Լրահոս
Օրվա լրահոսը

Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության իրավունքից օգտվողների տարիքային շեմը բարձրացվեց

Հուլիս 25,2024 11:49

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, որով եւս մեկ անգամ ընդլայնվում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության իրավունքից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց․ «Այս նախագծով նախատեսվում է, որ օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ ծառայությունների ամբողջական փաթեթից օգտվող երկու տարի եւ ավելի անպտղություն ունեցող անզավակ կանանց տարիքային շեմը 36-ից բարձրացվում է մինչեւ 40 տարեկանը ներառյալ։ Բացի դրանից, ընդլայնվում է նաեւ երկրորդային անպտղություն ունեցող մեր շահառուների շրջանակը։ Եվ եթե նախկինում սահմանվում էր, որ միայն սահմանամերձ բնակավայրերի մեր քաղաքացիներն իրավունք ունեին օգտվելու այս հնարավորությունից, հիմա այդ սահմանափակումը դուրս է գալիս, եւ բոլորը կարող են օգտվել։ Այսինքն՝ երկրորդային անպտղության հետ կապված խնդիրները եւս արդեն թիրախային կերպով հասցեագրվում են մեր կողմից»։

Նախարարը նշեց, որ միաժամանակ կարգավորվել է Արցախից բռնի տեղահանված անձանց բուժօգնության կարգը։ Մինչ օրս արցախցիները եւս օգտվում էին այդ ծրագրից, բայց անհատական հրամանների շրջանակներում։ Նոր որոշմամբ, նախարարի խոսքով, հիմա նրանք արդեն ընթացակարգային առումով կօգտվեն այս հնարավորություններից։

«Ծրագրում ընդգրկվածության բավական լավ ցուցանիշներ ունենք։ Մի քանի թվեր հրապարակեմ, որոնց ցույց են տալիս, թե ծրագիրն ինչպես է տարեցտարի ընդլայնվել։ Եվ ոչ միայն շահառուների շրջանակն է ընդլայնվել, այլ նաեւ ունենք արդեն ծնված բալիկների բավական լավ ցուցանիշներ։ Ծրագիրը պիլոտային կարգով սկսվել է 2019 թվականին, եւ շարունակվելով՝ 2020 թվականին ընդամենը 49 բալիկ ենք ունեցել, 2021 թվականին՝ 76, 2022 թվականին՝ 128, 2023 թվականին՝ 159 եւ 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին արդեն 271 երեխա է ծնվել։ Ունենք նաեւ հղիների կտրուկ աճ, ինչը նշանակում է, որ առաջիկայում ծնունդների թիվը կմեծանա»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031