Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան շատ է ուշացել: Բացառվում է, որ Փաշինյանը մինչեւ վերջ շրջադարձ անի դեպի Ռուսաստան. Վարդան Հակոբյան. «Հրապարակ»

Հուլիս 25,2024 11:03

Տարածաշրջանի զարգացումներին կողքից հետեւողի դերում հայտնված ռուսական կողմն ԱԳՆ խոսնակ Զախարովայի միջոցով երեկ հայտարարեց, թե Մոսկվան պատրաստ է բանակցային հարթակ լինել Հայաստանի ու Ադրբեջանի համար։

ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Վարդան Հակոբյանը «Հրապարակ»-ին ասում է՝ Ադրբեջանը, որի խորքային շահերից չի բխում մոսկովյան հարթակի վերակենդանացումը, կողմ արտահայտվելով դրան, քաջ գիտակցում է, որ Նիկոլ Փաշինյանն ամբողջովին տրվել է արեւմտյան պլատֆորմին ու եթե անգամ ինչ-որ հայտարարություններ անի, միեւնույն է, իրականում չի կարող հայացքն ուղղել դեպի հյուսիս, ուստի ասում է, որ ինքն ընդունում է Մոսկվայի առաջարկը։ «Ադրբեջանը հասկանում է, որ ռուսները չեն փակել արցախահայերի՝ Արցախ վերադարձի հարցը, եւ վախենում է, որ Ռուսաստանը նորից կպնդի Հարավային Կովկասում անմիջական գործոն լինելու դերակատարումը։ Ադրբեջանը գիտի, որ Հայաստանը մինչեւ վերջ շրջադարձ չի անի։ ՆԱՏՕ-ն եւ եվրոպական կողմն արագացնում են գործընթացները եւ այլ շանս չեն թողնում»,- ասում է Հակոբյանն ու նկատում՝ այն գործընթացներով, որոնց հիմա ականատես ենք Հայաստանում, ժամանակին Ուկրաինան է անցել՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի խոստումներից մինչեւ Պենտագոնի ներկայացուցչի մուտքը պաշտպանության նախարարություն։
«Բացառվում է, որ Փաշինյանը մինչեւ վերջ շրջադարձ անի դեպի Ռուսաստան։ Գուցե լինեն հայտարարություններ, բայց դրանք կեղծ մանեւրներ են լինելու։ Դեռ, այսպես կոչված, միջանցքի հարց կա, իսկ նա իր վրա է վերցրել այն բացելու առաքելությունը։ ՆԱՏՕ-ն իրեն է տեսնում այնտեղ, Էրդողանը հայտարարում է, որ միջանցք լինելու է, իսկ Ադրբեջանը հույս ունի ավելին շահել այս գործընթացներից ու դրա համար է ակտիվացրել, այսպես կոչված, Արեւմտյան Ադրբեջանի մասին հայտարարությունները»,- բացատրում է մեր զրուցակիցը։

Մոսկվայի առաջարկ-հայտարարությունը Վարդան Հակոբյանը «ճարահատյալ» բառով է բնութագրում։ «Նրանք փորձում են այնպես անել, որ այդ միջանցքը գոնե իրենցով լինի, դրա համար են Սյունիքում հյուպատոսություն բացում, բայց Մոսկվան շատ է ուշացել։ ՔՊ-ն, իշխանության գալով, հենց այդ խնդիրն ուներ իր առջեւ՝ տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին»,- վստահ է արտակարգ դեսպանորդը, ում բնորոշմամբ՝ Հայաստանի ազգային պետական շահն այսօր դարձել է ԵՄ-ի հետ վիզաների ռեժիմի ազատականացումը, բայց թե ինչ է լինում դրանից հետո, վրացական ու ուկրաինական փորձն է ցույց տվել։

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031