Tert.am-ը գրավոր հարցումով դիմել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանին՝ տրամադրելու տեղեկություն արդյոք հունիսի 12-ին ցուցարարների դեմ կիրառվել է «Զարյա 3» արգելված միջոցը: Սակայն նախարարությունից նշել էին, որ տեղեկությունը պարզելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ ուսումնասիրություն և կպատասխանեն 30-օրյա ժամկետում, իսկ դրանից հետո պատասխանել էին, որ դիմենք Քննչական կոմիտե, քանի որ դեպքերի առնչությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ:
Երեկ Tert.am-ը ստացել է Քննչական կոմիտեի պատասխանը, որտեղ կրկին նշված չէ՝ ի վերջո ի՞նչ հատուկ միջոց է կիրառվել ցուցարարների դեմ հունիսի 12-ին:
Քննչականից լրատվականի գրավոր հարցմանն ի պատասխան նշել են, որ հունիսի 12-ի դեպքերի առնչությամբ հարուցվել է 2 քրեական վարույթ, որոնք միացվել են մեկ վարույթում:
Հիշյալ քրեական վարույթով հանրային քրեական հետապնդում հարուցվել է 17 անձի նկատմամբ: Հատկանշական է, որ Քննչական կոմիտեի հիշատակած 17 անձինք էլ ցուցարարներ են:
Կարդացեք նաև
Հատկանշական է, որ իրավապահ մարմինները չեն հերքում, որ կիրառվել է «Զարյա 3» տեսակի լուսաձայնային նռնակ, իսկ այդ ընթացքում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունիսի 12-ի դեպքերից հետո հունիսի 26-ին նոր որոշում է ընդունել՝ կարգավորելով մինչ այս արգելված «Զայրա 3» տեսակի լուսաձայնային նռնակների կիրառման կանոնները հավաքների ժամանակ՝ այդպիսով թույլատրելի դարձնելով այն:
Ուշագրավ է նաև, որ արդեն հուլիսի 12-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն է փոփոխություններ կատարել այս տարի մայիսի 16-ին ընդունված ՀՀ ՆԳՆ-ի կողմից գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը հաստատելու մասին ՆԳ նախարարի թիվ 48-Լ հրամանի մեջ ու ՀՀ ՆԳՆ-ում հատուկ միջոցների առկայության, դրանց տեսակի ու քանակի մասին տեղեկությունը դարձրել գաղտնի: