Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբողջ երկիրը մի մեծ փոս է դարձել, որից չենք կարողանում դուրս գալ. «Հրապարակ»

Հուլիս 25,2024 11:21

Նախորդ օրը Թալին-Երեւան ճանապարհը փակած գյուղացիներից մեկն էր նստել ասֆալտին ու ոստիկանին ասել՝ դե ծեծի: Լավ է ծեծ ուտի, քան շարունակի ապրել «անճամփա», կարելի է ասել՝ շրջափակման մեջ: Մարդիկ ընդամենը պահանջում են վերգետնյա կամուրջ կառուցել, քանի որ Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցումից հետո Թալին-Երեւան մայրուղին 5 կիլոմետրով հեռացել է իրենցից: Սա հարց է, որը պատկան մարմինները պարտավոր են լուծել` հարկատուներից ստացած աշխատավարձի շրջանակում, բայց արդեն մոտ երկու տարի չեն լուծում:

Թալինի ճանապարհը փակող գյուղացիներն ասում են, որ դիմել են ՏԿԵՆ, ճանապարհային դեպարտամենտին, բայց ոչ մի պատասխան չեն ստացել։ Ո՞րն է պատճառը, որ չեք լուծում այս մարդկանց հարցը, մի վերգետնյա կամուրջ չեք կառուցում այս գյուղերի համար: Ճանապարհային դեպարտամենտից գրավոր պատասխան ստացանք. «Ճանապարհի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը‚ ներառյալ բնակավայրերին հասանելիության ապահովման համար հիմնական ճանապարհի վրա նախատեսված հանգույցների տեղադիրքերը‚ մանրամասն քննարկվել են տեղական ինքնակառավարման մարմիններում‚ մինչ ճանապարհի կառուցումը նախագիծը ստացել է հաստատում համայնքների կողմից։ Վերին Բազմաբերդ‚ Ներքին Սասնաշեն‚ Վերին Սասնաշեն‚ Կաթնաղբյուր‚ Դավթաշեն բնակավայրերի բնակիչների համար հիմնական ճանապարհի վրա նախատեսված է 1 խոշոր հանգույց (Դավթաշենի հանգույց) ճանապարհի 60-րդ կմ-ում‚ որը մեծամասամբ կառուցված է եւ գտնվում է բնակիչների կողմից պահանջվող նոր հանգույցի տեղամասից մոտ 2 կմ հեռավորության վրա»։

Խեղճ գյուղացիներ՝ լսել ենք, քննարկել ենք, նախատեսել ենք: Իսկ իրենց ուզած ճանապարհը չկա ու չի լինի:

Մի խոսքով, ամբողջ երկիրը մի մեծ փոս է դարձել, որից չենք կարողանում դուրս գալ: Ճանապարհ փակելն էլ չի փրկում: Ոստիկանը գալիս է, ծեծում է, բացում են:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031