Լրահոս
Օրվա լրահոսը

200 մլն դոլար ներդրումային վարկով կկառուցվի Քաջարանի թունելը․ Մեղրիի լեռնանցքն ալյեւս շահագործելու կարիք չի լինի

Հուլիս 25,2024 12:19

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի ստորագրմանը։

Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջեւ նախատեսվում է կնքել վարկային համաձայնագիր, որով Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից կտրամադրվի 200 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրումային վարկ «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար։ Իսկ ՀՀ կառավարության մասնակցությունը 194 մլն դոլար է։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ այս ծրագրով նախատեսվում է իրականացնել Քաջարանի թունելի, որը շուրջ 7 երկարություն կունենա, կառուցման եւ գոյություն ունեցող Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման շուրջ 4 կմ երկարությամբ հատվածի վերակառուցման աշխատանքները: Թունելը նախագծվել է միջազգային չափորոշիչներին համապատասխան։

«Այս ծրագրի իրականացման արդյունքում ճանապարհը կկրճատվի շուրջ 14 կմ-ով, եւ 50 կմ ժամ արագության փոխարեն կանցնենք 80 կմ ժամ միջին արագությամբ։ Տեւողությունը կկրճատվի մոտ 40 րոպեով։ Ինչպես նաեւ Հայաստանի ամենաբարձր լեռնանցքը՝ Մեղրիի լեռնանցքն ալյեւս շահագործելու կարիք չի լինի։ Այսինքն՝ ձմռան եղանակային պայմաններն ու ճանապարհային բարդությունները հաղթահարելու կարիք չի լինի»,- ասաց Սանոսյանը։

Ծրագրի կարիքների համար նախատեսվում է օտարել շուրջ 160 հողամաս, նախատեսված շինարարական աշխատանքների իրականացման հաշվարկված ժամկետը կազմելու է շուրջ 6 տարի:

Սանոսյանը, անդրադառնալով «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարական աշխատանքներին, ասաց, որ նախատեսվում է հաջորդ տարվա ամռանն ունենալ Երեւանից դեպի Գյումրի ամբողջովին կառուցված «Հյուսիս-հարավ»։ Ինչ վերաբերում է հարավային հատվածին, ըստ նրա, ներկայում շինարարություն է ընթանում Ագարակ-Քաջարան 32 կմ հատվածում։ Ագարակ-Քաջարան ճանապարհի կառուցմանը կհաջորդեն Քաջարանի թունելի կառուցումը եւ Քաջարան-Սիսիան 60 կմ-ոց հատվածի շինարարությունը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031