում»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ